Ծրագի՞ր է քաղաքական այս աղմուկը․․․

Ծրագի՞ր է քաղաքական այս աղմուկը․․․

Տևական աղմուկին, բարձր ձայներին մարդը երկար չի կարող դիմանալ։ Եթե աղմուկը

գերազանցում է 140 դեցիբելը, մարդը կոնտուզիա է ստանում, 160-ի դեպքում` մեռնում:

Հայտնի է, որ դելֆինները, կետերը ինքնասպան են լինում: Ըստ գիտական ուսումնասիրությունների` ծովի ընդերքում կատարվող պայթյունները, սուզանավերի շարժիչների առաջացրած ձայնային բարձր հաճախականությունը նրանց խլության պատճառ են դառնում, և նրանք, կորցնելով հավասարակշռությունը, դուրս են նետվում ջրից: Թռչունները թռչում-հեռանում են բարձր ձայնից:

Իսկ մենք ի՞նչ գործի ենք։ Քաղաքական այս աղմուկը, թոհուբոհը, անվերջ բռնոցիները, սպառնալիքները, հիմա էլ աղմկոտ մյուս սպասվելիք  գործողությունները մեզ ինչի՞ են տանում։

Գրում եք, թե մարդկանց չեք ճանաչում, անճանաչելի են դարձել իրենց վարքուբարքով՝ գոռում են, անպատվում, հայհոյում։ Չե՞ք մտածում, որ քաղաքական գերհզոր այս աղմուկի մեջ նրանք էլ կորցրել են իրենց հոգեկան հավասարակշռությունը, ուշադրությունը։

Հիմա կասեք՝ խոսքը ձայնային աղմուկի մասին է։ Քաղաքական այս աղմուկը ձայնայինից պակա՞ս է․․․

Քաղաքական այս աղմուկը ծրագի՞ր է․․․ Դրա շուրջ մտածե՞լ եք։ Երբեմն ասում եք՝ մարդիկ անտարբեր, անուշադիր, չար են դարձել։ Չե՞ք մտածում, որ հենց դա է պետք ծրագրի հեղինակներին։ Փոքր ազգերը միասնական են լինում՝ տեսակի պահպանման բնազդով։ Այդ միասնության պառակտման գործընթացի հոտ չի՞ գալիս։  

․․․Հետո, երբ հասկանաք, որ այդ աղմուկը արհեստական է եղել և ոչ մի օրակարգ չի փոխել,  այդ աղմուկի մեջ երկիր եք տանուլ տվել, «գլխներիդ կտաք, ուշ կլինի»։