Դավաճան ասելով՝ մենք մեզ վարկաբեկում ենք

Դավաճան ասելով՝ մենք մեզ վարկաբեկում ենք

Հրետանավոր, սերժանտ Արթուր Չոփիկյանը թողել էր զինվորական ծառայությունը, երբ սկսվեց պատերազմը: ՄՈԲ-ով մեկնեց ռազմաճակատ: Ջաբրաիլում, թշնամու բայրաքթարների դեմ կռվեց ավտոմատով ու թեժ մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվեց: Նախկին սպան թեեւ վիրահատվել է՝ հաշմանդամություն է ձեռք բերել, հիմա դռնեդուռ է ընկել, որ հաշմանդամության կարգ տան՝ չի հաջողվում: «Բայց դա չէ ինձ անհանգստացնում. ինձ անհանգստացնում է մեր պառակտվածությունը, որ պատերազմի պարտության պատճառ դարձավ»,- ասում է: 
Արթուրը, շատերի պես, անակնկալի է եկել՝ ռազմի դաշտում անտեր մնացած զորքերի հանդիպելով: Հրամանատարներ չեն եղել, իսկ եթե եղել են, ապա ռազմական գործին այնքան անտեղյակ, ինչպիսին իրենցն էր: «Մեր հրամանատարը հրշեջ ծառայության սպա էր, տեղանքին անծանոթ. ոչ մի բան չգիտեր, նույնիսկ զենքին ծանոթ չէր…»։

Հրետանավորը պնդում է, որ պարտության հասցեատերը ոչ թե զինվորն է, այլ՝ ղեկավարությունը: Պատերազմի առաջին իսկ օրերից ինքը տեսել է, թե ինչպես է զինվորն անձնուրաց կռվում, մնալով անտեր՝ փորձում նույնիսկ մարտ վարել: «Անձամբ տեսել եմ, թե ոնց էին պայքարում իրենց հող ու ջրի համար: Նրանց հրամանատարները փախել էին, իսկ իրենք՝ տեղանքին անծանոթ, կռվում էին: Նույնիսկ չգիտեին, թե որ ուղղությամբ կրակեն, մարտը ոնց վարեն: Թշնամու դեմ մենակ էին մնացել, բայց մարտադաշտը լքելու մասին չէին էլ մտածում: Նույնիսկ խրամատ չկար, որ թաքնվեին, բայց չէին փախնում»:

Նախկին զինվորականը, որ նաեւ քառօրյա պատերազմին է մասնակցել, հաստատում է՝ մենք ե՛ւ մարտունակ բանակ ունենք, ե՛ւ՝ սպառազեն: Բայց, ըստ նրա, որոշ արտաքին ուժեր թույլ չտվեցին, որ կռվենք: «Մեր զենքը 80 տոկոս չի կրակել: Ռուսը «Իսկանդերն» էլ «բլակիրովկա» էր գցել, դրա համար, Նիկոլի ասած՝ 10 տոկոսով կրակեց»:

Պարտության արմատները շատ խորն են՝ կարծում է նախկին զինվորականը: Ըստ նրա՝ դա լինելու էր, ով էլ որ լիներ երկրի ղեկավարը: Նրան զայրացնում է դավաճանի փնտրտուքը: Վիրավորվում է, երբ այդ բառը վերագրում են հային: «Ամոթ է, որ դավաճաններ ենք փնտրում: Թուրքի պատմության մեջ «դավաճան» բառը լսած կա՞ք… Չի բացառվում, որ լինեն, բայց իրենք այդ մասին չեն բարձրաձայնում: Իսկ մենք անընդհատ խոսում ենք՝ չգիտակցելով, թե ոնց ենք վարկաբեկում մեր խելացի ու պատվախնդիր ազգը»: 

Հային պառակտելը, սեւերի ու սպիտակների բաժանելը, Արթուր Չոփիկյանի կարծիքով, դիտավորություն է: «Ատելությունն այնքան են խորացրել, որ կանայք տղամարդուց վատ բառապաշարով հայհոյում են իրար: Մենք այդպիսին չենք եղել, մեզ այդպիսին դարձրել են: Սրա մեջ թաքնված վտանգ կա, որի հետեւանքը տեսանք: Բայց ես ու իմ նման բազմաթիվ հայրենասերներ չենք պատրաստվում կուլ տալ «պարտություն» կոչված այս անարգանքը: Պայքարի ձեւեր ենք գտնելու, որ եղած մի կտոր հողն էլ ձեռքներիցս չտանեն»:

Իսկ մինչ այդ, Արթուր Չոփիկյանը հաշմանդամության կարգ ստանալու մի քանի փորձ էլ կանի: Եթե նորից բախվի բյուրոկրատական քաշքշուկներին, կնահանջի: Ինքը վիրավորվել է հայրենիքը պաշտպանելիս ու պատրաստ է նորից զենք վերցնել՝ անկախ պետության վերաբերմունքից: