Ի վերջո ո՞վ է այս կինը․․․

Ի վերջո ո՞վ է այս կինը․․․

Երեք նախագահների կանայք միասին 20 տարվա ընթացքում այնքան չեն շրջագայել տարբեր երկրներում, որքան Նիկոլ Փաշինյանի կինը  4  տարվա ընթացքում։ Եթե երեք նախագահների կանանց դեպքում շրջագայելը համապատասխանում է բուն իմաստին, ապա Նիկոլ Փաշինյանի կնոջ դեպքում «շրջագայելը» չակերտների մեջ եմ առնում։ Նրա շքեղ շրջագայությունները, որոնց մամուլը բազմիցս անդրադարձել է ու ներկայացրել, որ նա շքեղ շրջագայությունների սիրահար է, համոզիչ չէ։ Նա հենց ամուսնու իշխանության գալու  առաջին օրերից սկսեց աղմկոտ շրջագայությունները։ Առաջին ամենաաղմկոտ շրջագայությունը 2018 թվականին ամուսնու հետ՝ պետական միջոցների հաշվին գաղտնի Դավոս գնալն էր։ Այն ժամանակ հետաքննական հոդված էր հրապարակվել և մանրամասն ներկայացվել, թե ինչպես է Աննա Հակոբյանը գնացել Դավոս և ինչպես էին իշխանությունները փորձում թաքցնել այդ փաստը, բայց անհերքելի փաստերի հրապարակումից հետո ստիպված եղան ընդունել։ Փաշինյանի և իր կնոջ հաջորդ ամենաաղմկոտ շրջագայությունը չարթերային չվերթով ԱՄՆ մեկնելն էր, որը պետության վրա նստեց ավելի քան 650 հազար դոլար։ Եթե ամուսնու հետ շրջագայությունների մասին սկզբնական շրջանում ասում էր, որ իր ամուսնուն շատ է սիրում և ուզում է նրա կողքին լինել, առանց ամուսնու՝  հետագա շրջագայությունները ինչ որ խորհրդավորությամբ էին պարուրված և ավելի շատ կասկածելի էին։ Որտե՞ղ էր գնում, ում հետ էր հանդիպում, դրանք կապ ունե՞ն Հայաստանի այսօրվա գործընթացների հետ։ Ֆինանսական ահռելի միջոցները դեռ մի կողմ դրած, ո՞րն էր նրա առաքելությունը։   Հետագա շրջագայությունները ,, մինչև անգամ բունկեր,, ի՞նչ գաղտնիք են պարունակում։ Խորհրդավոր մի շղարշ է ծածկում նրան ու տեսնում ես, որ մարդիկ ենթագիտակցորեն նրան տանել չեն կարողանում․․․ 

Ի վերջո ո՞վ է այդ կինը, ի՞նչ ակտիվ կապի մեջ է Արցախի ու Հայաստանի գործընթացների հետ։ Մինչև ազգակործան պատերազմիը նրա հայտարարությունները՝ խաղաղության օրակարգի, հանուն ոչնչի զոհվելու, Ալիևի կնոջը թեյ խմելու հրավիրելու մասին, պատահականություննե՞ր էին։ Եթե այո, ինչու՞ դրանք հետագայում դարձան իշխանության ուղղորդման գործիք։  Նրա հայտնվելը պատերազմական ամենապատասխանատու կետերում զուտ հետաքրքրությու՞ն էր․․․ Քաղաքական շատ գործիչներ են անդրադարձել,  թե «Բաց և հրապարակային» գործող կառավարությունը դեռևս ոչ մի պարզաբանում չի տվել, թե ի՞նչ նպատակով, ու՞մ հաշվին, ու՞մ ուղեկցությամբ, քանի՞ օրով և ծախսերի ի՞նչ ընդհանուր գումարով է Շվեյցարիա (կամ մի այլ երկիր ) մեկնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի  կինը՝ Աննա Հակոբյանը, որի հրապարակած բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը ռեստորաններից են։
Բաներ կան, որոնք մինչև չբացվեն, հիմնական տուփը չի բացվի․․․