Ում հետ հանդիպեց եւ ինչ խոսեց Նիկոլ Փաշինյանը Մյունխենում

Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցությունը Նիկոլ Փաշինյանը համատեղեց մի շարք հանդիպումների հետ։ Դրանցից ամենակարեւորը, թերեւս, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումն էր, որից հետո պետքարտուղարը հայտարարեց, որ «բարձր են գնահատում Հայաստանի հանձնառությունը կայուն ու արժանապատիվ խաղաղություն հաստատելու» հարցում, եւ շեշտեց, որ Հայաստանը շատ արժեքավոր գործընկեր է ԱՄՆ-ի համար, եւ Փաշինյանի հետ հանդիպումն արդյունավետ որակեց։ Թե ինչով է արտահայտվելու այդ արդյունավետությունը, երբ անգամ Ադրբեջանի ռազմական հարձակումները կանխել չեն կարողանում, պարզ չէ:
ԱՄՆ պետքարտուղարին հանդիպել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ապա գրել. «Մենք հանձնառու ենք՝ ավելի սերտացնել մեր ռազմավարական երկխոսությունը»։
Ուշագրավ էր նաեւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ, ինչը հատկապես մտահոգել է ռուսական իշխանություններին։ Սովորաբար այդ հանդիպումներն ու քննարկումները պատահական չեն լինում։ Մյունխենում Փաշինյանը հանդիպել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ։ Անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, խոսել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում «հայկական կողմի սկզբունքների», ԵԱՀԿ մանդատի գործիքակազմի արդյունավետ կիրառման մասին՝ «տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման համար»։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ կշարունակի իր ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ։ Բնականաբար, ավելի մեծ սպասումներ կային Ալիեւ-Շոլց-Փաշինյան եռակողմ հանդիպումից, քանի որ տեւական ժամանակ է՝ հայ-ադրբեջանական հանդիպումները դադարել էին․ վերջին հանդիպումը կայացել էր 2023-ի հուլիսի 15-ին, Բրյուսելում: Շոլցը կոչ է արել կողմերին՝ հնարավորինս արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը, երկկողմ հերթապահ հավաստիացումներ են հնչել, որ կողմերը պատրաստ են շարունակել բանակցությունները եւ խաղաղ կարգավորել խնդիրները` առանց ուժի կիրառման։
Ուշագրավ է, որ մինչ այս արեւմտյան հարթակները մերժող Ալիեւը հանկարծ մասնակցեց Մյունխենի անվտանգության համաժողովին։
Մեզ հետ զրույցում միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը, անդրադառնալով համաժողովին Ալիեւի մասնակցությանը, նշել էր, որ հնարավոր է՝ նախապես Ալիեւը ստացել է Ռուսաստանի «դաբրոն»։ Իսկ քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում նշել էր, որ Ալիեւն այդպիսով ցուցադրում է, որ իր համար նույնքան հարմարավետ են թե՛ արեւմտյան, թե՛ ռուսական հարթակները։ Սակայն կա նաեւ մտահոգություն, որ Արեւմուտքը Հայաստանի շահերի հաշվին ինչ-որ բան է խոստացել Ալիեւին՝ համաժողովին մասնակցության դիմաց, որով վերահաստատում են արեւմտյան հարթակի գերակայությունը ռուսականի նկատմամբ։ Թերեւս զարգացումները ցույց կտան, թե իրականում որ ենթադրությունն է իրականությանը մոտ։
Մյունխենյան հանդիպումներից հաջորդը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ էր, որի ժամանակ զրուցակիցները «կարեւորել են խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված քայլերի շարունակականությունը»: ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին եւ ՄԱԿ Միգրացիայի միջազգային կազմակերպության տնօրեն Էմի Պոպին Փաշինյանը ներկայացրել է Արցախից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանն ուղղված քայլերը եւ միջազգային հանրության աջակցությունը խնդրել: Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի հետ հանդիպման ընթացքում էլ Փաշինյանը քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր, որտեղ «կարեւորվել է ԵՄ օրենսդիր մարմնի դերը», եւ մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Փաշինյանը կարեւորել է «Հայաստանի Հանրապետության համար դժվարին պայմաններում Եվրոպական խորհրդարանի կողմից ցուցաբերված սկզբունքային մոտեցումն ու հստակ գնահատականներով եւ ուղերձներով ընդունված փաստաթղթերը»։ Ցավալի է, սակայն, որ այդ սկզբունքային մոտեցումներն ու հստակ գնահատականները «գետնի վրա» որեւէ արդյունք կամ ազդեցություն չեն ունեցել։
Հետաքրքիր է նաեւ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ հանդիպումը, որն Արցախի հանձնումից առաջ պետք է տեղի ունենար, որպեսզի Բալկաններում առկա փորձառությունից որեւէ օգուտ կարողանայինք քաղել։
Հանդիպումներ են կայացել նաեւ Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա աս Սուդանիի եւ Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ․ քննարկվել են առեւտրատնտեսական համագործակցության հարցեր, ընդգծվել է «գործարար կապերի ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը»:
Այս ամենից զատ` Փաշինյանը նաեւ հանդիպել է Մյունխենի եւ հարակից հայ համայնքների ներկայացուցիչների հետ, սակայն, չգիտես ինչու, այդ հանդիպմանն ընդամենը մի քանի տասնյակ մարդ է մասնակցել` մի քանի տասնյակ հազարանոց հայ համայնքից, եւ մասնակցողներն էլ հիմնականում եղել են Գերմանիայում սովորող ուսանողներ, մարդիկ, ովքեր մասնավոր խնդիրներ են ունեցել եւ դրանք լուծելու հույս։
Բայց այդ հանդիպմանը նա մի քանի աղմկոտ հայտարարություններ է արել: Մասնավորապես, անդրադառնալով արցախյան հիմնախնդրին, նշել է, որ իրենց սխալը չոր հաշվարկն էր` պետք էր մարդկանց բացատրել, թե ինչ է նշանակում ինքնորոշում, եւ որ հեղափոխություն պետք էր անել նաեւ Արցախում։ «Արցախ» տեղանունը շատ սահուն կերպով «Լեռնային Ղարաբաղ»-ով փոխարինած Փաշինյանը կարծում է, թե հայ հասարակության մեջ չկան մարդիկ, ովքեր հստակ հասկանում են, թե ինչ է ինքնորոշման իրավունքը, եւ որքանով է այն գերակա տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ։ Հիշեցնենք, որ ինքնորոշման իրավունքն ամրագրված է միջազգային օրենսդրությամբ, եւ այն տարածքային ամբողջականության սկզբունքին հակադրելը սխալ է։
Փաշինյանը նաեւ անդրադարձել է Ռուսաստանին, որն առայժմ Հայաստանի միակ կոնկրետ դաշնակիցն է, անկախ նրանից՝ լավ դաշնակից է, թե վատ: Մասնավորապես հայտարարել է, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը դաշնակից չէ Ռուսաստանին։ Նման հայտարարություններից հետո առնվազն տարօրինակ է այն տարակուսանքը, որ հայերս ապրում ենք` տեսնելով, թե ինչպես է Ռուսաստանը համարժեք պատասխանում մեզ, որ ինքն էլ մեր դաշնակիցը չէ Ադրբեջանի հետ պատերազմում: Եվ խնդիրն այստեղ ոչ այնքան Ռուսաստանի հետ դաշնակից լինելու, որքան թշնամի չլինելու մեջ է, որովհետեւ Ռուսաստանն իր թշնամիների հետ սովորաբար դաժան հաշվեհարդար է տեսնում, իսկ Արեւմուտքը չի էլ պատրաստվում Հայաստանի ռազմական դաշնակիցը դառնալ եւ առճակատվել Ադրբեջանի, Թուրքիայի, անգամ Ռուսաստանի հետ՝ պաշտպանելու Հայաստանին։ Եվ Ուկրաինայի ճակատագիրը պետք է մեզ համար ուղեցույց լինի: Նույնիսկ Ուկրաինայում դա սկսել են հասկանալ` զինվորական Վադիմ Վասիլչուկը մեզ հետ զրույցում օրերս նշել էր, որ Ուկրաինան Արեւմուտքի կռիվն է տանում, եւ Արեւմուտքը պարտավոր է իր խոստումներն իրականացնել։
Սակայն արդյո՞ք Հայաստանն այդքան ռեսուրս ունի, որ լարված հարաբերություններ ունենա ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի, այլեւ Ռուսաստանի ու Իրանի հետ` սա է խնդիրը։ Մինչդեռ բազում խելացի մարդիկ զգուշացնում էին Փաշինյանին, որ չի կարելի Հայաստանը դարձնել միջազգային կենտրոնների միջեւ փոխհարաբերություններ պարզելու թատերաբեմ եւ կռվախնձոր։
Կարծիքներ