Հարկային օրենսգրքի փոփոխություններով մի շարք ապրանքներ կթանկանան

Հարկային օրենսգրքի փոփոխություններով մի շարք ապրանքներ կթանկանան

Կառավարության նիստը երեկ տևեց մոտ չորս ժամ։ Օրակարգը բավականին հագեցած էր, որոնցում տեղ էին գտել այնպիսի ծավալուն հարցեր, ինչպիսիք են Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին փոփոխությունների նախագիծը, որով որոշվեց ունենալ 12 նախարարություն, և Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ 

Այն զեկուցեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչ փոփոխություններ են կատարվել նախագծում` ընդգծելով, որ իրենք այս փոփոխություններով փորձել են գնալ հարկային օրենսդրության պարզեցման։ Ընդհանուր պատկերն այն է, որ բազմաթիվ ոլորտներում հարկային բեռն ավելանում է, այդ թվում՝ օղու, ծխախոտի, տրանսպորտի, շահումով խաղերի, գազավորված ըմպելիքների ոլորտում, մի որոշ հատվածում էլ հարկային բեռի թեթևացում է նախատեսվում, օրինակ՝ ինքնազբաղված անձանց հարկման համակարգի շեմը բարձրացնել 9 միլիոն դրամից 24 միլիոն դրամ, անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ 2020 թվականի հունվարի 1-ից սահմանելով 23 տոկոս, այնուհետև մինչև 2023 թվականը՝ մինչև 20 տոկոս։  Փոփոխություն է մտցվել բանկերի, ապահովագրական և վարկային կազմակերպությունների հարկման քաղաքականության մեջ՝ դրանցից յուրաքանչյուր մասնաճյուղի կամ ներկայացուցչության համար սահմանելով պետական տուրք՝ կախված գործունեության տեսակից 50 հազար դրամից մինչև 1 մլն. դրամի չափով։ 

Արդյունքում մի շարք ապրանքատեսակներ, ինչպիսիք են ծխախոտը՝ իր տարատեսակներով, ալկոհոլային խմիչքները՝ օղի, գինի, կոնյակ, վիսկի, գարեջուր և այլն, գազավորված ըմպելիքները, ըստ երևույթին կթանկանան։ Իսկ բենզինի, դիզվառելիքի և սեղմված գազի ներկրման ոլորտում, ինչպես հասկացանք, ակցիզային հարկի փոփոխություն չի նախատեսվում՝ պահպանվել են 2018 թվականին ուժի մեջ մտած դրույքաչափերը։ Ըստ այդմ՝  կունենանք հետևյալ պատկերը՝ ներկրվող բենզինի ակցիզային հարկը կսահմանվի 40 հազար դրամ 1 տոննայի դեպքում, դիզվառելիքինը՝ 13 հազար դրամ,  իսկ, ահա,  սեղմված գազի 1 տոննայի դեպքում կգանձվի 34 հազար դրամ։ Ըստ էության՝ սեղմված գազի մասով փոխվել է միայն չափման միավորը՝ խմ-ից դառնալով կգ, արդյունքում նախկին 23 հազարի դիմաց դառնալով 34 հազար դրամ, ինչի արդյունքում դրույքաչափն ավելացել է, քանզի սեղմված գազի 1000 խմ-ն ավելի շատ է, քան 1000 կգ-ն։ 

Ի դեպ, այստեղ մի հետաքրքիր նյուանս կա, որը փորձել են կառավարության պրոֆեսիոնալները խցկել փոփոխությունների նախագծում՝ արդյունքում արհեստականորեն ավելացնելով առանց այդ էլ բարձրացվող հարկային բեռը։ Խոսքը ՀՕ 88-րդ հոդվածում փոփոխոությունների մասին է, որտեղ Օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ակցիզային հարկը հաշվարկվում է  ակցիզային հարկի հաշվարկման գործակցի արտադրյալով: Այսինքն՝ կախված նրանից, թե որքան գործակից կսահմանվի տվյալ ապրանքատեսակի դեպքում, այդ ապրանքի ակցիզային հարկը կկազմի օրենքով ֆիքսված դրույքաչափը՝ բազմապատկած տվյալ գործակցով։ Սրա արդյունքում տնտեսվարողը կմուծի շատ ավելի մեծ չափով հարկ, քան սահմանված է։ Թերևս այս մանիպուլյացիոն և անհասկանալի որոշմանը արժի անդրադառնալ առանձին, հատկապես, որ այսպիսի փոփոխություն անցկացնելու փորձ նախկինում էլի է եղել, բայց խորհրդարանն այն կանխել է։ Հուսանք՝  նոր խորհրդարանը ևս գլխi կընկնի և կպարտադրի վերանայել այս անհասկանալի դրույթը։