«Աչքը կուշտ»

«Աչքը կուշտ»

Վանաձորի պետական համալսարանի նորընտիր ռեկտոր Ռուստամ Սահակյանը «նոր» համալսարան կառուցելու «շինմոնտաժային» աշխատանքները սկսեց «հին» համալսարան ոտք դնելու առաջին օրերից: Արագ «ապամոնտաժվեցին» բուհի շուրջ 80 աշխատակիցներ: Համալսարանի բյուջեն թոթափվեց վերջիններիս «ավելորդ» ծանրությունից, չնայած անձամբ ռեկտորին բյուջեի պարունակությունը չէր մտահոգում. նա աչքը կուշտ մարդ էր: Սա ե՛ս չեմ ասում, այլ ի՛նքն է  գիտխորհրդի, հոգաբարձուների խորհրդի նիստերում հայտարարել քանիցս. ֆինանսապես ապահովված է, բիզնեսներ ունի, ասել է թե` բյուջեի նկատմամբ որևէ անառողջ հետաքրքրություն չունի: Բայց աչքը կուշտ մեր գործարարը, արի ու տես, ամիսը լրացած-չլրացած կրկնապատկեց…  իր աշխատավարձը: 

Նրան ուղղված հարցերից մեկը վերաբերում էր հենց դրան: 

Հարց: Որպես Վանաձորի պետական համալսարանի ղեկավար Ձեր պաշտոնավարումը նշանավորվել է ռեկտորի աշխատավարձի կտրուկ բարձրացմամբ, ըստ մեզ հասած տեղեկությունների` գրեթե կրկնակի: Դուք ռեկտորի պաշտոնն ստանձնել եք ս/թ ապրիլի սկզբից, արտակարգ դրության պայմաններում: Ասել է թե` սկսել եք աշխատել բնականոն ռեժիմով չաշխատող հաստատությունում, ուրեմն՝ ինչի՞ց ելնելով եք որոշել Ձեր աշխատանքային ծանրաբեռնվածության չափը և բարձրացրել աշխատավարձը. որո՞նք են հիմնավորումները, դրանք ներկայացրե՞լ եք համապատասխան ֆինանսական հանձնաժողովին: 

Դարձյալ, ինչպես նախորդ դեպքում, «չընկալելով» հարցի բարոյական ենթատեքստը, ռեկտորը մեզ ուղարկված պատասխանում երկար-մանրակրկիտ վկայակոչում է օրենսդրական ինչ-որ փաստաթղթեր, ներքին իրավական ակտեր` ցույց տալու համար, թե, բա գիտեք, ամեն ինչ կատարվել է  օրինականության սահմաններում: Այսինքն` նա հաստատում է իր աշխատավարձն էականորեն բարձրացնելու լուրերը` առանց մի բառով անդրադառնալու, թե ինչո՛ւ էր այդ բարձրացումն անհրաժեշտ ուսումնական բնականոն գործունեություն չծավալող բուհում: 
Բայց, ինչպես հետո կպարզվի, մեր հարցն իր մեջ որոշակի սադրանք է պարունակել՝ ակամա: Ռեկտորի պաշտոնական պատասխանում հղում կա ֆինանսատնտեսական հանձնաժողովին, որի որոշման հիման վրա բարձրացել է նրա աշխատավարձը: Սակայն խնդիրն այն է, որ այդ հանձնաժողովը ռեկտորին առընթեր խորհրդատվական մարմին է, և հենց շահերի բախմամբ պայմանավորված`  կասկածելի իրավասություն ունի ռեկտորի աշխատավարձ բարձրացնելու վերաբերյալ որոշում կայացնելու:

Միայն այն հանգամանքը, որ հանձնաժողովի կազմը  ձևավորվում-փոփոխվում-հաստատվում է ռեկտորի հրամանով, շահերի բախումն ակնհայտ է: Շահերի բախումը դառնում է բացարձակ ակներև, երբ պարզում ենք, որ այդ հանձնաժողովի նախագահը, ըստ համապատասխան կանոնակարգի, հենց ինքն է՝ ռեկտորը: Հիմա պատկերացրեք իրավիճակ, որ տրագիկոմեդիա է հիշեցնում. հանձնաժողովը նիստ է անում, նրա նախագահը «զեկուցում» է խնդրի մասին և առաջարկում կրկնապատկել… իր իսկ աշխատավարձը: Հետաքրքիր է իմանալ, թե հանձնաժողովից ո՛վ է հիմնավորել ռեկտորի աշխատավարձը կրկնակի բարձրացնելու պետական անհրաժեշտությունը… Բայց հանձնաժողովը, «բնականաբար», դեմ չէ… Որոշումն ընդունված է… Եվ այդ «ինքն-որոշումը» հետո ներկայացվում է հոգաբարձուների խորհրդի նախագահին: 
Ըստ մեզ ուղարկված պատասխանի` ռեկտորի հետ ավելի վաղ կնքված աշխատանքային պայմանագրում աշխատավարձի մասով փոփոխությունը կատարվել է ս/թ հունիսի 1-ին, հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ միանձնյա՝ վերոնշյալ հանձնաժողովի խորհրդատվական բնույթ ունեցող որոշման հիման վրա:  

 (Փակագծերում նշեմ, որ ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Դիանա Տեր-Ստեփանյանը կոռուպցիայի դեմ պայքարի գծով խորացած մասնագետ է` Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետազոտությունների համակարգողը, և դա խորհրդանշական է: Նրան այս պարագայում ևս կոչ ենք անում «հետազոտության», մասնավորապես` արդյո՞ք կոռուպցիոն ռիսկեր ենթադրող հակասություններ չկան ֆինանսատնտեսական հանձնաժողովի մասին ՎՊՀ կանոնակարգի և Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի հոդված 30 կետ 1.1-ի միջև): 

Դառնանք որոշմանը: Հիմնադրամների մասին ՀՀ օրենքում ամրագրված է, որ հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, տնօրինում է հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող  մարմինը, տվյալ դեպքում` հոգաբարձուների խորհուրդը, իսկ դա նշանակում է՝ տնօրինում է, այնուամենայնիվ, ոչ խորհրդի նախագահը` միանձնյա կերպով: Եվ եթե ՎՊՀ կանոնադրության 45 կետով սահմանված է, որ «հոգաբարձուների խորհրդի նախագահը ՎՊՀ-ի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր ռեկտորի հետ», դրանից ամենևին չի ենթադրվում հոգաբարձուների խորհրդի բացարձակ անտեղյակությունը: Ընդհակառակը` «ՎՊՀ-ի անունից»-ը հենց նշում է տեղյակ և համաձայն լինելու պարտադիրությունը:

Իսկ ՎՊՀ հոգաբարձուների խորհուրդն արդյո՞ք տեղյակ է նշված  հանձնաժողովի որոշումից և դրան հետևած պայմանագրի փոփոխությունից: Հազիվ թե: Որովհետև տեղյակ լինելու պարագայում խորհրդի կազմում հաստատ կգտնվեին մարդիկ, որոնք նույն հարցերը կտային, ինչ վերևում` մենք: 
Հավելենք նաև, որ ֆինանսատնտեսական հանձնաժողովի որոշումն աննախադեպության այնպիսի հատկանիշ ունի, որ ուղղակի պարտադրում է` ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն անպայման պետք է ստանար խորհրդի համաձայնությունը, ընդ որում` որոշման աննախադեպությամբ պայմանավորված՝ խորհրդի նիստ հրավիրելով: Սակայն նման բան տեղի չի ունեցել, համենայն դեպս չկա (նաև բուհի պաշտոնական կայքում) այդպիսի նիստ հրավիրելու վերաբերյալ պաշտոնական որևէ հայտարարություն: Ուրեմն` իրավական հարց է ծագում (բարոյականն այս անգամ էլ ենք թողնում մի կողմ). ինչի՞ հիման վրա է բարձրացել ՎՊՀ ռեկտորի աշխատավարձը, արդյո՞ք այդ ամենն օրինական է: 

Բայց մենք մի անգամ էլ «մտնենք» «նոր» համալսարան:
Քանի որ ենթադրվում էր, որ սեփական աշխատավարձը կրկնակի բարձրացրած նոր պաշտոնյան զուտ օբյեկտիվ (որ այս դեպքում նշանակում է` ազնիվ) լինելու համար պիտի նույնն արած լիներ նաև գործընկերների համար, մենք նրան ուղղել էինք մյուս հարցը:

Հարց: Նույն տրամաբանությամբ (ինչ Ձեր զբաղեցրած պաշտոնի դեպքում է) միաժամանակ բարձրացե՞լ են Ձեր գործընկերների (երկու պրոռեկտորների, ուսումնական վարչության պետի և այլոց) աշխատավարձերը: Եթե` ոչ, ինչո՞ւ: Չէ՞ որ ավելի շատ նրանց ուսերին է եղել կրթական գործընթացի կազմակերպման ծանրությունը, քան Ձեր:
Այս հարցի պատասխանը ևս, ավաղ, երևան չի բերում բարոյական կայուն պատկերացումների տեր պաշտոնյայի` հանձին ՎՊՀ ռեկտորի: 

Հունիսի 1-ին կնքված և իրավական առումով վիճելի պայմանագրով կրկնապատկելով իր աշխատավարձը՝ ՎՊՀ ռեկտորն իր վերը նշված գործընկերների մասին (որոնց ուսերին էր, հիշեցնենք, արտակարգ դրության պայմաններում կրթական գործընթացը շարունակելու ամբողջ բեռն ու պատասխանատվությունը) «հիշում է» աշխատավարձի «ինքնաբարձրացումից» (ինչ կատարյալ է հայոց լեզուն)  ամիսուկես անց միայն` ս/թ հուլիսի 17-ին, երբ բարեհաճում է որոշ չափով բարձրացնել նաև նրանց աշխատավարձերը: Բայց բարձրացնում է փաստորեն ոչ թե համաժամանակյա, այլ` աշխատավարձերի ընդհանուր, համաբուհական բարձրացումների համատեքստում, այսինքն` ոչ այնպես, ինչպես իրենը` առանձին և կրկնապատկելով:
Հետևաբար, դուրս է գալիս, որ 2019-20 ուսումնական տարվա առնվազն մայիս-հունիս ծանր ամիսներին ՎՊՀ-ում ջանացել ու քրտնամխած աշխատել է միայն նորեկ ռեկտոր Ռուստամ Սահակյանը:
Հալալ է իրեն:
(շարունակելի)