Հարուստի տղան իմից առավել չէ, որ չծառայի

Հարուստի տղան իմից առավել չէ, որ չծառայի

Կառավարության նիստում այսօր ՊՆ նախարար Պապիկյանը օրինագիծ ներկայացրեց, ըստ որի առաջարկվում է 24 ամսից պակաս ժամկետով զինվորական ծառայության անցնելու հնարավորություն, 1 ամսի ժամկետով ծառայության անցնելու դեպքում վճարելով 20 մլն դրամ և 6 ամիս ժամկետով անցնելու դեպքում 15 մլն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով։ Մյուս կետերին առանձին կանդրադառնամ։ 

Նախարարը ուզում է ստեղծել աղքատների բանակ։ Աղքատի արյունը քաղցր է, տարեք ծառայության, թող հարուստների համար ծառայի,  արյուն թափի, կռվի։ Այդ մոտեցումո՞վ եք հզոր  ու ինքնիշխան պետություն կառուցում։ Պարգևավճարների փողը պակասե՞լ է, թե՞ բյուջեն արդեն սրբել, դատարկել եք։ Սահման պահելը, զենք բռնելը, կռվելը աղքատինն է, հարուստինը միայն վայելքն է ու անպատասխանատվությունը։ 

Աշխարհում կա՞ պատերազմի մեջ գտնվող մի երկիր, որտեղ  չծառայելու համար գումար պետք էվճարես։ Նիկոլ Փաշինյանը եթե բանակաշինության մեջ մի լումա ունենար, եթե իմանար, թե ինչ է Բանակը, ինչ դժվարությամբ է ստեղծվել, Բանակը սև ու սպիտակի չէր բաժանի։ Բանակը հարուստների ու աղքատների չէր բաժանի։ Հարուստները ֆռֆռան, աղքատները ծառայեն։ Ցանկացած ծնողի որ հարցնես, կասի՝ «Բոլորը անխտիր պետք է ծառայեն, ոչ մեկի երեխան էլ իմ տղայից առավել չի»։ 

Հարուստին պլոկելու բոլոր այլ ձևերը կիրառվում են այս իշխանության կողմից,  Փաշինյանի «հատիկ առ հատիկ» հայտարարությամբ բյուջեն «լցվում ու թափվում է»։ Նրա հայտարարությունները լսեք։ Հիմա էլ նոր կլպադանա՞կ է օգտագործում․ բյուջեն լցվի, իրենք ուտեն ու ուտեն, չկշտանան։ Կռված, հաշմանդամ դարձած, զոհված  տղերքի համար էլ թող իրենց աղքատ ծնողները ախուվախ անեն։