Նախկինների օրոք Հարավային Կովկասում Արևմուտքը պաշտպանում էր հայկական շահը

Նախկինների օրոք Հարավային Կովկասում Արևմուտքը պաշտպանում էր հայկական շահը

Զարմանալիորեն մեզանում հակառուսականության բացիլով է վարակկված ոչ միայն Նիկոլն իր իշխանությամբ, այլև նույնիսկ ընդդիմադիր հատվածի մի լուրջ մասը: Ընդ որում, առաջինի համար դա Արևմուտքին սիրաշահելու ձև է, իսկ մյուս մասի մոտ այն Արցախն անտեր թողնելու մեղադրանք է: Թե ով է անտեր թողել Արցախը՝ իշխանափոխությունից հետո դատական վճռով կբացահայտվի: Թեև, անկեղծ ասած, ինձ ու ինձ նման մտածողների համար այդ հարցում խնդիր չկա. եթե Արևմուտքի ծրագրով ու մեր ժողովրդի միջոցով իշխանության չբերվեր Նիկոլը, ապա Արցախը կմնար այնպիսին, ինչպիսին կար նախկինների օրոք: Ինչպես նախկինների օրոք էր՝ բարձր կլիներ մեր ազգային արժանապատվությունը: Եվ ինչպես նախկինների օրոք էր՝ մեր երկիրն այս տարածաշրջանում կլիներ ոչ թե օբյեկտ, որին «տշում» են՝ ով ինչպես ուզում է, այլ հարցեր լուծող լուրջ սուբյեկտ:

Ինչ մնում է Ռուսաստանին, ապա նրա դերն այդ հարցում ածանցված է այդ իրողությունից: Ընդամենը մեկ փաստ ներկայացնեմ. 2020-ի կարծեմ օգոստոսին մեր լրատվականներում հրապարակվեց ՌԴ ռազմական իշխանությունների կողմից մշակված (շուրջ 10 էջանոց) փաստաթուղթ: Դրանում ներկայացված էր պայմանական թշնամու կողմից մեզ վրա հարձակվող թշնամուն դիմակայելու ծրագիրը: Ընդ որում, որքան հիշում եմ, ծրագրում կարևոր դեր էր հատկացված ՌԴ Հարավային ռազմական շրջանի զորամիավորմանը: Ինչը նշանակում է, որ նույնիսկ գունավոր հեղափոխականների նկատմամբ ալերգիա ունեցող ռուսական իշխանությունն, այնուամենայնիվ, օգնության ձեռք էր մեկնում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին: Ինչը, ենթադրաբար, արհամարհվել էր վերջինիս կողմից: Ցավալի է, որ նույնիսկ Նիկոլին ընդդիմադիր մարդիկ դա չեն իմանում և ցանկություն էլ չունեն դա իմանալու:
Հիմա գանք Արևմուտքին: Բազմիցս է գրվել և այդ թվում տողերիս հեղինակի կողմից, որ նախկինների օրոք Հարավային Կովկասում Արևմուտքը հրապարակավ պաշտպանում էր հայկական շահը: Ու դա ոչ թե նախկինների նկատմամբ սիրուց էր, այլ որովհետև, ինչպես ասվեց, Արցախի հետ միասին Հայաստանը հարց լուծող էր: Կար մեկ այլ գործոն՝ ՀՀ դաշնակից  Ռուսաստանը դեռևս ընկալվում էր որպես արևմուտքի մաս: Հենց դրա վկայությունն էր արմտյան տնտեսապես հզոր յոթ երկրները միավորող խորհրդակցական G7 կառույցի վերածվելը G8-ի՝ ներառելով ՌԴ-ն: 2014-ի ուկրաինական երկրորդ «Մայդանի», ու դրա հետևանքով Դոնբասի պատերազմի ու Ղրիմի թերակղզու՝ հանրաքվեով ՌԴ-ին միանալուց հետո Ռուսաստանը դադարեց այդպիսին ընկալվելուց: Որի վկայությունն էլ G8-ի վերադարձն էր նախկին ձևաչափին: Իսկ քանի որ ՀՀ-ն շարունակվում էր ընկալվել որպես տարածաշրջանում ՌԴ-ի կցորդ երկիր, փոխվեց նաև մեր նկատմամբ վերաբերմունքը: Ու Արևմուտքում մշակվեց ու մեր միջոցով կյանքի կոչվեց, պայմանական ասած, «դուխով Նիկոլ» ծրագիրը: Ինչի ողբերգական հետևանքները դեռևս շարունակում ենք կրել:

Ընդ որում, այնպես չէ, որ մենք առանձնահատուկ ենք, ու այդ պատճառով են մեզ ընդգրկել ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու կամ կազմաքանդելու մեծ «խաղում»: Մեզանից առաջ այդ փորձանքին առնչվել են վրացիները, որոնք այս օրերում փորձում են վերականգնել իրենց պետության ինքնիշխանությունը: Եվ, իհարկե, Ուկրաինան, որ հանուն արևմտյան շահերի ավերվում է, կորցնում է տարածքներ ու բնակչություն: Ի դեպ, դեռևս 2022-ին Ռուսատանը պատրաստ էր զինադադար կնքել՝ այն արդեն նախաստորագրվել էր Ստամբուլում, սակայն ՄԹ այդ օրերի վարչապետ Բորիս Ջոնսոնի դրդմամբ Ուկրաինայի նախագահ Զելենսկին չեղարկեց պայմանավորվածությունները: Իսկ թե որն էր այդ հարցում Արևմուտքի շահը՝ արդեն ասվեց. դա կազմաքանդման աստիճան ՌԴ-ն թուլացնելն էր: Ինչը պետք է շարունակվեր մինչև Ուկրաինայի վերջնական հաղթանակը: Իրականում այն վերածվեց «մինչև վերջին ուկրաինացին» բանաձևի: Դա բխում է նաև Զելենսկու անձնական շահից, քանի որ միայն պատերազմի շնորհիվ է կանգուն մնում նրա իշխանությունը: Վերջինիս նախագահական ժամկետը սպառվել է այս տարվա մայիս ամսին, սակայն պատերազմով պայմանավորված՝ ընտրություններ չեն կազմակերպվում:
«Պետք է շարունակվեր» արտահայտության իմաստն այն է, որ աշնանային այս օրերին արդեն Արևմուտքում էլ են գիտակցում, որ Ռուսաստանի ղեկավարն այդ պատերազմում պարտվելու մտադրություն չունի: Դրան չնպաստեց նույնիսկ նախագահ Զելենսկու խիստ «հանճարեղ» ծրագիրը. Ռուսաստան ներխուժելն ու Կուրսկի ԱԷԿ-ը զավթելը, և այն, որպես շանտաժի գործիք օգտագործելով, ՌԴ-ին «խաղաղություն պարտադրելը»: Ի դեպ, մի անգամ արդեն ՌԴ ներխուժելու ծրագիրը փորձարկվել էր գարնանը, չնայած մատնվել էր անհաջողության: Հենց այդ սցենարի օգտին է վկայում մինչ երկրորդ ներխուժումը Զելենսկու խիստ լավատեսական խոսույթը պատերազմի ավարտի առումով: 

Բայց նույնիսկ վերը նշված գիտակցումը դեռևս բավարար չէ, որպեսզի Եվրոպայում հասկանան, որ Ռուսաստանին որևէ բան պարտադրելն իրատեսական չէ, և նրա հետ պետք է բանակցել: Ենթադրում եմ, որ եվրոպացիներին «շփոթեցրել» ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի վարքը: Եվ այն աստիճան, որ ՌԴ նախագահ Պուտինի առումով կորցրել են ադեկվատությունը: Եվ դա «ձեռք բերել» չէր նշանակում այն հանգամանքը, որ ուկրաինական սցենարով «խաղաղության երկրորդ գագաթնաժողովին» հրավիրվելու էր Ռուսաստանը: Այնուամենայնիվ, արդեն ձայներ են հնչում, որ պատերազմը կարող է ավարտվել այն դիրքերի ամրագրմամբ, որում կանգնած են հակամարտող բանակները: Իհարկե, այդ տարբերակը չի նշանակում նաև, որ ստորագրվելիք պայմանագրից բացի գոյություն կունենան այլ պայմանավորվածություններ: Այն հանգամանքը, որ տեղի ունեցավ Արցախյան երկրորդ պատերազմի առումով:

Որպես վերջաբան պատասխանեմ այն հարցին, «թե մեր դարդերը թողած՝ ոմանք, չգիտես ինչու, ուկրաինացիների բախտն են լացում»: Կամ էլ դարձել են ռուսաներից ավելի ռուսամետ: Ասեմ, որ ճշմարիտ չէ ո՛չ առաջին և ո՛չ էլ երկրորդ պնդումը: Հարցն այն է, որ պատերազմի ընթացքով էին պայմանավորված 2022-2023 թվականների իրադարձությունները: Ադրբեջանը հարձակվում էր Հայաստանի կամ Արցախի վրա, երբ այդ պատերազմում հաջողության անիվը թեքվում էր Ուկրաինայի կողմը: Ինչը բնական է, քանի որ, չնայած «դուխով Նիկոլի» վարչապետ կարգվելու հետևանքով հայ-ռուսական հարաբերությունների աննորմալացմանը, Ռուսաստանը մնում է Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորը: Ինչը հասկանում է նույնիսկ Նիկոլը, որը ՀՀ անվտանգության սպառնալիք է համարում ոչ թե Ռուսաստանը, այլ ՀԱՊԿ-ը: Գիտակցելով հանդերձ, որ առնվազն Հայաստանի տեսակետից ՀԱՊԿ-ը հենց Ռուսաստանն է: