Քաղաքապետարանը նույն` նախկին իշխանությունների գործելաոճը շարունակում է եւ մեկ գիշերվա մեջ ինքնագլուխ որոշում է կայացնում․ տեսանյութ

Քաղաքապետարանը նույն` նախկին իշխանությունների գործելաոճը շարունակում է եւ մեկ գիշերվա մեջ ինքնագլուխ որոշում է կայացնում․ տեսանյութ

Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամներն այսօր կառավարության շենքի դիմաց էին։ Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց՝ կառավարության այսօրվա օրակարգում ընդգրկված է մի հարց, որն առնչվում է քաղաքապետարանին․ «Բայց մինչեւ դրան անդրադառնալը հակիրճ ներկայացնեմ․ դա կապված է աղբահանության խնդրի հետ, որը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից քաղաքապետարանի կողմից բանակցվում է «Սանիթեքի» հետ, եւ անընդհատ ասում են, որ պետք է լուծումներ գտնել, խուսափենք աղբահանության ճգնաժամից մայրաքաղաքում, եւ հիշում եք, որ ձմռանը, երբ աղբահանության վիճակը վատթարացավ, ակնհայտ էր, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, թե՛ այս սեզոնին, թե՛ ամռանը սպասվում է աղբահանության շատ լուրջ ճգնաժամ, եւ քաղաքապետարանը հայտարարեց, որ պետք է ձեռք բերի նոր մեքենաներ, որպեսզի հնարավոր լինի շահագործումն իրականացնել։ Մեր խմբակցության կողմից կա պնդում, որ այն գնումը, որը հայտարարվում է, թեպետ անհրաժեշտություն է, բայց, այդուհանդերձ, այդ գնումն ուղղված է մեկ կազմակերպության։ Մենք ասում էինք՝ 900 միլիոն դրամանոց գնումը նման կերպ իրականացնել ճիշտ չէ, եւ պետք է այն լինի բացարձակ օրինական, քաղաքապետարանը մեր կոչը չլսեց եւ հայտարարեց այնպիսի մրցույթ, որով կարող  է մասնակցել միայն «ԿամԱԶ» մակնիշի մեքենան»։

Խաժակյանի խոսքով՝ իրենք դիմել են քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի փոխվեն տեխնիկական բնութագրերը․ «Հարգելի քաղաքապետ, եթե մենք չփոխենք տեխնիկական բնութագրերը, ապա այն կազմակերպությունները, որոնք շահառու են տվյալ մրցույթում, կարղ են դիմել դատարան, եւ մեքենաները բերելու գործընթացը կերկարի։ Որպեսզի մենք կարողանանք ապահովել օրինականությունը, դիմում ենք Ձեզ՝ փոխեք տեխնիկական բնութագրերը։ Բայց իրավիճակը գնաց այլ ուղղությամբ, եւ գնումների բողոքարկման խորհրդի ներկայացուցիչն այդ գնումը կասեցրեց, եւ բողոքի ավարտին շատ հստակ նշվում է, որ գնման առարկայի բնութագիրը սահմանելիս պետք է հաշվի առնեն, որ դրանք պետք է բավարարեն մեկից ավելի հնարավոր մասնակիցներ, եւ եթե մեկից ավելի գնումը չի սահմանվում, ապա այդ գնումն անօրինական է, պարտավորեցվեց քաղաքապետարանին՝ փոխել տեխնիկական բնութագրերը եւ հայտարարել մրցույթ։ Այդ ժամանակ ես եւս քաղաքապետին դիմեցի, որպեսզի շատ արագ մրցույթը հայտարարվի, եւ մենք արդեն իսկ այսօր կունենայինք նոր մեքենաներ, եւ քաղաքապետարանը դիմեց դատարան, որպեսզի վիճարկի գնումների բողոքարկման խորհրդի որոշումը։ Եվ այսօր քաղաքապետարանը դիմել է կառավարությանը, եւ քննարկվում է այս որոշումը, որով քաղաքապետարանին պետք է հնարավորություն տան մեկ անձից գնում իրականացնել այն գնման դեպքում, որը դատարանում է գտնվում քաղաքապետարանի իսկ կողմից։ Այնքան ինքնանպատակ է մեկ կազմակերպությունից գնելը, որ քաղաքապետարանը դիմեց դատարան, սպասեց, որ վիճակը քաղաքում այսքան վատթարանա, որպեսզի այդ հիմնավորումով կարողանա գնումը կատարել հենց այդ մեկ անձից։ Երկու կազմակերպություն կարող էր այս գնումը կատարել, հստակ կա մեկ նպատակ՝ գնումը կատարել հենց այդ կազմակերպությունից»։

Նա նաեւ արձանագրեց, որ տենդերների խնդիրը Հայաստանում ինչպես եղել է՝ պայմանավորված է, այդպես էլ տպավորություն  է ստեղծվում, որ շարունակվում է այդ գործընթացը․ «Հակամրցակցային համաձայնություն․․․ ինչպես դասականն էր ասում՝ կոռուպցիան պոզով-պոչով չի լինում։ Ես մի դեպք եմ Ձեզ հիշեցնում․ հեմոդիալիզի դեպքը, որը ՊՎԾ-ի հետ կապված քննվում է, բայց ինչ ներկայացնում ենք, հենց համապատասխանում է այդ դեպքին։ Գրել են մեկ կազմակերպության համար տեխնիկական բնութագրեր եւ այդպիսի գնում էլ ցանկանում են կատարել։ Պարզապես այն դեպքում եղավ ԱԱԾ-ի միջամտությունը, եւ պրոցեսը կանգնեցվեց, այս դեպքում եղավ կառավարության միջամտությունըն եւ պրոցեսին ընթացք տրվեց»։

Նույն խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն էլ նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամները մեկնաբանություններում նշել են, որ 25 մեքենաներն արդեն մրցույթով հաղթող ճանաչված կազմակերպությունը կբերի, իսկ 5 մեքենաների համար կառավարությունն այսօր որոշում կկայացնի․ «Քիչ առաջ «Սանիթեքն» իր հայտարարությունն արեց եւ ասեց, որ քաղաքը չի կատարել աշխատանքների իր հասանելիք մասը, դրա համար աղբահանությունը ծայրահեղ վիճակի է հասել։ Ոչ մեկս տեղյակ չենք, որ «Սանիթեքը» դիմել է քաղաքապետարանին։ Քաղաքային իշխանությունը փակված է «Իմ քայլը» խմբակցության մեջ»։

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն էլ ասաց․ «Ես ուզում եմ ուղիղ համեմատականներ տանել 9 ձնամաքրման մեքենաների գնման հետ կապված՝ առանց մրցույթի եւ ներկայիս՝ երեկվա հայտարարության հետ կապված «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամների, ինչը նուրբ լղոզեց քաղաքապետի մամուլի խոսնակը։ Հստակ խուճապահար են եղել «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամները, որովհետեւ նրանք նույն՝ նախկին իշխանությունների գործելաոճը շարունակում են եւ մեկ գիշերվա մեջ ինքնագլուխ որոշում են կայացնում, իրենք պատրաստում են փաստաթղթերը։ Նախորդ 9 ձնամաքրման մեքենաներն առանց մրցույթ գնելու ժամանակ քաղաքապետարանի պաշտոնական կայքում լուր տեղադրվեց, որ մրցույթում հաղթող է ճանաչվել «ԿամԱԶ» ընկերությունը, եւ մենք բացեցինք գնման ակտերը, հստակ երեւաց, որ գնումը կատարվել է մեկ անձից, ներկա իրավիճակը նույնն է։ Մնում էր մրցման չափորոշիչների մեջ գրել՝ պետք է սկսվի «Կ» տառով եւ վերջանա «Զ» տառով․ միայն դա է մնում»։