Մինչեւ Վիկտոր Մնացականյանի դուրս գալը քաղաքապետարանում խուճապ է տիրել

Մինչեւ Վիկտոր Մնացականյանի դուրս գալը քաղաքապետարանում խուճապ է տիրել

Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանի «բեմելը» տեղի ունեցավ Օպերայի շրջակայքի սրճարանների քանդման օրերին՝ երբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Մնացականյանը դուրս եկավ ցուցարարների եւ լրագրողների մոտ եւ փորձեց հանգստացնել նրանց, բացատրություններ տալ, նվազեցնել դժգոհության ալիքն ու ապահովել քանդման բարեհաջող ընթացքը։ Մեր տեղեկություններով, բուլդոզերների դեմը պառկած մարդկանց բազմությունն այդ օրերին սարսափեցրել էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմին եւ քաղաքապետին։

Քաղաքապետարանում խուճապի տրամադրություն էր տիրում եւ ոչ ոք վստահ չէր, որ ամեն ինչ բարեհաջող է ավարտվելու։ Թերեւս հակառակը՝ կարծում էին, որ այդ ձեռնարկը ձախողման է դատապարտված, քանի որ պայքարողները շատ մարտական էին տրամադրված, իսկ ոստիկանությունը, հասկանալի պատճառներով, չէր կարող առանձնապես ակտիվ լինել։ Այդ առումով, կարելի է ասել, որ Վիկտոր Մնացականյանը գրեթե փրկեց քաղաքապետարանին։ Ճիշտ է՝ բոլորը սկսեցին հիշել, որ Մնացականյանների ընտանիքն էլ ռեստորան ունի՝ «Երեւանյան գիշերները», որ նա «Ջազվեի» սեփականատեր Միքայել Միասյանի մտերիմն է եղել՝ քավոր-սանիկական հարաբերություններ կան։

Ու թեեւ լուրեր են շրջում, որ «Ջազվեն» վաճառվել է, բայց Մնացականյանին մեղադրեցին ընկերներին դավաճանելու, հանուն պաշտոնի մերձավորների դեմ դուրս գալու համար։ Հիշեցին, որ Վիտյան եղել է նաեւ Հովիկ Աբրահամյանի օգնականը եւ այլն։ Հարցազրույցներում էլ այնպես չէ, որ Մնացականյանի ճշգրիտ էր՝ հենց միայն՝ «բռատ 81 տոկոս» ձայն է ստացել Մարությանը, արտահայտությունն ինչ ասես արժեր։ Բայց ամեն դեպքում որոշ խավի  դուր եկավ նրա տղամարդկային կեցվածքը, որ չվախեցավ, ի տարբերություն քաղաքապետարանի բարձրաստիճան այլ պաշտոնյաների, դուրս եկավ մարդկանց մոտ եւ փորձեց հիմնավորել իրենց որոշումը։