Ինը քաղաքացու կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նոր ձերբակալություններ կլինեն

Ինը քաղաքացու կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նոր ձերբակալություններ կլինեն

2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը, երբ հայտնի դարձավ ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի պարտության եւ հրադադարի եռակողմ հայտարարության` կապիտուլյացիայի ստորագրման մասին, 44 օր շարունակ ստի ու կեղծիքի մեջ ապրած եւ հաղթանակին հավատացող մարդիկ` վրդովված դուրս եկան փողոց: Ինչպես բոլոր երկրներում են նման դեպքերում մարդիկ ջարդում, փշրում ամեն ինչ` արտահայտելով իրենց վրդովմունքը, Երեւանում եւս մարդիկ ներխուժեցին Ազգային ժողովի, կառավարության շենքեր, մտան կառավարական ամառանոց։ Եւ փողոցում հայտնված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դաժան ծեծի ենթարկեցին: 5 տարի շարունակ քննչական մարմինները քննում են այդ օրվա իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործը: Այդ գործով որոշ քաղաքացիներ արդեն ազատազրկման են դատապարտվել, իսկ շատերի մասով քննությունը Քննչական կոմիտեում շարունակվում է։ Եւ ահա` այսօր տեղեկացանք, որ 5 տարի ընթացող քննությունով Քննչական կոմիտեն այսօր 9 հոգու է ձերբակալել։
Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին, որ նրանց նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու միջնորդություն են ներկայացրել դատարան, այլ մանրամասներ չհայտնեցին։ Պարզ չէ, թե ինչ նոր հանգամանքներ է այժմ պարզել ՔԿ-ն, որ 5 տարի չէր կարողանում պարզել եւ ինչու են թարմացրել պատերազմի եւ պարտության հետ սերտորեն առնչվող այս վարույթը:

Իրավապահ համակարգից ասում են՝ այս նոր ձերբակալությունները հերթական շոուն ապահովելու ծրագրի մաս է կազմում։ Քաղաքական հրահանգ է իջեցվել բոլոր իրավապահ մարմիններին՝ բռնել, մեղադրել, փակել։ Այս գործով էլի ձերբակալություններ կլինեն։ Վերջերս իրավապահների տարեկան զեկույցների ժամանակ ՔՊ-ական պատգամավորները նաեւ նոյեմբերի 9-ի դեպքերի մեղավորներին հայտնաբերելու մասին էին խոսում, գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախագահը, հավանաբար, այդ ելույթներն ուղիղ հրահանգ են համարել: