Նիկոլ Փաշինյանն օգոստոսին ասուլիս կտա ու կպատասխանի Բաքու մեկնել-չմեկնելու հարցին 

Նիկոլ Փաշինյանն օգոստոսին ասուլիս կտա ու կպատասխանի Բաքու մեկնել-չմեկնելու հարցին 

Նիկոլ Փաշինյանը արձակուրդից հետո՝ օգոստոսին պատրաստվում է ասուլիս հրավիրել, որտեղ կանդրադառնա Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովն Հայաստանի մասնակցության Ադրբեջանի հրավերին։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնում է  կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Մենք գրավոր հարցում էինք ուղարկել կառավարությանը՝ խնդրելով տեղեկացնել, թե ե՞րբ է հայկական կողմը ստացել հրավերը, որի մասին խոսել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեդ Հաջիեւը եւ ի՞նչպես է արձագանքել ՀՀ վարչապետի աշխատակազմն այդ հրավերին։ Հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք ՀՀ վարչապետը պատրաստվում է մեկնել Բաքու եւ մասնակցել COP-29 գագաթնաժողովին։ Խնդրել էինք մանրամասնել՝ ի՞նչ դիրքորոշում ունի հայկական կողմը Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների հիմնարար սկզբունքների շուրջ փաստաթղթի ստորագրման Բաքվի առաջարկին, որի մասին նախօրեին խոսել էր Ադրբեջանի նախագահի օգնականը։ 

«Ձեր կողմից նշված հարցերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա արձակուրդից հետո՝ օգոստոսին կայանալիք ասուլիսում»- ի պատասխան արձագանքել են կառավարությունից։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը Հայաստանին պաշտոնական հրավեր է ուղարկել մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի՝ COP-29-ի աշխատանքներին։ Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ պաշտոնական հրավերն ուղարկել է Ադրբեջանի բնապահպանության և բնական բաշարների նախարար Մուխթար Բաբաևը, որը նախագահելու է համաժողովը։ Հրավերը  հասցեագրվել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանին։

Երեկ ԱԳՆ-ն չէր արձագանքել հրավերին, խոսնակը միայն նշել էր, որ «հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնեն»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մերձիշխանական փորձագիտական քարոզչամեքենան տարածում է Փաշինյանի՝ Բաքու մեկնելու եւ այնտեղ փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին թեզը։ Ադրբեջանական մեդիա տիրույթում դեռ անցած ամսվանից էին տեղեկություններ շրջանառվում, Փաշինյանի Բաքու մեկնելու մասին։ Այն ժամանակ վերջինիս խոսնակ Նազելի Բաղդասարյանն ասել էր, թե Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում: