Թրամփը կշարունակի՞ ֆինանսավորել քաղհասարակությանը

Թրամփը կշարունակի՞ ֆինանսավորել քաղհասարակությանը

«ԱՄՆ Կոլումբիայի շրջանի դաշնային դատարանը պարտավորեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին ժամանակավորապես վերականգնել ԱՄՆ կողմից այլ երկրներին տրամադրվող ֆինանսական օգնությունը, տեղեկանում ենք դատարանի էլեկտրոնային տեղեկատվական բազայում տեղ գտած փաստաթղթից»։ Այս մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները:

Համաձայն ֆեդերալ դատավոր Ամիր Ալիի, նախագահ Թրամփի վարչակազմը դեռեւս սպառիչ պատասխան չի ներկայացրել, թե ինչու պետք է դադարեցնել Կոնգրեսի կողմից հաստատված արտասահմանյան օգնությունը։ Համաձայն դատարանի որոշման, մինչեւ այս հարցով դատական քննության ավարտը Միացյալ Նահանգների իշխանությունները պետք է չեղարկեն օգնության տրամադրման արգելքը, որպեսզի չմեծացնեն արդեն իսկ պատճառած վնասի չափերը։ Խոսքը ամերիկյան կազմակերպությունների եւ ընկերությունների մասին է, որոնք ահռելի վնասներ են կրել այդ արգելքի պատճառով։ Դատական հայցն՝ ընդդեմ Թրամփի վարչակազմի, ներկայացվել էր հենց այդ կազմակերպությունների եւ ընկերությունների կողմից։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցից «Հրապարակը» հետաքրքրվեց՝ այս առումով կա՞ որևէ փոփոխություն: Միացյալ Նահանգները իսկապե՞ս շարունակելու է տրամադրել ֆինանսական միջոցներ հայաստանյան ՀԿ-ներին, թե՞ ոչ: Կարապետյանցը մեզ հետ զրույցում ասաց.

«Դատավորներից մեկը նախագահ Թրամփի որոշումն իսկապես չեղարկել է, այն այլևս օրենքի ուժ ունի: Բայց այս պահի դրությամբ ամեն բան անկանխատեսելի է: Դեռ ոչինչ պարզ չէ: Դոնորներն այսքան արագ չեն կարող արձագանքել, քանի որ նրանք էլ լավ վիճակում չեն, լուծարումներ են արվել, առգրավումներ են եղել և այլն: Միշտ էլ քանդելը շատ ավելի հեշտ է լինում, քան կառուցելն ու վերականգնելը», - ասաց իրավապաշտպանը: