Իշխանության ո՞ր մի խոսքին հավատան, եթե մինչ օրս ոչ ոք զինվորի մահվան համար չի պատժվել 

Իշխանության ո՞ր մի խոսքին հավատան, եթե մինչ օրս ոչ ոք զինվորի մահվան համար չի պատժվել 

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հենց հաջորդ օրը կառավարության նիստին Նիկոլ Փաշինայնն ու Սուրեն Պապիկյանը միահամուռ կերպով վստահեցնում էին, թե հրդեհի ու 15 զոհի մեղավորներն ու պատասխանատուները պետք է անպայման բացահայտնվեն և պատժվեն։ Բայց նրանց խոսքերին ոչ ոք չէր հավատում, քանզի դրա համար ուներ նախկինից մնացած դառը փորձ։ Նախ՝ Փաշինյանը որևէ պատասխանատվություն այդպես էլ չկրեց պատերազմի ու դրա հետևանքով ունեցած շուրջ 5 հազար զոհերի համար։ Բացի այդ, մարդկանց  հիշողության մեջ թարմ է դեռ անցյալ տարի ամռանը Սյունիքի մարզում դարձյալ հրդեհի հետևանքով մահացած Պալյան Պողոսյանի մահվան ահասարսուռ դեպքը, որի մասով մինչ օրս դեռ քննություն է ընթանում և ոչ մեկը այդպես էլ չի պատժվել։ Այն ժամանակ էլ էին վստահեցնում, որ մեղավորները պետք է բացահայտվեն ու պատժվեն՝ մոռանալով, որ մեղավորները հենց իրենք են՝ այդպես հայտարարողները, քանզի բանակի պատասխանատուն ու զինվորին այսպիսի խայտառակ պայմաններում պահելու թիվ մեկ մեղավորը հենց իրենք են՝ երկրի բարձրագույն ղեկավարությունը՝ սկսած առաջին դեմքից ու պաշտպանության նախարարից։

Հիշեցնենք, 2022 թվականի հուլիսի 17-ին Սիսիանի դիրքերում այրվել էր զինվորների կացարանը, որը կացարան անվանելը, իհարկե, մեծ ճոխություն կլիներ՝ ընդամենը թաց գետնին տեղադրված մի խարխուլ վրան էր։ Հրդեհից այրվածքներ էր ստացել ու հուլիսի 26-ին մահացել ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը։ Բնականաբար՝ հարուցվել էր քրեական գործ, բայց մինչ օրս որևէ մեկը այս գործով պատասխանատվության չի կանչվել, որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Բայց դա չի խանգարում զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանին գնալ Հանրայինի եթերում հայտարարել, թե հրդեհի կամ անվտանգության կանոնների խախտման դեպքերով քրեական վարույթները քննվում են, մարդիկ պատասխանատվության են ենթարկվում են:

Պալյան Պողոսյանի մահվան դեպքից անցել է շուրջ կես տարի, ու մինչ օրս զինծառայողի ծնողները չեն կարողանում հանդիպել ոչ դատախազի, ոչ պաշտպանության նախարարի հետ, որպեսզի պարզեն իրենց որդու մահվան հանգամանքներն ու իմանան՝ ում թույլ տված հանցավոր անփութության հետևանքով կամ գուցե դիտավորությամբ կատարված քայլերի պատճառով իրենց որդին այրվեց այսպես կոչված կացարանում։

ՄԵնք դիմեցինք Քննչական կոմիտեին՝ ևս մեկ անգամ ստանալու թարմ տեղեկություն այս գործով, որ համոզվենք՝ իսկապե՞ս որևէ մեղադրյալ չկա։ Քննչական կոմիտեից տվեցին հերթական հերթապահ պատասխանը, որը տվել ու տալիս են, հավանաբար, զոհված զինծառայողների հարազատներին՝ ամիսներով ու տարիներով նրանց թողնելով անորոշության մեջ։

Ահա Քննչականի պատասխանը․  «Նշված դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում 2022թ․ հուլիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել Պ․ Պողոսյանին, և ևս 3 անձի տուժող ճանաչելու մասին: Պ. Պողոսյանի՝ մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժկական փորձաքննություն: Նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել դատահրդեհատեխնիկական, դատաբժշկական և դատանյութագիտական փորձաքննություններ նշանակելու մասին, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել: Հարցաքննվել են մարտական դիրքում մարտական հերթապահությունն իրականացնող անձնակազմը, համածառայակիցները, սպայական անձնակազմը, Զանգեզուրի կայազորային հոսպիտալի բժիշկները: Նախաքննության ներկա փուլում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան։ Ենթադրյալ հանցանքի և հանցանք կատարած անձանց առկայությունը հնարավոր կլինի պարզել նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց և դրանցից բխող քննչական և վարույթային գործողությունները կատարելուց հետո: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»։

Այսքանից հետո այս իշխանությոններն ուզում են, որ իրենց խոսքին հավատա հանրությունը, երբ երկու տարուց ավելի է՝ տեսնում է, որ ոչ մի հանցագործություն չի բացահայտվում, ոչ ոք իր գործած հանցանքի համար չի պատժվում։