Նշածս մարդկանց պատասխանը ո՞վ է տալու․ Տիգրան Աբրահամյան

Նշածս մարդկանց պատասխանը ո՞վ է տալու․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խայտառակ պարտությունն ամբողջությամբ զինվորականների, հավաքական առումով՝ բանակի վրա բարդելու, զինվորականին նվաստացնելու գործընթացն սկսվեց այն օրվանից, երբ Փաշինյանն իրեն փրկելու համար դեռ այն ժամանակվա պաշտպանության նախարար Տոնոյանին Հ1 հարցազրույցի ուղարկեց, այն ժամանակվա ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի համար իշխանությանը պատկանող թերթով մեկնաբանություն «կազմակերպեց», օրեր անց էլ՝ ԳՇ պետի այդ ժամանակվա առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին՝ մամուլի ասուլիս ճամփեց։

Համոզված եմ, որ հետագայում 3-ն էլ արագ հասկացան, թե ինչ գին ունեն իշխանության համար և ինչ գին են վճարելու իրենց կյանքում։

Ինձ այլ բան է անհանգստացնում։ Այն զինվորականները՝ սպաները, պայմանագրայինները, ժամկետայինները կամ պահեստազորայիններն ու կամավորականները, ովքեր մինչև վերջ կանգնել են, խնդիր են լուծել, ընկեր են կորցրել, հիմա էլ Հայաստանի և Արցախի սահմաներն են պահում։

Էդ որ Նիկոլից սկսած՝ տարբեր կալիբրի, տարբեր նշանակության և տարբեր գնային դասակարգման գործիքները հայտարարում են, որ ամեն ինչում բանակն է մեղավոր, բանակ չկա, բանակը պարտվեց... նշածս մարդկանց պատասխանը ո՞վ է տալու։

Դուք խիղճ, բարոյականություն ունե՞ք, մի՞թե փողը, քաղաքականությունն ու պաշտոնը բոլորիդ կուրացրել է։ Բա ովքե՞ր են հիմա սահմանին, ովքեր են այս համատարած կեղծիքի, վշտի, անտարբերության պայմաններում ծառայում երկրին, ժողովրդին։

Մեղավորներին, պատասխանատուներին, փախնողներին մի կողմ դնենք՝ բա մյուսնե՞րը։
Էն մեր ազնիվ զինվորականները՝ շարքայինից գեներալ, նրանք ովքեր ամեն ինչ արեցին, որպեսզի պատերազմն այսպիսի ավարտ չունենա, ինչո՞վ են վաստակել ձեր նման վերաբերմունքը։
Բանակն ինտրիգներից հեռու պահեք, մի՛ մտեք այդ դաշտ։ Մենք դեռ ամբողջությամբ չգիտենք, թե ո՞վ, ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով մեզ այս կետին հասցրեց և պատասխանատվության ի՞նչ բաժին ունի։

Իհարկե, այս ասածս իշխող ուժին և նրա ղեկավարին չի վերաբերում, սրանց մասով ամեն ինչ պարզ է, խնդիրը այլ հարթության մեջ է, որի մանրամասներն այս իշխանության օրոք ամբողջությամբ չենք էլ իմանա»: