Մենք եւ նրանք

Մենք եւ նրանք

Մենք վեհ ու նուրբ բաներից ենք խոսում, նրանք անգամ մարդու կյանքի գինը չգիտեն: Մենք համախմբում ու միասնություն ենք երազում, նրանք հարեւան կրպակատիրոջն են ամեն օր անիծում, որը լույսը բացվելուն պես աշխատանքի է դուրս գալիս եւ մինչեւ ուշ գիշեր պտտվում, որ կարողանա իր ընտանիքի նվազագույն կարիքները հոգալ: Մենք Սփյուռք-Հայաստան միասնությունից ենք խոսում, նրանք այդ միասնությունը տեսնում են ամեն ամիս Իսպանիայից ուղարկվող 100 դոլարի տեսքով եւ երբ մի ամիս չեն ստանում, ուրախանում են, երբ իմանում են, որ Իսպանիայում երաշտ է, ու 230 մարդ է մահացել շոգից: Մենք ասում ենք` խաղաղությունը լավ բան է, բայց մեր արժանապատվությունն ու ազգային ինքնությունն ավելի կարեւոր են, նրանք հաշվում են, թե Թուրքիայի սահմանը բացվելու դեպքում քանի բարդան էժան շոր կբերեն ու Բանգլադեշի շուկայում վաճառելով քանի հազար դրամ ավել փող կաշխատեն: Մենք սգում ենք դատարանի դահլիճում մահացած երիտասարդ մարդու ճակատագիրը, նրանք ուրախանում են, որ Նիկոլ Փաշինյանին քննադատողների բանակը մի հոգով կրճատվեց:

Մենք Արցախի ու արցախցու մասին խոսելիս հուզվում ենք, Շուշին ու Հադրութն ենք շարունակ հիշում եւ սարսափում ենք Աղավնոյի ճակատագրի մասին մտածելիս, նրանք լատինատառ տգիտությամբ արցախցի են հայհոյում եւ ուրախանում, որ «ազատվել ենք Արցախից»: Մենք հայոց պատմություն ու հայ գրականություն ենք քարոզում մեր զավակներին, նրանք տանը ադրբեջանական մուղամ են լսում ու ցածրակարգ սերիալներ դիտում` թույլ չտալով, որ զավակները հանկարծ ալիքը փոխեն: Մենք արձանագրում ենք այս իշխանությունների գործողությունների եւ մեր ներկա վիճակի միջեւ առկա պատճառահետեւանքային կապը, նրանք այսօրվա գնաճը, ասֆալտի քանդվելը, ամեն վատ բան վերագրում են նախկիններին: