Որտե՞ղ են  իրավաբանական վարչությունները

Որտե՞ղ են  իրավաբանական վարչությունները

Փաստաբան Աշոտ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե այսօր Սահմանադրական դատարանում կա՞ արդյոք ճգնաժամ։
Աշոտ Սարգսյանը նշեց, որ ՍԴ նորանշանակ դատավոր Վահե Գրիգորյանը չի փոխի իր կարծիքը, կասի, որ ՍԴ-ում ոչ թե դատավորներ են, այլ՝ անդամներ։ Սահմանադրագետներն էլ, ըստ նրա, մնալու են իրենց կարծիքին եւ պնդելու են, որ Սահմանադրության 213-րդ հոդվածն այլ բան է ասում։ 
«Եթե 2018 թ․ ապրիլի 9-ից հետո, ՀՀ նախագահի ընտրությունից հետո, ես կարող եմ հարցնել՝ որտե՞ղ էր կառավարության իրավաբանական վարչությունը, որտե՞ղ էր ՀՀ նախագահի իրավաբանական ծառայությունը, որտե՞ղ էր ԱԺ-ի հսկա բանակ իրավաբանական վարչությունը։ Նրանք պետք է իրենց մարմիններին ներկայացնեին, որ այդ մարդիկ, որոնք  որոշումներ են ընդունում, վաղը-մյուս օրը ճանաչվելու են ապօրինի, որովհետեւ իրենց գործունեությունը ապօրինի է։ Մեկ տարի է անցել, այդ վարչություններն ինչո՞վ էին զբաղված։

Վարչապետն ունի իրավաբանական վարչություն, չէ՞։ Երեւի մի բան էլ պարգեւավճարներ են բաժանում իրենց լավ աշխատելու համար։ Բա ո՞ւր էին իրենք, որ պետք է տեղեկացնեին վարչապետին, որ ՍԴ-ն այդ կազմով իրավասու չէ այդ ընթացակարգն անի, քանի որ իրենք դատավորներ չեն, եկեք նոր ընթացակարգով գործընթացն ավարտենք։ Բա իրենք ինչի՞ համար են, միայն նրա համար, որ պաշտոններ զբաղեցնեն եւ նախագահի, վարչապետի կամ ԱԺ նախագահի հետ գնան շրջագայությունների՞։ Դա իրենց գործն էր, ոչ թե Վահե Գրիգորյանի։ Դա իրավաբանական վարչությունների գործն է, որ մի հսկա բանակ է»,- ասաց փաստաբանը։