«Հաղթանա՛կ ամենուր եւ ամեն տեղ, ամեն ինչում եւ ամեն ժամ»
Զարմանալի զուգադիպությամբ, վերջերս գործող իշխանության կողմից հակահայկական օրակարգի երկու հարց գեներացվեց: Առաջինը նորություն չէր. դա Արցախը զավթելու, իսկ հետո էլ էթնիկ զտման ենթարկելու՝ Ադրբեջանի «իրավունքի» հերթական զառանցանքն էր: Հաշվի առնելով, որ թշնամի երկրում 24/7 ռեժիմով դիտարկվում է հայաստանյան պաշտոնական խոսույթը, դա կարելի է դիտարկել որպես Բաքվին ուղղված հերթական ստրկական ռեւերանս: Ի դեպ, նման ելույթ կարող էր տեղի ունենալ Բաքվում, բայց ո՛չ Երեւանում, որովհետեւ թշնամուն բնորոշ եւ հարիր ելույթն այստեղ աննորմալ է, անբարոյական ու հակատրամաբանական: Իսկ իշխանության մեջ գտնվող ինչ-որ անձինք հենց ընդդիմությանն են մեղադրում նման վարքագիծ դրսեւորելու մեջ: Դրա մասին բազմիցս է խոսվել, բայց եթե իշխանությունը զավթվել է ծպտված հակահայերի կողմից, ապա նման երեւույթն օրինաչափ է դառնում: Ու հենց ինքն էլ ապացուցում է, որ ՀՀ պետական իշխանությունն իսկապես զավթված է հակահայ տարրերի կողմից:
Անցնենք երկրորդ հարցին, որը բացահայտվեց «Հրապարակ»-ի հրապարակած նորության շնորհիվ: Ըստ այդ հրապարակման, Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծում ընդգրկվել է հետեւայլ թեզը. «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է ԱԺ-ի կամ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց հետո մինչեւ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում եւ անցկացում»:
Հասկանալի է, որ սլաքն ուղղված է Ազգային ժողովի ու որոշակիորեն՝ նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին: Իսկ գաղափարը ծնվել է հենց Երեւանի ավագանու ընտրության փորձառությունից, երբ Նիկոլը քիչ մնաց կորցներ վերահսկողությունը նորընտիր ավագանու վրա: Դե, ԱԺ-ի առումով հարց ընդհանրապես չկա: Եթե հանկարծ պարզվի, որ ՔՊ-ն պարտվում է, անմիջապես երբեմնի «կիրթ ու կառուցողական գործընկերոջը» խնդրանք կուղղվի, ու վերջինս մեծ հաճույքով սահմանի այս կամ այն հատվածում ագրեսիայի փորձ կիրականացնի եւ որոշ չափով առաջ կգա՝ Հայաստանին զրկելով հերթական մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր տարածքից: Բայց այդ մի քանի տասնյակը կլինի խիստ ցավալի, քանի որ վերջինս բաց չի թողնի Սեւանա լճի արեւելյան ափին հաստատվելու հնարավորությունը: Հատկապես որ այն ներառված է, այսպես կոչված, վիրտուալ «Արեւմտյան Ադրբեջան» կազմավորման մեջ:
Իսկ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը երկրում կբարձրացնի հայրենասիրական եւ միաժամանակ հակաընդդիմադիր հիստերիա՝ հերթական պարտության մեղքը բարդելով ընդդիմության վրա: Օգտագործելով թշնամական ագրեսիան՝ կհայտարարվի ռազմական կամ արտակարգ դրություն, կկասեցվի ԱԺ ընտրության գործընթացը: Կձերբակալվեն աչքի ընկնող մի քանի ընդդիմադիր քաղաքական գործիչներ, ու կոտնահարվի քաղաքակիրթ ճանապարհով իշխանություն փոխելու՝ ՀՀ հպարտ քաղաքացիների սահմանադրական իրավունքը: Եվ անորոշ երկար ժամանակով իշխանությունը կզավթվի արդեն օրենսդրության հերն անիծելով:
Դա կկատարվի ճիշտ այնպես, ինչպես կատարվել է այս տարի Ուկրաինայում: Մայիսից այդ երկրի նախագահն ու, կարծեմ՝ օգոստոսից խորհրդարանը լեգիտիմ չեն: Պետական երկու առաջատար կառույցների ժամկետն արդեն սպառվել է, սակայն պատերազմի պատճառով ընտրություններ չեն անցկացվում: Ուղղակի նրանց ինչ-որ չափով «արդարացնում» է այն հանգամանքը, որ այնտեղ պատերազմն իրական է, որը շարունակվում է արդեն երկուսուկես տարի: Բայց եթե «ժողովրդավարության պահապան» ու քաղաքակիրթ Արեւմուտքն աչք է փակում ուկրաինական անօրինականության վրա, ապա ինչո՞ւ նույնը չի կարող արվել Հայաստանի դեպքում: Չէ՞ որ երկուսն էլ Արեւմուտքի աչքում նույն բանն են. կարեւորը մի անգամ փորձելն է՝ երկրորդի դեպքում ավելի հեշտ է լինելու «չտեսնելն ու չլսելը»:
Իսկ որպեսզի այդ ամենը տեղի չունենա Հայաստանում, ու հերթական անգամ հայրենիքը չզրկվի իր երիտասարդ ու ոչ միայն երիտասարդ զավակներից, ինչպես նաեւ հողատարածքներից, անհրաժեշտ է ՀՀ վարչապետի պաշտոնն ազատել դրանից կառչած անձից, իսկ այնուհետեւ Հայաստանը դարձնել մեր երազանքների երկիրը՝ կյանքի կոչելով Բագրատ սրբազանի (կամ, որ նույնն է՝ Սրբազան պայքարի) կոչը. «Հաղթանա՛կ ամենուր եւ ամեն տեղ, ամեն ինչում եւ ամեն ժամ»։
Կարծիքներ