Կառուցվածքը ռազմավարությունից առաջ է ընկել

Կառուցվածքը ռազմավարությունից առաջ է ընկել
Գագիկ Մակարյա

Ներքին շրջանառության մեջ դրված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության» աշխատանքային նախագիծը լայնորեն քննարկվում է։ Մեզ հետ զրույցում Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը մտավախություն հայտնեց, թե այնպես չլինի, որ միավորումները լինեն մեխանիկական պրոցես։ Բայց նա արդեն ֆիքսում է, որ այս պահի դրությամբ կառուցվածքն առաջ է ընկել ռազմավարությունից։

«Կրճատումները, նախարարությունների վերամիավորումները, չգիտեմ՝ ձուլումները, պետական նոր կառույցների ստեղծումն անպայման պետք է բխեն Հայաստանի մարտահրավերներից ու ռազմավարական կարեւոր ուղղությունների զարգացման անհրաժեշտությունից։ Այդ ռազմավարությունների մեջ կա ԵԱՏՄ, ԵՄ, որի շրջանակներում ներդաշնակեցում ու օրենքների բարեփոխումներ պետք է անենք, կան ԱՄՆ, կան երրորդ, հարեւան երկրներ։ Այսինքն՝ պետական մարմինների փոփոխությունները որպես ստրուկտուրա պետք է ծառայեն իր մարտահրավերներին ու ռազմավարություններին»,- ասում է Գագիկ Մակարյանը։ Նա նկատում է, որ միգուցե կառավարությունը, որը հունվարին իր ծրագիրը բերելու է ԱԺ, արդեն գիտի, տեսնում է այդ ռազմավարությունները, դրա համա՛ր է կատարում այդ փոփոխությունները։ Բայց, ասաց, եթե պարզվի, որ դեռ չորոշած ռազմավարությունները, կառուցվածքն են փոփոխել, շատ տխուր կլինի։


Ի դեպ, նույն բանը, մշակույթի նախարարության կտրվածքով միայն, ասաց Երեւանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։ «Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ մշակութային տեսլական ունի կառավարությունը, որովհետեւ ձեւը չի ենթադրում բովանդակություն։ Ֆրանսիայում օրենսդրության մեջ գրված է, որ Ֆրանսիան մշակութային երկիր է, եւ մշակույթ պահելն ու զարգացնելը յուրաքանչյուր ֆրանսիացու պարտքն են։ Սա իրենց տեսլականն է, որի վրա կառուցվում է ամեն ինչ։ Երբ պարզ դառնա մեր տեսլականը, որոշվի ու ձեւակերպվի, նոր այդ ժամանակ կարելի է խոսել ձեւի՝ կառուցվածքի մասին»,- ասում է Ռուբեն Բաբայանը։
Գագիկ Մակարյանը, ի տարբերություն շատ-շատերի, որոնք պնդում են, որ սփյուռքի նախարարությունն անիմաստ կառույց է, հակառակը, գտնում է, որ «սփյուռք» անունը Հայաստանի դեպքում անպայման պետք է երեւա։ «Իմ կարծիքով՝ սփյուռքի նախարարության՝ ԱԳՆ կազմում ներառելն այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ սփյուռքը մեզ համար շատ ուժեղ կողմ է, Հայաստանի ամենաուժեղ կողմերից մեկը՝ որպես լավ «հնարավորությունների մեծ փաթեթ»։

Այսինքն՝ սփյուռքի հետ ճիշտ աշխատելը, սփյուռքից ճիշտ ակնկալիքներ ունենալը կամ հենց սփյուռքին օգնելը շատ կարեւոր են, եւ այսօր մենք տարբեր պետությունների օրինակով տեսնում ենք, թե ինչպես են նրանք իրենց ուժերը դասավորում եւ ինչպես են մեզ փորձում դուրս մղել, խեղճացնել եւ այլն։ Նույն՝ ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրներ։ Այսինքն՝ Հայաստանին մենակ չթողնելու տեսանկյունից շատ կարեւոր է»,- մեկնաբանեց Գագիկ Մակարյանը։ Նա վախենում է, թե սփյուռքի հետ կապված լիազորությունները տարրալուծվեն ԱԳՆ-ի կազմում։ Օրինակ՝ երբ ուղղակի Հայաստանի տարբեր դեսպանատների տրվեն հանձնարարություններ, որ ամեն մեկը փորձի տվյալ երկրում սփյուռքի հետ ինչ-որ ծրագրեր անել։

Ինչեւէ, երեկ Գագիկ Մակարյանը մասնակցել է Նոր տարվա առիթով վարչապետի մոտ գործարարների ընդունելությանը եւ փոխվարչապետերին ասել, որ այս փոփոխությունների արդյունքում պետական մարմինների պատասխանատվությունը պետք է բարձրանա, ու հանկարծ այնպիսի վիճակ չստեղծվի, որ պաշտոնյաները չիմանան, թե ով ինչով է զբաղվում, կա՛մ ենթակայությունները սխալ դրվեն, կա՛մ միավորումները սխալ լինեն։ «Հակառակը, այս ամենը պետք է լավացնի պետական մարմինների պատասխանատվությունը, որից բխում է այդ մարմինների ծառայությունների որակը»,- մանրամասնեց տնտեսագետը։

Անդրադառնալով հարցին, թե որքանով է նպատակահարմար տարբեր կառույցների միավորումները, նախ անդրադարձավ, այսպես կոչված՝ տնտեսական նախարարություններին։ Ըստ այդմ՝ մինչ այժմ Հայաստանն ունեցել է մի քանի նախարարություն, որոնք ստեղծել են տնտեսական հավելյալ արժեք․ տնտեսական զարգացման, գյուղնախ, կապի, տրանսպորտի, էներգետիկայի նախարարություններ եւ մասամբ՝ տարածքային զարգացման, մյուսները «ծախսող» են։ Հիմա, օրինակ, 2 հավելյալ արժեք ստեղծող նախարարություններ՝ գյուղն ու տնտեսական զարգացման նախարարությունները, միավորվում են՝ դառնալով սուպերնախարարություն (3-4 այլ սուպերնախարարությունների հետ), իսկ սա, ըստ Մակարյանի, նշանակում է, որ ավելանալու է տեղակալների թիվը, որպեսզի կարողանան ֆունկցիոնալ համակարգել։ Բայց գլոբալ որոշումները պետք է կայացնի նախարարը, ու այստեղ է, որ, ըստ Մակարյանի, կարող է փոխվել որոշումների կայացման ձեւը։

«Մանր-մունր խնդիրները, որոնցով միշտ, ընթացիկ զբաղվել են, դրանք պետք է փոխարինվեն ավելի գլոբալ խնդիրներով։ Եթե խոսում ենք մակրոտնտեսական զարգացման տեսանկյունից եւ ունենալու ենք սուպերնախարարություն, որը մակրոտնտեսական զարգացման մեջ ունի լուրջ դերակատարություն, որովհետեւ ինքն այլեւս ամբողջ տնտեսության պատասխանատուն է, նման խոշոր միավորումների դեպքում կառավարումն ավելի ռիսկային է դառնում, որովհետեւ, եթե մեկ նախարարության ներսում որոշ նախարարներ իրենց չեն արդարացրել, ապա սուպերնախարարության դեպքում ռիսկը կրկնակի է ավելանում»։
Նաեւ Մակարյանը վախենում է, որ միանալով՝ նախարարություններն աշխատելու են հին մոդելով։ Այսինքն՝ բոլոր միացվողները մնալու են իրենց հին շենքերում, բոլորն՝ առանձին-առանձին էլի նույն գործն անեն, բայց՝ մեկ նախարարության անվան տակ։

Հիշեցնենք, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ենթակառուցվածքների փոփոխությունների բազում ծրագրեր ունի։ Գագիկ Մակարյանը չի բացառում, որ այս փոփոխությունների համար մեզ անգամ փող տան՝ հավանության արժանացնելով Հայաստանում թափանցիկ կառավարումը, դեմոկրատիան, թավշյա հեղափոխությունը, բայց եթե պետական ապարատը չգիտակցի իր աշխատանքն ու կրկին ծանրաբեռնվի, ինչպես Մակարյանն ասաց՝ «մանր-մունր ապուշություններով» ու ժամանակ չունենա զբաղվել իր հիմնական առաքելությամբ, մեծ հաջողության չի հասնի։

«Նախարարությունները 9-8-ն աշխատում են։ Չես հասկանում՝ էդ 11 ժամում իրենք ի՞նչ են անում, ի՞նչ են ստեղծում, ինչո՞ւ են մինչեւ 8-ը մնում։ Ինչո՞ւ 18-ից չեն կարում տուն գնան։ Կամ՝ ինչո՞ւ 11 ժամ աշխատելով՝ ոչ մի էական բան չեն ստեղծում… սուտումուտ նամակների՞ են պատասխանում, ստից հավաքվում, ժողովներ են անում»,- ասում է մեր զրուցակիցը։ Սա, նրա խոսքով, մեր ներկայի, անցյալի ու ավելի վաղ անցյալի մեր պետական ապարատի հիվանդությունն է։