Ռոնալդուն՝ Կատարը լքելու խոսակցությունների մասին

Ռոնալդուն՝ Կատարը լքելու խոսակցությունների մասին

Կատարում շարունակվում է Աշխարհի 2022 թվականի առաջնությունը։ Վաղը՝ դեկտեմբերի 9-ին, կայանալու են մրցաշարի ¼ եզրափակչի առաջին երկու հանդիպումները։ Արգենտինայի հավաքականը մրցելու է Նիդերլանդների, իսկ Խորվաթիայի հավաքականը Բրազիլիայի ընտրանու հետ։

Ինչպես գրում են մարզական հեղինակավոր պարբերականները աշխարհի ընթացիկ առաջնությունում հերթական սկանդալն է հասունանում՝ այս անգամ Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի անվան շուրջ։

Ըստ տարբեր հրապարակումների՝ Ռոնալդուի ու Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի միջև հարաբերությունները չափից դուրս լարված են։ Ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ խմբային փուլում Հարավային Կորեայի դեմ հանդիպման ժամանակ Սանտուշը որոշել է փոխարինել գերաստղին հանդիպման 65-րդ րոպեին, ինչից հետո Ռոնալդուն մարզչին ասել է, որ սխալ որոշում է կայացնում, իրեն պետք չէ այդքան շուտ փոխարինել։ Սանտուշը ասել է, որ հավաքականում ֆուտբոլիստների խաղաժամանակի հետ կապված ամեն ինչ ինքն է որոշում։ Հատկանշական է, որ Ռոնալդուն 1/8 եզրափակչում՝ Շվեյցարիայի հետ հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանից ու միայն փոխարինման մտավ երկրորդ խաղակեսի վերջնամասում։  

Record-ը պնդում է՝ Ռոնալդուն ցանկացել է անգամ հավաքել իրերն ու հեռանալ Կատարից, սակայն վերջին պահին իրեն հետ է պահել միտքը, որ Պորտուգալիայի հավաքականն իրոք բավականին լավ ֆուտբոլ է խաղում ու ունի բոլոր շանսերը եզրափակչում հայտնվելու, ինչու ոչ նաև աշխարհի չեմպիոն դառնալու։ 1/8 եզրափակչում Պորտուգալիայի հավաքականը, հիշեցնենք, 6-1 հաշվով ջախջախեց Շվեյցարիայի ընտրանուն։

Ռոնալդուն քիչ առաջ թվիթերյան իր էջում անդրադարձել է այս խոսակցություններին։

««Թիմը չափազանց միասնական է, որ դրսի ուժերը կարողանան կոտրել այն։ Ժողովուրդը չափազանց քաջ է, որ թույլ տա մրցակիցը վախեցնի իրեն։ Սա թիմ է այդ բառի ամենաուղիղ իմաստով։ Այս թիմը վստահաբար մինչև վերջ կպայքարի իր երազանքի համար։ Հավատացեք մեզ »,- գրել է ֆուտբոլիստը։