«Բարսելոնան» համաձայնության է եկել Խավիի հետ

«Բարսելոնան» համաձայնության է եկել Խավիի հետ

«Բարսելոնայի» նախկին լեգենդար մարզիկ Խավին, ով այժմ ղեկավարում է «Ալ-Սադդ»-ը, համաձայնել է վերադառնալ կատալոնական ակումբ՝ գլխավոր մարզչի պաշտոնով՝ արդեն հաջորդ սեզոնին։ Այս մասին գրում է Mundo Deportivo-ի լրագրող Ֆրանսեսկ Ագիլարը։

Ըստ հաղորդման, ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենը կամ մինչեւ սեզոնի ավարտ կաշխատի եւ կհեռանա պաշտոնից, կամ կհեռացվի, որից հետո ժամանակավորապես գլխավոր մարզչի պարտականությունները կիրականացնի «Բարսելոնա Բ»-ի մարզիչ Գարսիե Պիմյենտան։

Ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն, ըստ շրջանառվող տեղեկությունների, մինչեւ Խավիին՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու առաջարկ անելը նախ փորձել է ստանալ մարզիկների հավանությունը։ 40-ամյա նախկին կիսապաշտպանին կառաջարկվի պայմանագիր՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով։

Նշենք, որ «Բարսելոնայի» մարզիկների եւ Սետյենի միջեւ կոնֆլիկտ, ըստ սպորտային մամուլում շրջանառվող լուրերի, տեղի էր ունեցել Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Սելտայի» հետ հանդիպումից հետո /հանդիպումն ավարտվել է 2։2/։ Մարզիկները մեղադրել են մարզիչին որոշ տակտիկական որոշումների համար, եւ հայտարարել, որ ոչ մի արդյունքի չեն հասնի, եթե ինչ որ բան չփոխվի։ Իսպանիայի առաջնության 33 տուրերից հետո, 70 միավորով «Բարսելոնան» գրավում է երկրորդ հորիզոնականը՝ առաջնության մրցաշարային աղյուսակում։