Թույլ կտա՞ք մի երկու խոսք ասել տեղորոշման և կողմնորոշման մասին

Թույլ կտա՞ք մի երկու խոսք ասել տեղորոշման և կողմնորոշման մասին

Մեր պետության գոյության 30 տարիների ընթացքում բոլոր անցուդարձները գնահատվել եւ հանրությանն են ներկայացվել երկու հասկացությունների՝ տեղորոշման եւ կողմնորոշման տիրույթում: «Տեղորոշում» հասկացությունը կարող է ընթերցողին շփոթության մատնել, անակնկալի բերել:

Պատմության ընթացքում մենք հաճախ ենք ինքներս մեզ հարց տվել՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս, ո՞ւր ենք գնում: Տեղորոշման հասկացությամբ մենք ուզում ենք շեշտել, թե որն է մեր տեղն այս բազմադեմ աշխարհում: Տեղորոշման առումով պատմական էր 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով Հայաստանի Անկախության հռչակումը՝ աշխարհի քաղաքական քարտեզի վրա վերստին իր արժանապատիվ տեղում հայտնվելը: Սա անսակարկելի փաստ է, անուրանալի, պատմական առումով անգնահատելի իրողություն՝ իր բոլոր բաղադրիչներով (ՄԱԿ, եվրոպական կառույցներ) եւ այն էլ պատմականորեն բարդ ժամանակաշրջանում (երկրաշարժ, Խորհրդային Միության փլուզում, պատերազմ): 

Դառնանք եւ արժանին մատուցենք երկիրը ղեկավարող քաղաքական ուժին, որ հաղթահարելով բոլոր երեւակայելի եւ աներեւակայելի խոչընդոտները՝ ռազմավարական եւ մարտավարական ճշգրիտ քայլերով իրականացրեց հայ ժողովրդի դարավոր իղձը՝ անկախ պետականության կայացումը:

Վերջերս Հայաստան այցելած եվրոպական մի կառույցի ներկայացուցիչ հաստատուն եւ համոզվածությամբ պնդեց, որ Հայաստանը միշտ էլ Եվրոպա է եղել, ասել է թե՝ քաղաքակրթության օրրանի մաս է կազմել, ասել է թե՝ այդ քաղաքակրթության կերտողներից է եղել եւ է: Մենք այս համոզմունքն ենք ունեցել եւ գիտակցումը, որ սա ոչ թե հպարտանալու, այլ պարտավորեցնող հանգամանք է:

Ի դեպ, դեռեւս 1991-ին ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բանաձեւել է. «Մենք ուզում էինք դառնալ եվրոպական պետությունների՝ Ֆրանսիայի, Բելգիայի, Իսպանիայի նման անկախ պետություն, ճանաչվել միջազգային իրավունքի սուբյեկտ, այսինքն՝ հասնել լիակատար քաղաքական անկախության, դրա հետ մեկտեղ գտնել ներդաշնակություն մեր հարեւանների հետ, ստեղծել ժողովրդավարական պետությունների այնպիսի համագործակցություն, որն առավել կերպով կապահովեր ե՛ւ մեր անկախությունը, ե՛ւ մեր ժողովրդի բարեկեցությունն ու երջանկությունը» («Ընտրանի», 26.09.1991, էջ 228):

Այսօր Հայաստանում, որքան էլ նկատելու չտանք, շատ են խոսում, բանավիճում, անառարկելի մտքեր հայտնում արժեքային համակարգի վերաբերյալ: Դեռեւս 30 տարի առաջ է աշխարհն ընդունել եւ իր համար աքսիոմա դարձրել, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում: Սա է, մեր կարծիքով, տեղորոշման հասկացության նյութականացումը՝ դրանից բխող պարտավորություններով: 

Մի փոքր անդրադարձ էլ կողմնորոշում հասկացությանը: Անսակարկելի է, որ պետական գործչի եւ «բիզնեսմեն»-պաշտոնյայի դիրքորոշումները, կողմնորոշման առումով, բեւեռացված պիտի լինեին: Մի բան է սեփական պետության շահին, հայաստանակենտրոն քաղաքականությանը հետամուտ լինելը, այլ բան՝ ուրիշին ապավինելը՝ հանուն սեփական շահի եւ իշխանության: Հայաստանում գործող քաղաքական ուժերի մի մասը, անթաքույց, կողմնորոշված է դեպի Արեւմուտք, ասել է թե՝ եվրոպամետ է կամ արեւմտամետ: Մի մասն էլ՝ դեպի Հյուսիս, ասել է թե՝ ռուսամետ է: Իրենց կողմնորոշումներն են. ամեն օր, ամեն ժամ, ամեն պատեհ-անպատեհ առիթով ի ցույց են դնում: Անշուշտ, իրար հակասող՝ մեկը մյուսին բացառող քաղաքականություն վարելու պարտադրանք է ներկայացվում: Քաղաքականություն է, բան չունենք ասելու: Մեզ համար անընդունելի եւ անվիճելի է «հավերժ բարեկամ» կամ «հավերժ թշնամի» անսկզբունքային սկզբունքայնությունը:
Փառք Աստծո, որ Հայաստանում կան ուժեր, որոնք գիտակցումն ունեն այն բանի, թե Հայաստան-երկիր փոքրիկ նավն ինչպես պիտի նավարկի այսօրվա աշխարհի ալեկոծ ծովում, որ չհայտնվի երկու կամ ավելի խոշոր նավերի արանքում ու չճզմվի անգիտակցաբար:

Մարտին եւ Արամայիս ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐ