Զոմբիների գոյությունն ընդգծում է բանականության արժեքը

Զոմբիների գոյությունն ընդգծում է բանականության արժեքը

Արարատ Միրզոյանը եւ, ընդհանրապես, մյուս ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի զոմբիներն են, Արարատ Միզոյանն ընդգծված զոմբի է: Ինչով են զոմբիները տարբերվում բանական մարդկանցից: Զոմբին չունի սեփական, ինքնուրույն գիտակցություն, իր շրջապատում եւ անգամ իր հետ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ սեփական ընկալում, նա առաջնորդվում է եւ կատարում է տիրոջ հրամանները, զոմբին ամբողջապես հնազանդվում է տիրոջը: Միրզոյանը դասական իմաստով զոմբի է, քանի որ անցյալի, ներկայի եւ ապագայի նրա ընկալումներն ամբողջապես հրահանգավորվում եւ համաձայնեցվում են Փաշինյանի հետ:

Փաշինյանն իր կողմից Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունների համար ունի արդարացում. իբրեւ թե ուզում է փրկել հայ ժողովրդին, կերտել իրական Հայաստան, որը տարբերվելու է մինչ այժմ գործող Հայաստանից, որն իրական չէր, երեւի մտացածին էր: Ընդհանրապես, ցանկացած հանցագործ, անգամ մանկապիղծ ու մանկասպան, իր մեջ կարող է մոգոնել մի արդարացում իր կատարած հանցագործության համար: Փաշինյանը բացառություն չէ, մարդը չի կարող ինքն իրեն հանցագործ ընկալել, դրա համար են ասում, որ բանտերում որեւէ մեկն իրեն մեղավոր չի ճանաչում՝ իրեն վերագրվող հանցանքներում: Փաշինյանն իր կողմից իրականացվող Հայաստանի թուրքահպատակեցման քաղաքականության արդարացման համար մի հեքիաթ է հորինել. ինքը չի ուզում, որ Հայաստանը գուբերնիա` Ռուսաստանին ենթակա տարածք դառնա, դրա համար հնազանդորեն կատարում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հրահանգները, Հայաստանը վիլայեթացնում է: Ի դեպ, վերջերս ես Փաշինյանի հետ ոչ հաճախ շփվող, բայց նրա կողմից զոմբիացված մի անձի ուղիղ հարց տվեցի` կուզեիր Հայաստանը թուրքական վիլայե՞թ դառնար, թե՞ ռուսական գուբերնիա: Նա սկսեց ասել, որ նման բան հնարավոր չէ, որ այդ երկընտրանքը կեղծ է, բաց երբ պնդեցի, որ եթե, այնուամենայնիվ, նման երկընտրանքի առաջ լիներ, որ տարբերակը կընտրեր, նա խոստովանեց, որ թուրքական տիրապետությունն իր համար ավելի նախընտրելի է, քան ռուսականը: Փաշինյանը, իբրեւ թե մերժելով Հայաստանի՝ գուբերնիա դառնալու գաղափարը, վերացնում է մեր երկրի ինքնիշխանությունը՝ այն վերածելով թուրքական տիրապետության տարածքի:

Հիմա վերադառնանք Փաշինյանի զոմբիներին եւ հատկապես` Արարատ Միզոյանին: Ազգային ժողովում նա, դիմելով ՀՅԴ անդամ պատգամավորին, ասում է. «Ձեր տեսլականը հետեւյալն ա` Հայաստանի Հանրապետությունն անկախ, ինքնիշխան պետք է գոյություն չունենա, պիտի լինի գուբերնիա, ինչը մի անգամ արդեն արել եք 100 տարի առաջ, նորից ուզում եք նույնն անել»: Սա մաքուր նիկոլական նարատիվ է. իրենք իբրեւ թե պայքարում են Հայաստանի՝ ռուսական գուբերնիա դառնալու դեմ:

100 տարի առաջվա դեպքերի եւ ներկայիս իրադարձությունների միջեւ հավասարության նշան դնելն էլ անգրագիտություն է, ՀՅԴ-ի եւ ՔՊ-ի արածի միջեւ ընդհանրություն տեսնելը` նույնպես: Նախ՝ Դաշնակցությունն իր ստեղծման պահից պայքարել է Հայաստանի ազատագրման համար, եւ 1890 թվականից մինչեւ 1918 թվականը Հայաստանի ազատագրության գործին իրենց կյանքն են զոհաբերել հարյուրավոր եւ հազարավոր դաշնակցականներ: 1918 թվականին Հայաստանի Հանրապետության ծնունդը մեծ չափով ՀՅԴ-ի գործունեության եւ պայքարի արդյունքն էր: ՔՊ-ն ոչ միայն Հայաստանի Հանրապետության ծննդի հետ կապ չունի, ընդհակառակը՝ ժառանգություն ստանալով հաղթանակած եւ կայացած երկիր, իր գործունեության արդյունքում Հայաստանը դարձրել է թույլ եւ անպաշտպան, մի երկիր, որն ամեն պահ սարսափով է սպասում հակառակորդի հարձակմանը, անպաշտպան` դիմակայելու դրան: Ինչ վերաբերում է 1920 թվականին իշխանությունը կորցնելուն եւ Հայաստանի Հանրապետության մի հատվածի կորստին, այո` ՀՅԴ-ին գուցե կարելի է մեղադրել ոչ այնքան ճկուն արտաքին քաղաքականություն վարելու մեջ, բայց ո՛չ դավաճանության: Չմոռանանք, որ 1920 թվականին Հայաստանը չպարտվեց Ադրբեջանին, այլ միաժամանակ հարձակման ենթարկվեց երկու անհամեմատ ավելի ուժեղ երկրների, սկզբում՝ Թուրքիայի, հետո՝ նաեւ Ռուսաստանի կողմից: 

Երբ ՀՅԴ-ական պատգամավորն ասում է, որ ՔՊ-ի իշխանության տարիներին են եղել խայտառակ պարտությունը եւ կապիտուլյացիան, զոմբի Միրզոյանն արձագանքում է. «88 թվին եղել է երկրաշարժ` դա պետք է վերագրեք այն մարդո՞ւն…»: Նա չի շարունակում իր խոսքը, բայց հասկացվում է, որ ուզում է ասել, թե ՔՊ-ն ի՞նչ մեղք ունի, որ իրենց օրոք է Հայաստանը պարտվել, այդ նույն տրամաբանությամբ 88 թվականի երկրաշարժի համար էլ պատասխանատու պետք է հռչակվեն Խորհրդային Հայաստանի կամ ԽՍՀՄ իշխանությունները: Չի շարունակում խոսքը՝ երեւի զգալով, որ այն չափազանց անհեթեթ կհնչի, որ, ի տարբերություն իրեն եւ դահլիճում նստած ՔՊ-ական զոմբիների, կան նաեւ բանական մարդիկ, ովքեր տարբերություն կտեսնեն բնական աղետի եւ զոմբիների կազմակերպած արհավիրքի միջեւ, ուստի արագ վերադառնում է Նիկոլ Փաշինյանի կողմից իրեն տրված եւ իր կողմից անգիր արված տեքստին, զոմբիի առոգանությամբ եւ համոզվածությամբ արտասանում է. «Ես համոզված եմ, որ այն արհավիրքը, որը տեղի ա ունեցել, դրա սերմերը ցանվել են ամենասկզբում, դա բետոնվել ա, ցեմենտվել ա էն քաղաքականության շնորհիվ, որը վարվել ա ձեր օրոք կամ ձերոնց օրոք»: 

Ես էլ եմ համոզված, որ բանականությունը հաղթելու է զոմբիությանը: Նայեք ցանկացած ամերիկյան ֆիլմ եւ կտեսնեք, որ, ի վերջո, զոմբիները, որքան էլ բազմամարդ եւ սարսափելի լինեն, վերադառնում են գերեզմաններ` մարդկությանն ազատելով իրենց մահաբեր ներկայությունից: Ամերիկյան սցենարիստներն այդպես են ավարտում իրենց նկարած ֆիլմերը, տեսնենք` մեր «ֆիլմն» ինչպես է ավարտվելու: