Արմինե Գաբրիելյան. Ռուսը

Արմինե Գաբրիելյան. Ռուսը

Նվիրում եմ լավագույն ընկերոջս՝ Դավիթին

Ես տասը տարեկան էի, երբ հեռավոր Լենինգրադից պապս տուն բերեց իր ռուս կնոջը՝ Ելենա Պավլովնային։ Տատս մահացել էր իմ ծննդից մեկ ամիս առաջ։

Տաք ու արեւոտ նոյեմբեր էր։ Ծիրանենուց թափվել էին վառ դեղին տերեւներ, որոնցից ասես հյուսված լինեին Ելենա Պավլովնայի մազերը՝ նոյեմբերյան տերեւի պես դեղնակարմիր, ծիրանենու տերեւի պես փափուկ։ 

Ռուսին ես՝ տան միակ երեխաս, պիտի ծյոծ Ելենա ասեի, մեծահասակները՝ Ելենա Պավլովնա։ Կարգադրողը պապս էր։ Հորաքրոջս ամուսինը, որին բոլորս փեսա Կարլեն էինք ասում, նրան Ալլա Պուգաչովա էր անվանում, մի բան, որ անսահման երջանկացնում էր ռուս տիկնոջը եւ հպարտություն պարգեւում պապիս։ Ես, իհարկե, այն ժամանակ չէի հասկանում, թե ինչու է Ելենա Պավլովնան այդքան ուրախանում դրանից, հետո, երբ հասկացա, չհամաձայնեցի փեսայի համեմատությանը․ Ելենա Պավլովնան ու Ալլա Պուգաչովան մեկ ընդհանուր բան ունեին՝ ազգությունը։ Չէի հասկանում նաեւ հորաքրոջս եւ հայրիկիս ատելությունն այդ ռուս կնոջ հանդեպ։ Մի անգամ երբ մայրիկիս հարցրի, թե ինչու հայրիկն ու հորաքույրը չեն սիրում ծյոծ Ելենային, ինչու են նրա մասին խոսելիս արհամարհանքով ասում՝ էն ռուսը, մայրիկս ասաց․

- Որովհետեւ պապդ օր ու արեւ չի տվել տատիդ։

Ես այն տարիքում էի, երբ հավատում ես նրան,  ինչ ասում է մայրդ, բայց, միեւնույն է՝ չկարողացա հասկանալ ՝ ինչ կապ պիտի ունենա ծյոծ Ելենան տատիկի՝ օր ու արեւ չունենալու հետ։ Մանավանդ  որ ծյոծ Ելենան ինձ դուր էր գալիս։ Ինձ դուրեկան էին նրա մանրիկ ատամները, փոքրիկ, կլոր այտերը, որոնք ծիծաղելիս վերեւ էին բարձրանում, պստլիկ, սիրուն քիթը, որ իմ ընտանիքում ոչ մեկը չուներ, սիրուն-սիրուն ծաղկավոր շորիկները, որոնք միշտ ուրախ տրամադրություն էին պարգեւում նայողին։ Երբ այդ մասին ասացի մայրիկիս, մայրս ամեն անգամվա նման ասաց․

- Որովհետեւ դու էլ պապիդ կտորն ես։ 

Ամենատարօրինակը, սակայն, մորս եւ Ելենա Պավլովնայի հարաբերություններն էին։

Մարդ չգիտեր՝ ով է հարսը, ով՝ սկեսուրը։ Տասը տարուց ավելի մայրս տան միակ տնտեսուհին էր, խոհարարը, գնորդն ու վաճառողը։ Իսկ մայրիկս տան իրերից շուտ ձանձրանալու եւ դրանք վերավաճառելու սիրահար է։ Եվ ահա՝ այդ դերը պիտի կիսի սկեսրայրի նորագյուտ կնոջ հետ։ Չկարծեք, թե տասը տարեկան տղա երեխան կարող էր այսքան հստակ պատկերացում ունենալ հարսի եւ սկեսուրի մթին հարաբերությունների մասին։ Պարզապես ծյոծ Ելենան այնքան խորը հետք է թողել իմ հետմանկության ու վաղ պատանեկության հուշերում, որ մինչեւ հիմա էլ, մտքերիս հեռավոր հուշերում հազար անգամ կենդանացնում եմ նրան ու մտովի վերլուծում մեր տան այդ շրջանի մթնոլորտը։

Արդեն ասացի, որ հայրիկս եւ հորաքույրս նրան չսիրեցին եւ նույնը պատվիրեցին մորս։ Հայրս այդպես էլ ասաց մորս․

- Դրան բանի տեղ չդնես։

Բայց մայրս որոշեց ի՛նքը սահմանել իր ու ռուսի դրվածքը։ Ռուսը մայրիկիս առաջին իսկ օրերին սովորեցրեց մազերը ճիշտ գանգրացնել, բիգուդիները փաթաթել ոչ թե դեպի ներս, ինչպես տարիներ շարունակ անում էին մայրս եւ հորաքույր Աշխենը, այլ՝ դեպի դուրս։ Մայրս շատ հավանեց այդ գյուտը եւ երբ այն մեծ ոգեւորությամբ կիսեց տալի հետ, խնամքով գաղտնի պահեց գյուտարարի անունը։ Հորաքույր Աշխենին սովորեցրեց նաեւ ավազով դիմակ դնել, եղինջով լվանալ մազերը։ Ինձ բանի տեղ չդրեց, չպատվիրեց, որ ես էլ գաղտնի պահեմ՝  մտածելով, որ, մեկ է՝ ես ոչինչ չեմ հասկանում երկու կանանց ռուսերեն խոսակցությունից։ Մայրս որոշեց, որ Ելենա Պավլովնան այնքան էլ վատ խորհրդատու չէ, եւ կարելի է կենցաղավարության եւ ինտիմ հարցերի շուրջ արժեքավոր դասեր առնել կիրթ ու բանիմաց լենինգրադցուց։ Եվ ամեն օր երկու գրեթե հասկակակից կանայք սկսեցին ինձ փոքրիշատե հասկանալի լեզվով խոսել ու խոսել։ Իսկ դու գիտե՞ս, որ մազերը լվանալուց հետո սրբիչով չեն չորացնում, այլ՝ արեւի տակ, վայ, չէ, չգիտեի, հա-բա՞, եղունգներն էլ ացետոնով մաքրելուց հետո ճիշտ կլինի օճառով լվացվել, հետո ներկը քսել։ 

Ամեն ինչ լավ էր կամ մոտ էր լավ լինելուն, քանի դեռ ճաշ պատրաստելու կամ ճաշ ուտելու ժամը չէր։ Խոհանոց՝ ահա այս երկու կանանց բաժանարար գիծը, լուռ ու քաղաքավարի թշնամանքի պատճառը։ Մեղավորը դարձյալ տղամարդիկ էին։ Պապս չէր ուզում ուտել մորս պատրաստած կերակուրները, ստիպում էր, որ իր կինը պատրաստի։ Հայրս բերան չէր տալիս ռուսի եփածներին։ Մինչեւ հիմա չեմ կարողանում հասկանալ մեկմեկու եփածը չուտելով վիրավորանք ցույց տալու  հայկական սովորությունը։ Մայրս անգիր գիտեր ոչ միայն իմ ու հորս, նաեւ հորաքրոջս ու նրա ամուսնու նախասիրությունները, որոնք գրեթե ամեն օր կամ օրընդմեջ գոնե մեր տանը ճաշում կամ ընթրում էին։ Էն էլ ասենք, որ շատերի անխախտ կարծիքով՝ մայրս հրաշալի խոհարար է։ Մինչ օրս։ 

Ելենա Պավլովնան միակ բանը, որ պապիս կարող էր ուտեցնել, երշիկով ակրոշկան էր ու նրբերշիկով բորշչը։ Երբ հայրիկն ու հորաքույրը ծաղրում էին ծյոծ Ելենայի խոհարարական տաղանդը, ես նեղվում էի։ Լացս գալիս էր։ Այդ ժամանակ ուզում էի գնալ, փաթաթվել ծյոծ Ելենային ու ասել, որ ուշքս գնում է իր պատրաստած երշիկով ու նրբերշիկով ճաշերի համար, իր փափուկ ու աշնան տերեւի գույնի մազերի համար, իր փոսիկներով ծիծաղի համար, եւ որ ինքը լավն է, շատ լավը։ Բայց ամաչում էի իրենից ու մայրիկից, վախենում հայրիկից ու փեսա Կարլենից, որն ինձ էլի «ղզիկ» կանվանի, հայրիկը կկռվի մայրիկի հետ, կասի՝ էս չի՞ քո դաստիարակածը․․․ Չէ, ավելի լավ է լուռ կուլ տամ ծյոծ Ելենային հասցված վիրավորանքը, քան մասնակցեմ այդ տեսարանին։ 

Եվ ահա՝ ռուսը խոհանոցում ճաշ է եփում։ Ամառ է։ Ծյոծ Ելենան հագել է դեղին լիմոններով իր սիրուն շորը, որի վրայից լիմոնի օճառի հոտ է գալիս։ Կարծես շորի վրայի կիտրոններն են բուրում՝ անո՜ւշ, անո՜ւշ։ Մայրիկն ու հայրիկը հորաքույր Աշխենի հետ քաղաք են գնացել, պապիկն էլ թթենու տակ նստած՝ նարդի է խաղում փեսա Կարլենի հետ։ Ես նստել եմ խոհանոցի թախտին, ոտքերով տմբտմբացնում եմ թախտի տախտակներին ու հետեւում ծյոծ Ելենայի շարժումներին։ Ուզում եմ խոսքի բռնվել ծյոծ Ելենայի հետ, հարցնել իր մանկությունից, կամ, ասենք՝ ավելի շատ նրբերշիկ է՞ սիրում, թե՞ սովորական երշիկ, ջեմով կոնֆե՞տ է սիրում, թե՞ շուշա, կամ՝ փոքր ժամանակ վատ երազներ շա՞տ է տեսել։ Չեմ հարցնում։ Ամաչում եմ, քաշվում։  

Ծյոծ Ելենան վերջացրեց իր ճաշը, մազերը քանդեց, նորից հավաքեց ծոծրակին ու դուրս եկավ պատշգամբ։ Հանկարծ հիշեց, որ մի քանի լվացված շորեր ունի պարանին փռելու։ Բերեց փոքրիկ ճաղերով զամբյուղն ու սկսեց միջի շորերը կախ տալ պարանին։ Փոքր ժամանակ սիրում էի ծալապատիկ նստել այդ կանաչ վանդակավոր զամբյուղի մեջ։ Մեկ էլ լսեցի, որ պատշգամբի տակ դինջ-դինջ նարդի խաղացող փեսա Կարլենը բարձր-բարձր ծիծաղում է, պապս ինչ-որ ռուսերեն բառեր, երեւի հայհոյանքներ է մռլտում, իսկ շփոթված ծյոծ Ելենան չի իմանում՝ ինչպես ներողություն խնդրի ու արդարանա։ Պատշգամբից նայեմ՝ ինչ տեսնեմ՝ թաց կրծկալը պապիս գլխին, պապս՝ զայրացած աչք-ունքով, փեսա Կարլենն էլ փորը բռնած ծիծաղում է։ Ես էլ կուզեի քահ-քահ ծիծաղել․ պապս իսկապես շատ զվարճալի էր, բայց որ պատկերացրի՝ ծյոծ Ելենան ավելի շատ կնեղվի, ձայն չհանեցի։ Ելենա Պավլովնան մտավ իր սենյակը, կողպեց դուռը։ Ես էլ նրա հետեւից գնացի, նստեցի դռան տակ, ոտքերս հավաքեցի տակս՝ ինչպես փոքր ժամանակ այն կանաչ վանդակավոր զամբյուղի մեջ, որտեղից Ելենան պապիս գլխին սահեցրեց այդ չարաբաստիկ բանը։ 

Երեկոյան բոլորը հավաքվեցին ճաշի սեղանի շուրջ։ Բոլորը՝ բացի Ելենա Պավլովնայից։ Երեկոն նման չէր նախորդներին։ Փեսա Կարլենը հասցրել էր բոլորին պատմել եղածը, եղածին էլ գումարվել էր նրբերշիկով անհամ բորշչը։ Միայն իմ տրամադրությունն էր ուրիշ։ Ես նեղվել էի ծյոծ Ելենայի համար։ Հանկարծ չթողնի ու գնա․․․ Չէ, հանգստացնում էի ինքս ինձ։ Ինչ է եղել, որ թողնի-գնա։

Առավոտյան պապս ու ծյոծ Ելենան հեռացան մեր տնից։ Գնացին վարձով ապրելու։ Հայրս ու հորաքույրս թեթեւացած շունչ քաշեցին։ Ես տխուր նայում էի ծյոծ Ելենայի սենյակի դռանը, որը չէր բացվում, եւ դուրս չէր գալիս իմ Ելենան՝ գույնզգույն շորիկներով ու փոսիկավոր ժպիտով։ Ինչու էի այդպես սիրում նրան․ ախր մի առանձնահատուկ վերաբերմունք էլ չուներ իմ նկատմամբ։ Չգիտեմ։ Մի օր էլ հորաքույր Աշխենը մորս ու հորս աչքալուսանք տվեց, թե պապն ու ռուսը մեկնել են Լենինգրադ։ Ընդմիշտ։

Տխուր էր մեր տունն առանց այդ լուսավոր ու տարբերվող էակի։ Տխուր էր ինձ համար։ Մեր տանը առհավետ մոռացան Ելենա Պավլովնային։ Բոլորը, բայց ո՛չ ես։ Էն ռուսը, ծյոծ Ելենան, Ելենա Պավլովնան ոչ մեկի շուրթերից դուրս չեկավ։ Նույնիսկ երկար ժամանակ երշիկ ու նրբերշիկ չէին առնում։ Մի քանի տարի անց պապս միայնակ եկավ Պետերբուրգից՝ կռացած, ծերացած, հիվանդ ու հոգնած։ 

Տարիներ անց արդեն ինձ համարելով հասուն ու կայացած տղամարդ՝ Ռուսաստանից մորս հեռախոսով պատմեցի հավանածս կնոջ մասին։ Կատյայի։ Մայրս լուռ լսեց Կատյայի անհավանական գեղեցկության, բազմաթիվ շնորհների մասին ու միմիայն իրեն հատուկ սառնասրտությամբ ասաց․

- Կնիկը պիտի հայ ըլնի։
 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ