Խոսք և ձյուն Հրանտի հրաժեշտին

Խոսք և ձյուն Հրանտի հրաժեշտին

Երեկ հայ մեծ արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի մահվան հերթական տարելիցն էր։

Մշակութաբան, գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանը, օրվա կապակցությամբ, մեզ է տրամադրել նրա մահվան առիթով գրված խոսքը․

«Կյանքի 67-րդ տարվա վերջին օրերին փափուկ, հանդարտ ձյուն էր տեղում Երևանում և ողջ Հայաստանում: Հայաշխարհում ինչ-որ փոփոխություն էր տեղի ունենում, որին արձագանքեց նախ բնությունը, ապա ժողովուրդը:

Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին լրեց իր ծառայության ծիրը՝ հանգուցյալին գիշերային հսկման առնելով և հրաժեշտի կարգը կատարելով: Հրանտի մահով հին ավանդույթի նոր հուն բացվեց 1700-ամյա նոր եկեղեցում, գրական տեքստի նորովի ընթերցման սկիզբը դրվեց մտքարաններում, գրողի ընկալման նոր լույս բացվեց վերնատներում, խղճից պարապ պարունակներ հայտնաբերվեցին հոգիներում, և էլի ինչքա՜ն դրափոխումներ, հասու-անհասու, աշխարհի տարբեր ներաշխարհներում: Իսկ ինքը, հին դասագրքից սնված աշակերտի նմանողությամբ, ինքը զարմանք էր խաղում, թե «Ողջ գրո՞ղ կլինի, հայ գրողը մեռած կլինի»: Հիմա իր կողմից, իր գնալով, արդարացվեց նաև միամիտը, ներվեց չարն ու տգետը, բռին ու անընթերցասերը (գրողը միայն հո կարդալո՞ւ համար չի), ներվեցինք երևի բոլորս, որովհետև գնացողը՝ վերացողը, մեջներիս ներողամիտն էր: Ու մենք  ազգուտակով,  Ս. Գրիգորի տաճարում հավաքված-մոլորված, որ երևի պիտի ներում հայցեինք, թե ինչ՝  Ներողամիտի հոգու համար, հանկարծ հասկանում ենք, որ վերջին «Հայր մերը» ասելու տեղ բոլորս, միաձայն-միաբերան,  մեր մտքերում կանչում-գոռում ենք.
- Գողությո՜ւն ենք արե՜լ, գողությո՜ւն ենք արե՜լ…
Հրանտի հոգու համար աղոթելուց առաջ պետք է Հրանտի օգնությամբ մաքրվեինք նոր, ինքնամաքրումի թե զղջումի արտասուքով ուռչեինք-պարպվեինք նոր, հետն էլ մեզ կենդանի-գործող եկեղեցու մեջ զգայինք, հետն էլ մտածեինք, որ մեծ մարդու մահն անգամ հանրույթին օգտակար է, օգուտ է:

Գուցե Երևանը, թեև քաղցած ու մրսած, թեև կոպիտ բնազդների ու բարքերի ծառա, զգաց, որ ինքը հուղարկավորում է իր խղճին, որ գրողը՝ գրող, բայց և նա եղել է հասարակության Խիղճը: Այսինքն, լիովին դեռ չէր ճանաչվել որպես խիղճ, չէր հասցրել, կամ, ավելի ճիշտ, հանրույթի մեջ խղճի պատվեր չէր ձևավորվել, որովհետև Երևանը դեռ լիարժեք հասարակություն չէր դարձել, բայց դառնալու վրա զգացել է, որ Հրանտը լինելու էր Խղճի Ասպետը, եթե ինքը Քաղաք լիներ: Մի՞թե Ս. Լուսավորչի զորությունից չէ, որ քանի մտածում ես, այնքան կորուստը մեծանում է, կամ հակառակը, այնքան գյուտը մեծանում է, չէ՞ որ կորցնելով են գտնում քաղաքում: Մենք հիմա նորից մեզ մեղավոր ենք զգալու, որ խանգարել կամ չենք նպաստել մեր Երևանին, որ նա վաղուց գիտակցեր խղճի կարիքը ու իր Հրանտին օծեր Խղճի Ասպետ: Մենք մեղավոր ենք, որ Երևանը, դեռ չգիտակցած խղճի կարիքը, ողբում է նրա Ասպետի կորուստը.
-Գողությո՜ւն ենք արե՜լ, գողությո՜ւն ենք արել…

Մի՞թե ամբողջ ազգով կզղջանք և կմաքրվենք, մանավանդ որ Հրանտի ֆիլմատեքստը բոլորս փշուր-փշուր, կտոր-կտոր գիտենք այնպես, որ բոլորիս հավաքական հիշողությունից կարելի է այս տեքստը վերականգնել, ինչպես դարերի մեջ խոնարհված տաճարը: Բայց աննյութական այդ տաճար-տեքստը վերականգնելը հենց հրաշքն է որ կա: Ուրեմն Հրանտը մեզնից վերջնականորեն կորզել-ձուլել է մի ազգ-էություն, ազգ-եկեղեցի, ազգ-մարդ, մեղա՜, մեղա՜, տեր Աստված, փառքդ շատ: Հիմա այս ննջեցյալը՝ Ներողամիտը, Խղճի Ասպետը, Գրողը, մեր այդ հանրույթի ստեղծո՞ղն է, թե՞ անդամը…

Իսկ այդ տեքստը ընդամենը մի մասնիկն է այն մեծ կոնտեքստի, որ կոչվում է Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործություն: Ուրեմն մեր ժողովրդի հավաքական հիշողությանը դեռ ինչքա՜ն հոգևոր յուրացումներ ունենք պահ տալու գոյության գալիքներում ու դրանցով առավել ամրանալու՝ որպես միագո հոգի: Էլ չասած, որ Հրանտ Մաթևոսյանի արձակ կոչված գրական ժառանգությունը դեռ բոլորը չէ, այն դեռ պիտի գնալով աճի… Չէ՞ որ այդ գրական վաստակն ընդամենը մի մասն է այն ավելի մեծ կոնտեքստի, որ կոչվում է Հրանտի կյանք, կենսագրություն, գործունեություն: Նրա ամենամեծ ստեղծագործությունը, գլուխգործոցը թե կուզեք, նրա ապրած կյանքն է՝ բոլոր օր ու ժամերով, որ կազմում է նրա Կենդանի տեքստը:

Չենք ակնարկում վերելքներ, մրցանակներ, պաշտոնյաներ, փոփոխություններ, վայրիվերումներ: Ոչ, տանը նստած՝ նստակյաց, մեկ-մեկ ակտիվ՝ մարդկային երջանիկ զգացումներով, մեկ-մեկ շարժուն: Բայց ինչ եղել է, ինչ փոթորիկներ ու հուզումներ, եղել է իր խաղաղ, անխաթար կենցաղում, իր մտքի, հոգու աշխարհում: Ընկալման  հարց է: Բայց ով էլ առնչվել, հաղորդվել է այդ աշխարհին, այլևս ձգվել, մղվել, ձգտել է դեպի Հրանտը, որովհետև իրեն ավելի մեծ ու կարևոր է զգացել նրա աշխարհում, գտել է իր տեղն ու դերը Հրանտի Կենդանի տեքստում: Եվ այդպես դարձել ենք նրա հերոսները՝ մեր իրական գույն ու կերպով, ու մեզ հավանել ենք, որովհետև Կենդանի տեքստը օգնել է մեզ շեշտելու մեր միջի լավը, բարին, մարդկայինը, կարեկիցը, հարեհասը, օգնել է թաքուն ամաչելու մեր ունեցած անդուր, անմարդկային չար որակների համար - ու երկու դեպքում էլ մենք վեհացել ենք, նա մեզ վեհացրել է իր հոգեպարար զրույցով, վերաբերմունքով: Ու հիմա դժվար է ասել՝ նա մեր ստեղծո՞ղն է, թե՞ զրուցակիցը: Ավագի ու կրտսերության, արհեստի ու պաշտոնի, խավի ու դասակարգի, բարեկամի ու թշնամու խտրություն չկար: Բոլորիս, Քոչինյանից սկսյալ (լուսահոգի նկարիչ Արտաշես Հունանյանը միշտ այս ազգանունով էր կոչում բոլոր ղեկավարներին) մինչև վերջին ռամիկը, բոլորիս առինքնում, առնում էր Կենդանի տեքստի մեջ և դառնում մեր՝ իր հերոսներիս, արարող ծնողը՝ վերջինիս անսահման  բարի, խղճալի, ներող, սիրող հայացքով՝ Չարենցյան «գոյի տխրությամբ»:

Նա երբվանի՞ց էր դարձել տեր, արարիչ, ե՞րբ էր հասցրել ստեղծել այս աշխարհը, մարդկանց, նյութեղեն ու հոգեղեն ամեն ինչը: Դրա համար, իհարկե, պետք չէր գրող  լինել, բայց գրածներն էլ հենց այդ են ասում, որ այդ մեծ Կենդանի տեքստից են բխել: Ու երբ այդ տեքստին հաղորդվում ենք բանավոր՝ զրուցելիս, կամ գրավոր՝ ընթերցելիս, դառնում ենք նրա մասնակիցը, ապրումնակիցը, հեղինակակիցը: Իսկ տեքստից դուրս հաճախ մեզ բռնում ենք այնտեղ, որ հեռվից Մեծ հեղինակի հետ կիսում ենք մեր խոհերը, նրան ենք հասցեագրում մեր գրած-ստեղծածները՝ ի մտի առնելով, որ նա է մեր իդեալական ունկնդիրը, ակնդիրը, ընթերցողը: Եվ կարևոր չէ, թե նրան հասա՞վ մեր ստեղծածը, իմացա՞վ մեր արածի մասին. կարևորն այն է, որ նա, ինքն անտեղյակ, մեր ստեղծածի մասնակիցը, բաժնետերը, համահեղինակն է, որովհետև մեր գործի ընկալման չափանիշն է: Եվ թող այդպես լինի նաև այսուհետ:

Իրե՞ն թե մեզ ենք արժանին տալու, երբ իր բանավոր Կենդանի տեքստը փշուր-փշուր, կտոր-կտոր հավաքենք - իր վշտակիր ընտանիքով, բարեկամներով, ծանոթ-մտերիմով, ընկեր-հարազատով - ու ավելացնենք իր գրավոր  վաստակին՝ դարձյալ ի պահ հանձնելու մեծ ժողովողին՝ մեր ժողովրդին, ի պէտս փրկութեանց զաւակաց մերոց հայրենեաց…

Ուրեմն ինքը սիրում էր գրել, գրող լինել՝ հար ու հավետ գործելու, իր երկրային ժամանակից էլ դուրս հայրենիք արարելու համար: Թեկուզ ինքն ասում է, գրած է.  «Հայրենիքը՝ իմ ապրած ժամանակի մեջ իմ գործն է: Չկա այդ գործը՝ չկա այդ ժամանակը՝ չկա այդ հայրենիքը այդ չգո ժամանակի մեջ՝ չկամ ես: Պատմության մկրատը կտրում նետում է հայրենիքների այդ ժամանակները և մեզ էլ՝ այդ ժամանակների հետ, չենք եղել, չկանք:  Տիեզերքի խավարը լի է ամայի հայրենիքների պարապ ժամանակներով. ձեռք ես մեկնում՝ բռնող չկա, ձայն ես տալիս՝ գնում կորչում է ձայնդ, լույս ես նետում՝ ոչինչ չի գտնում լույսդ - ոչ դեմք, ոչ դեպք…»(Գրական թերթ, N7, էջ1, 1995թ.):
Չէր ասում, որ ավելին է, քան գրողը: Այլ ավելինը, ամենայնը հենց գրողն է: Ուզում էր, որ գրողի սահմանումը լինի ամենալայնը, որ ամեն լեզվում լինի նմանը, ինչպես Տոլստոյը, Թումանյանը, որոնց վրա շունը չի հաչա, որոնց կովը հարու, ձին աքացի չի տա. Ստեղծող Տերն ինքը գրող է եղել (մեղա, եթե սխալ ընկալվեմ), ի սկզբանե Բանը խոսքն է եղել, Մատթեոսի Ավետարանը՝ ընտիր պատում, Հայոց պատմությունը՝ հայ գրականություն, հայ պետականությունը՝ գրական երազանք, հայ թագավորն էլ՝ գրքից ելած հերոս: Սա պրոֆեսիոնալիզմի եզակի հորձանք է մեր գրական մտքում, երբ մասնագիտական հայացքին ամեն ինչ տրվում է այլ կերպ ու գունիվ, որից էլ ծնվում է արհեստի սկզբնավորման առասպելը, մշակութաստեղծ դեմիուրգի կերպարը, տվյալ դեպքում՝ ո՛չ Աբրահամ, ո՛չ Նոյ, ո՛չ ս. Կարապետ, այլ ինքը՝ Աստված՝ Բանը:

Փափուկ, հանդարտ ձյունի ներքո Երևանից հուղարկվում է դեպի Աստված Ներողամիտը, Խղճի Ասպետը, Գրողը: Ողորմի իր հոր ու մոր հոգուն, ավետիս՝ իրեն ծնող ազգին այժմ և ընդմիշտ»:

Արծրունի ՍԱՀԱԿՅԱՆ
Մշակութաբան