Ովքե՞ր են հավակնում ՇՊՀ ռեկտորի պաշտոնին

Ովքե՞ր են հավակնում ՇՊՀ ռեկտորի պաշտոնին

Հունվարի 20-ին տեղի ունեցած Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստին ՇՊՀ ռեկտորի մրցույթի օր նշանակվեց մարտի երկուսը:Նշենք, որ մրցույթի  օրը դասախոսներից ոմանց սրտով չի եղել: Նրանք առաջարկել են բուհի հոգաբարձուների խորհուրդի նախագահ Լևոն Բարսեղյանին երկարացնել մրցույթի հայտարարման ժամկետը՝ պատճառաբանելով, թե առաջիկայում ընթանալու են հայտագրման եւ այլ գործընթացներ, մայիսին նշելու են բուհի հիմնադրման 85-ամյակը,եւ պատշաճ կերպով անցկացնելու համար ցանկալի է հետաձգել ռեկտորի մրցույթը:

Բուհում համոզված են, որ այս տեսակետը կիսում են նրանք, ովքեր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի կողմնակիցներն են եւ այդկերպ փորձում են հող նախապատրաստել նրա համար, որպեսզի հենց նա էլ մրցույթը հաղթի: Մինչդեռ դասախոսական մյուս թևը՝ ի դեմս նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի, դեմ է արտահայտվել այդ դիրքորոշմանը: Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ, պաշտպանելով իր տեսակետը, այնուամենայնիվ կողմ է շուտափույթ ընտրություններին: Իսկ թե ո՞վքեր են հավակնում զբաղեցնելու ՇՊՀ ռեկտորի աթոռը, խոսակցությոնները տարբեր են:

Հանրապետական կուսակցության պարտությունից հետո նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի վերադարձը բացառվում է: Չի բացառվում սակայն ՀՀԿ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջ՝ բուհի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի վերադարձը: Մեր ունեցած տեղեկություններով ՝ բուհի խորհուրդի անդամներից եւ ուսանողներից շատերը համակրում են հենց նրան: Անահիտ Ֆարմանյանը, որի դեմ քրեական գործ էր հարուցվել յուրացումների համար, ռեկտոր դառնալու իր մտադրությունների հետ կապված hraparak.am-ին փոխանցեց. «Իմ տվյալները բավարարում են թեկնածությունս առաջադրելու համար, սակայն դեռ որոշում չեմ կայացրել»: Իսկ Երվանդ Սերոբյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել է, որ չի ուզում ժամանակից առաջ ընկնել: Ինչևէ, ՇՊՀ-ում գրեթե համոզված են, որ թե՛ Անահիտ Ֆարմանյանը, թե՛ Երվանդ Սերոբյանը մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնելու են:

Հիշեցնենք, որ ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի թեկնածու կարող է առաջադրվել համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կամ ինքնառաջադրմամբ որևէ մեկը: ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի գիտական աստիճան, բուհում առնվազն 3 տարվա դասավանդման փորձ և վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի ստաժ: Հոգաբարձուների խորհուրդը ՇՊՀ ռեկտորին ընտրում է գաղտնի քվեարկությամբ: Ռեկտորի պաշտոնում ընտրված է համարվում այն թեկնածուն, ով հավաքել է խորհրդի ցուցակային կազմի հիսուն տոկոսից ավելի ձայն: Ռեկտորն ընտրվում է պաշտոնավարման հինգ տարվա ժամկետով: