Լեւոն Երանոսյանին առեւանգելու դեպքով քրեական գործ չհարուցելու որոշում է կայացվել

Լեւոն Երանոսյանին առեւանգելու դեպքով քրեական գործ չհարուցելու որոշում է կայացվել

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին Արցախ մեկնելիս առևանգելու դեպքի վերաբերյալ արված հայտարարությունները գլխավոր դատախազությունը  ուղարկել էր ՀՀ ՀՔԾ՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու: 

Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին, որ կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու որոշում․ «ՀՔԾ-ում Լեւոն Երանոսյանին առևանգելու հայտարարությունների մասով նյութերի նախապատրաստմամբ կայացվել էր ՀՀ ոստիկանության ծառայողների արարքներում հանցակազի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու որոշում, քանի որ նյութերի նախապատրաստմամբ պարզվել էր, որ ոստիկանները Լ. Երանոսյանին ԱՀ ոստիկանություն ներկայացրել են նշված իրավապահ մարմնից ստացված համապատասխան գրության հիման վրա: Այդ որոշման դեմ, ըստ մեզ մոտ առկա տվյալների, բողոք չի ստացվել»։

Ավելի վաղ, Լեւոն Երանոսյանը մեզ հետ զրույցում մանրամասներ էր հայտնել իր առեւանգումից, նա, մասնավորապես, ասել էր․ «Երեկոյան, երբ Երևանից դուրս էինք գալիս արդեն, ոստիկանության հատուկ վաշտը՝ շքախմբով, դիմակավորված, զինված, հարձակվեց իմ վրա ու տարավ։ Ես ընկա շոկի մեջ, հարցրի՝ ի՞նչ է կատարվում։ Դե, իրենք ինձ ճանաչում են, բայց մասկեքը քաշած էին, հետո տեսա, թե ով էր ղեկավարում էդ միջոցառումը՝ ՊՊԾ գնդի հրամանատարը։

Ես ասացի՝ հանգիստ մնացեք, էդ զենքերն էլ քաշեք։ Նստեցի իրենց մեքենան, 5 հոգի՝ մեքենայի մեջ, 2 մեքենա էլ՝ հետևից, ու գնում ենք։ Մտածեցի՝ կարող է Գորիս են տանում, բայց երբ Գորիսն անցանք, արդեն զգացի, որ տանում են Ղարաբաղ։ Մի խոսքով, հասանք Ղարաբաղ, գնացինք ոստիկանություն, էնտեղից տարան Շուշիի բերդ»։