Ընդդիմությանը պակասում է լաչառ, ղժղժան, պոպուլիստ առաջնորդը

Ընդդիմությանը պակասում է լաչառ, ղժղժան, պոպուլիստ առաջնորդը

Արդեն փաստ է, որ փաշինյանական իշխանությունը անկախ Հայաստանի ամենաձախողված, ամենաապազգային ու ամենահայրենաքանդ իշխանությունն է: Հասարակության մի մասը հստակ գիտակցում է, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալն օրախնդիր է, եւ պահանջում է վարչապետի հրաժարականը: Մյուս մասը, թեեւ գտնվում է հուսահատության մեջ, զգում է, որ խաբված է, դավաճանված է, սխալվել է՝ Նիկոլին իշխանության բերելով, սակայն չի գտնում այն առաջնորդին, ում հետեւից պետք է գնա եւ ումով պետք է փոխարինի Փաշինյանին: Խնդիրն այն է, որ վերջին տարիներին Փաշինյանը հասարակությանը սովորեցրել է «ականջներով» առաջնորդվելուն: Այդ մասսան նման է «ականջներով սիրող» կնոջ, ում ամուսինը հարբեցող է, խաղամոլ, դավաճան, անբան, ընտանիքի հոգսերի մասին չմտածող, բայց գիտի, թե կնոջը դավաճանելուց եւ հարբած վիճակում գիշերը նրա հետ ծեծուջարդ ու «դեբոշ» սարքելուց հետո ինչ լավ ու շոյիչ խոսքեր կարելի է շշնջալ նրա ականջին, որ նորից նվաճի կողակցի սերը, չկորցնի վստահությունը: Ու կինն այդ գեղեցիկ խոսքերի, սիրո կեղծ խոստովանությունների ազդեցությամբ շարունակում է ներել ու սիրել ամուսնուն, ապրել նրա հետ, որի սխալների պատճառով ընտանիքը եւ տունը քանդվում են: 

Նիկոլը նման է այդ ամուսնուն. նա Հայաստանի քաղաքացուն «հպարտ» ասելով՝ ջարդեց նրա հպարտությունը թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Էլ չենք խոսում արցախցիների մասին: «Սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզանով, խոնարհվում եմ բոլորիդ առաջ» ասելով՝ Փաշինյանը սպանդանոց տարավ ազգի հազարավոր երիտասարդների, մեզ հայրենազրկեց, դարձրեց թուրքի ծաղրուծանակի առարկա, մեզ հաղթողից դարձրեց պարտվող ժողովուրդ: Բայց այդ ամեն ինչից հետո սկսեց նորից հիշեցնել, որ ինքը եկել է, որ «բարելավի» մեր կյանքը, որ ինչ անում է, մեզ համար է անում, որ փրկել է տասնյակ հազարավորների կյանքը, որ ապահովում է Սյունիքի անվտանգությունը, որ եկել է քաղաքացու՝ նախկիններից վրեժ լուծելու ժամանակը եւ այլն… Այսօր ընդդիմության հարթակում կանգնածները, պայքարի առաջնորդներն այլ կարգավիճակի մարդիկ են:

Հայրենիքի փրկության ճակատի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հավասարակշիռ, գործի մարդ է, նա չի կարող դուրս գալ եւ ղժղժալով հայհոյել իշխանությանը, չի կարող լաչառություն անել հրապարակի հարթակում, չի կարող պոպուլիստական ելույթներ ունենալ եւ ոսկե սարեր խոստանալ: Այդպիսի մարդ, հավանաբար, չկա այսօրվա ընդդիմության մեջ: Ուստի «ականջներով սիրող» հասարակությունը սպասում է, որ մի նոր լաչառ ու պոպուլիստ «Նիկոլ» դուրս կգա, կշոյի իր լսողական համակարգը, ու այսօրվա Նիկոլին իրենք կփոխարինեն մեկ այլ «Նիկոլով»: