Նիկոլի գրքի հակառակ կողմը

Նիկոլի գրքի հակառակ կողմը

«Կոխեմ ձեր Ամերիկան, կոխեմ ձեր Եվրոպան, ընդհանուր առմամբ և ըստ երկրների, կոխեմ ձեր Ռուսաստանը, կոխեմ ձեր ջհուդա-մասոնականությունն էլ, Սորոսն էլ վրեն. ո՞վ է այն երջանիկը, որ մեզ կարող է ուղղորդել…»։ Սա Նիկոլ Փաշինյանի վեպի այն նախադասությունն է, որի տակ պատրաստ եմ ստորագրել որպես ՀՀ ներքին և արտաքին քաղաքական հաստատուն կողմնորոշիչ, բայց քանի որ «իրավիճակ է փոխվել», սա, ցավոք, Նիկոլի, այլ ոչ թե Փաշինյան վարչապետի միտքն է: (Մինչև 2018 թ. մայիսի 8-ի Ն. Փաշինյանին պայմանականորեն կոչենք Նիկոլ, իսկ հաջորդող շրջանի Ն. Փաշինյանին`Փաշինյան): Եվ, եթե Նիկոլը մնար Նիկոլ, նրա վեպը ձեռքս չէի վերցնի, բայց Նիկոլն էլ Նիկոլ չէ… Եվ, քանի որ Փաշինյանին շատերս հարցեր ենք ուղղում իր մտածումների մասին և մնում անպատասխան կամ ստանում լղոզված պատասխաններ, ուստի ստիպված եմ պատասխաններ փնտրել «Երկրի հակառակ կողմը» վեպում: Իսկ քեզ, ողջամի՛տ ընթերցող, պատասխանները կտամ հարցերի միջոցով: Բայց մինչ այդ՝ վեպի մասին:

«Ըստ էության՝ սա, գաղափարական առումով, իբրև հրապարակախոսություն, թավշյա հեղափոխության նախապես գրված ծրագիրն է». այսպես է կարծում «Երկրի հակառակ կողմը» գրքի խմբագիրը:

Նշենք, որ վեպն, ըստ հեղինակի, գրվել է իր՝ ընդհատակում եղած ժամանակ և նույն շրջանում հատվածաբար հրապարակվել է «Հայկական ժամանակ» պարբերականում: (Հիշեցում. 2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո Նիկոլն անցավ ընդհատակ, ապա 2009 թ. հուլիսի 1-ին ներկայացավ ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ և ձերբակալվեց, կալանավորվեց, դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, իսկ արդեն 1 տարի 10 ամիս անց համաներմամբ ազատ արձակվեց):

«Երկրի հակառակ կողմը» ներկայացնում է Նիկոլի մտացածին շուրջերկրյա ճանապարհորդությունը: Մտացածին, քանի որ, ըստ հեղինակի, նա չի բացակայել Հայաստանից: Ինչպես հայտնի է, տարիուկես շարունակ համապատասխան մարմիններին կամ չի հաջողվել հայտնաբերել Նիկոլին կամ էլ… կամ էլ ինձ հայտնի չէ այդ մարմիններին տրված հրամանը:

Ինչևէ, վեպում նկարագրությունները հետաքրքիր են, կատարված են տեղ-տեղ գրողին հատուկ փորձառությամբ ու նրբերանգներով, տեղ-տեղ՝ վարանոտ: Այստեղ այլազան հարցերի շուրջ կարելի է գտնել լիուլի անաչառ գնահատականներ:

Իմանալով, որ ճանապարհորդությունը հորինովի է՝ ընթերցողի համար դյուրին է դառնում իրական-անիրականի սահմանազատումը: Անիրական հատվածների երևակայական աշխարհն աղքատիկ չէ, հաճախ ընդմիջվում է անցյալի իրական հուշերով, ինչն էլ, իր հերթին, հարստացնում և հիմնականում ներդաշնակում է կոմպոզիցիոն լուծումները:

Առանձին ուշադրության են արժանի նախանձելի հիշողությամբ պատկերված պատանեկան հուշերը: Դրանցում Տավուշն է իր մանրամասներով, ընկերներն են, ընտանիքը… Տատիկին նվիրված տողերում Նիկոլն անկեղծ է, ավելի, քան երբևէ:

Այդ տողերն իրոք գուրգուրանքով են գրված. այնպես, որ ընթերցողն ակամայից տատիկի հոգու համար Աստծուց գթություն է հայցում:

Չծավալվենք… վեպը պրպտումների, քննախույզ մտքերի, կատարվածի ու կատարվելիքի շղթա է: Եվ ինչքան անիրական են դեպքերը, այնքան իրական են մտածումները: Մտքերը պատահական չեն, առավել ևս պատահական չեն թղթին հանձնված մտքերը: Ինչպես նաև պատահական չէ վեպի լույս ընծայումը: «Անտարես» հրատարակչության տնօրենը պատմում է, որ «Քայլ արա»-ի մեկնարկից հետո հեղինակին է դիմել առաջարկով: Գրքի հրատարակությունն արժանացել է հավանության, պայմանավորվածությունը ձեռք է բերվել Նիկոլի, իսկ պայմանագիրը կնքվել է Փաշինյանի հետ:

«2018 թվականի հունվարին ինձ մոտեցավ մի սկսնակ հրատարակիչ և առաջարկեց կազմակերպել «Երկրի հակառակ կողմը» վեպի տպագրությունը՝ առանձին գրքով։ Ես թերահավատությամբ վերաբերվեցի այդ գործը կազմակերպելու նրա հմտությանը, այնուամենայնիվ, ժամանակ խնդրեցի վեպը կարդալ-խմբագրելու համար։ Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես։ Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն։ Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է։ Հիմա այս գիրքը հրատարակում է բոլորովին ուրիշ հրատարակիչ, բայց ցանկացա ընդգծել, որ սկսնակ հրատարակչի հետ մեր հունվարյան հանդիպումն էական դեր ունեցավ հետագա զարգացումերի համար»: Փաստորեն, Նիկոլի «ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն»:

«Իսկական հեղափոխություն»… իսկական հեղափոխություն անում են իսկական հեղափոխականները: Գիտե՞ք՝ Նիկոլն ինչ փայլուն է գրում իսկական հեղափոխականի մասին. «Իսկական հեղափոխականի համար մահ է իշխանությունը, որովհետև իսկական հեղափոխականը քանդում է փտած համակարգերը, իսկական հեղափոխականը անգամ զենք է վերցնում… Իսկական հեղափոխականը պետք է ազատագրի իշխանական կաբինետներ, մաքրի այդ կաբինետներն այնտեղ սերտաճած տգետներից, բայց իսկական հեղափոխականը չպետք է մնա այդ կաբինետներում, այլ այնտեղ պիտի թողնի միայն հուշ իր մասին, և իր վերադարձի սարսափը պիտի ծեփի այդ կաբինետների պատերին… Հեղափոխականի, հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ` երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը… իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ, բայց չպետք է հաստատի իշխանություն և օրենքներ: Ես այսպես եմ հասկանում Չե Գևարային: Եվ ժամանակի ու պատմության փորձությունը թույլ է տալիս ասել սա. իսկական հեղափոխականը պետք է նմանվի Աստվածային ցասումի, որ գալիս է անսպասելի և հեռանում անսպասելի… Ֆիդելը նույնպիսի մեծություն կլիներ, եթե հետևեր Չե Գևարայի օրինակին. պարտադիր չէր նրա հետևից գնալ Բոլիվիա: Բավարար էր միայն Կուբայի ժողովրդին հնարավորություն տալ ասելու․ կներես, Ֆիդել, բայց դու ազատված ես աշխատանքից: Հիմա նա այլևս հերոս չէ, այլ սովորական մի բռնակալ… եթե ապրեի 60-ականների Կուբայում, կլինեի նրա` Չե Գևարայի զինվորը: Հաստատ կլինեի: Բայց արդյոք նրա հետ կմեկնեի Բոլիվիա: Որքան կուզեի պատասխանել` այո, և այդ այո-ն հնչեր հստակ ու բարձր, աներկբա ու 

միանշանակ: Բայց այո-ն միայն խոսք է, որ կարիք ունի, կարիք ունի ապացույցների, ապացույցներ, որ դեռ հարկավոր է վաստակել, հարկավոր է վաստակել»:

1. Փաշինյանը վաստակե՞ց Նիկոլի բաղձալի «այո»-ն:

2. Հնարավո՞ր է տեղի ունեցածը որակել՝ հեղափոխություն, իսկ Փաշինյանին՝ հեղափոխական:

3. Իսկական հեղափոխության» կողքին գոնե մեկ անգամ կարդացի՞ք «թավշյա», «համերաշխություն» և «հանդուրժողականություն» բառերը:

4. Ազնի՞վ է խաղալ 30 տարին մեկ անգամ խոր մրափից զարթնող և զարթնելուց հետո ավելի խոր մրափի մեջ ընկնող ազգի հետ:

«Ես ու կինս նույն բանն ենք մտածում, բայց չենք համարձակվում բարձրաձայնել: Ի վերջո, նա ավելի համարձակ է գտնվում և ասում է. - Ինչպես կարելի է այս հողերը վերադարձնել Ադրբեջանին․․․ Մենք մեր թերթում քննադատում ենք կոշտ գծի կողմնակիցներին, իսկ շաբաթ-կիրակի ինքներս էլ ասում ենք` ոչ մի թիզ հող թշնամուն: Ի՞նչ է սա, կեղծի՞ք: Ավելի շուտ` սրտի և ուղեղի հակամարտություն: Սիրտը ուզում է, ուզում է, որ դաշտավայրն իրենը լինի, որ Պամիրի լեռները փշրվեն իր հայացքի ներքո, ուղեղն ասում է` մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, և առնվազն պետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել` հանուն խաղաղության»:

«…ուղեղն ասում է` մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, և առնվազն պետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել` հանուն խաղաղության»: Այստեղ ակամայից հիշելի է դառնում Նիկոլի մերձավորներից մեկի` Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերն ազատագրված տարածքների և դրանց վերադարձը մերժողների մասին. «…տղա եք, մի տվեք… ով ասեց «ոչ մի թիզ հող», նա է այս ազգի գերեզմանափորը, նա է այս ազգին կործանողը»:

«Հանուն խաղաղության» տա՞լ Արցախի մի հատվածը… իսկ, եթե պարզվի, որ «հանուն խաղաղության» պետք է տալ Սյունիքը, ապա «հանուն խաղաղության»՝ Վայոց ձորը, ապա «հանուն խաղաղության»՝ Արարատի մարզը, ապա կրկին «հանուն խաղաղության» բացել Երևանի և ադրբեջանական դարձած Արարատի մարզի (երևի այդժամ` Աղրի դաղի վիլայեթ) միջև սահմանը և «հանուն խաղաղության» Դալմայի այգիների հայտնի սև դղյակը դարձնել Թալեաթի բարբաջած թանգարանը… «Մենք ցանկանում էինք թողնել մեկ հայ, այն էլ թանգարանում» (Թալեաթ):

5. Մասերը վտանգո՞ւմ են ամբողջը, թե հենց մասերն են ամբողջի անվտանգության երաշխիքը:

Բարեբախտաբար, վեպից վերջին մեջբերվածը Նիկոլի և ոչ թե Փաշինյանի խոսքերն են: Փաշինյանի դիրքորոշումն առայժմ սա է. «Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ Ադրբեջանից կստանանք հստակ ուղերձ առ այն, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:

6. Ինչո՞ւ Նժդեհը չէր պահանջում Զանգեզուրի «ժողովրդի ինքնորոշման իրավունք», այլ պահանջում էր միավորում Մայր Հայաստանին:

7. Ինչո՞ւ պետք է պատերազմով ազատագրված հայրենիքում ապրող ազգի մի մասն ինքնորոշվի:

8. Փոխզիջում – փոխադարձաբար զիջելը: Ինչո՞ւ և ի՞նչ պետք է զիջի հայկական կողմը:

Իհարկե, հասկանալի է, որ նախկիններից մնացած խայտառակ պայմանագրերից ու պայմանավորվածություններից հետո, Փաշինյանը, ուզի էլ, անկարող է կտրուկ և/կամ արկածախնդիր հայտարարություններ անել, բայց կուզեմ իմանալ Նիկոլի, վեպում տեղ գտած, ցանկության մասին. «Ճիշտ է, ես Կոսովոյի անկախացման պրոցեսին համակրանքով էի վերաբերվում` հույս ունենալով, որ դա դրական կազդի Ղարաբաղի անկախացման հեռանկարի վրա, բայց Մարկոյի հետ զրույցներն ինձ հանգեցրին այն եզրակացության, որ միջազգային քաղաքականության սկզբունքները, որոնք հռչակվում և արտասանվում են այն մարդկանց կողմից, ում Մարկոն անվանում է եվրոպիդըռներ և բոզ գրինգոներ, իրականում ծխածածկույթի դեր ունեն և կոչված են քողարկել իրական խաղը»:

9. Ինչո՞ւ է Նիկոլի մտապատկերում Արցախն անկախ պետություն և ոչ թե՝ Հայաստանի անբաժանելի մաս: (Հիշեցում. մինչև 2018 թ. մայիսի 8-ի Ն. Փաշինյանին պայմանականորեն կոչենք Նիկոլ, իսկ հաջորդող շրջանի Ն. Փաշինյանին`Փաշինյան)

Ինչ լավ է, որ հատվածը հորինովի է, և իրական խաղը քողարկող, միջազգային քաղաքական սկզբունքներ հռչակողներին Նիկոլը, Մարկոյի միջոցով, անվանում է «եվրոպիդըռներ և բոզ գրինգոներ»: Իսկ ո՞վ է Մարկոն: Մարկոն վեպի լավագույն հերոսներից մեկն է, ով, Նիկոլի նկարագրությամբ, «կարգին տղա է. լուսավոր, համարձակ, պատրաստ է հաղթահարել ուզածդ խոչընդոտ: Նա սիրում է իր ազգը, իր ժողովրդին, պատրաստ է կյանքը տալ նրա համար և ոչնչացնել ցանկացած մեկին, ով կվիրավորի իր ժողովրդին, իր հայրենիքը»: Մարկոյի միջոցով Նիկոլը ստացել էր Սերբիայի քաղաքացիություն: Դրվագներից մեկում Մարկոն կատակում է, թե Նիկոլը, սերբական անձնագիր ունենալով, կարող է առաջիկա խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել և ձայն տալ իր ղեկավար-ընկերներին: Այս կապակցությամբ Նիկոլը գրում է՝ Մարկոն «հույսեր էր կապում ընտրությունների հետ և փափագում էր, որ իսկական ազգային ուժերը նորից իրենց ձեռքը վերցնեն Սերբիայի ղեկը… ուզում էի, որ Մարկոյի ցանկություններն իրականություն դառնան, և սա ինձ զարմացնում էր: Չէ՞ որ եթե Սերբիայում ապրեի, ես ու Մարկոն, մեծ հավանականությամբ, հակառակ քաղաքական ճամբարներում կլինեինք»:

10. Ինչո՞ւ է Նիկոլն իրեն տեսնում իսկական ազգային ուժերի հակառակ քաղաքական ճամբարում:

«Անկեղծ ասած, ես միշտ զարմացել եմ գեյերի ու լեսբուհիների ամուսնանալու ձգտման վրա: Ինձ միշտ զարմացրել է, թե ինչու են նրանք այդքան ձգտում, որ օրենքով իրենց ամուսնանալու հնարավորություն տրվի: Ապա և փորձում են այս իրավունքի ճանաչմանը հասնել եկեղեցու կողմից: Տոկիոյում, միայն Տոկիոյում հասկացա, որ այսպիսով նրանք ուզում են երկրագնդի վրա ունենալ մեղքից զերծ իրենց տարածքը, ունենալ մի փոքրիկ ամուսնական մահիճ, որտեղ ինչ էլ անելու լինեն՝ արածը մեղք չհամարվի: Երբ Հայաստանում էի, միասեռական 

ամուսնություններն ինձ լկտիության ցույց էին թվում, Հայաստանից հեռու հասկանում եմ, որ այդ մարդիկ, գիտակցված թե ենթագիտակցորեն, ուզում են ընդամենը, որ իրենց սերը մեղք չհամարվի: Բայց սա էլ մարդկության որոշելիքը չէ, սա էլ Աստծու ընդդատյա գործերի շարքին է պատկանում». գրում է Նիկոլը «Ազատություն և կրքեր» գլխում:

«Քարկոծե՞լ քեֆ քաշել սիրող կանանց ու տղամարդկանց, խարույկի վրա վառե՞լ գեյերին ու լեսբուհիներին, կամ խմբակային խրախճանքի երկրպագուներին: Ոչ, միանշանակ` ոչ, որովհետև գեյ ու լեսբուհի զույգերն իրենց առօրյա հարաբերություններում չեն բռնանում երրորդ անձի ազատության վրա, և որքան էլ տարօրինակ է հնչում, օգտվում են իրենց ազատությունից: Ուրեմն ի՞նչ` ողջունե՞լ գեյերին ու լեսբուհիներին. ոչ, միանշանակ ոչ: Ի՞նչ անել, ուրեմն: Թողնել, որ նրանք ապրեն իրենց կյանքով, որովհետև նրանք չեն ոտնահարում մեր ազատություններն ու իրավունքները, այլ օգտվում են իրենց ազատություններից և իրավունքներից: Իսկ սա այն դեպքն է, որ չի մտնում հասարակության և անհատների պարզելիք հարաբերությունների ոլորտ, այլ պատկանում է Աստծո և անձի հարաբերությունների ոլորտին: Ուրեմն, գեյը պատասխանատու չէ հասարակության առաջ, նա պատասխանատու է Աստծո առաջ…»: Այո՛, մարդու հիվանդությունները և/կամ նախասիրությունները, եթե չեն վնասում հասարակությանը, ապա իսկապես դա «չի մտնում հասարակության և անձանց պարզելիք հարաբերությունների ոլորտ»: Բայց, երբ Փաշինյանից այս երևույթի բացահայտ քարոզի, որով և հասարակությանը վնասելու մասին հստակ դիրքորոշում է պահանջվում, նա պատասխանատվությունը դնում է նաև ժողովրդի վրա և հայտարարում, որ իր համար հայկական ընտանիքի մոդելը բարձրագույն արժեք է, ապա հավելում. «…եկեք բոլորով որոշենք՝ ինչ ենք անում․ Քրեական օրենսգրքում հոդված ենք ավելացնու՞մ, եկեք որոշենք՝ մենք էդ մարդկանց բոլորին հավաքում ենք, Հայաստանից դուրս ենք անու՞մ, մենք իրենց գոյությունը ընդունո՞ւմ ենք, թե ասում ենք՝ գիտեք ինչ, քարոզչություն մի տարեք ձեր համայնքը ընդլայնելու, ուրիշներին ներգրավելու: Չգիտեմ...»: Եթե արվամոլն իր բարքով Աստծո քննելիքն է, ապա այլասեռման քարոզի հետ «ինչ անելը» պետության և հասարակության որոշելիքն է:

11. Ի՞նչն է Փաշինյանին ետ պահում մեկ օրենսդրական կետով այս հարցը վերջնականորեն լուծելուց:

Արդարության համար նշենք, որ խնդիրը ոչ Նիկոլն է իր հետ բերել, ոչ էլ Փաշինյանն իր հետ կտանի: Հիշենք` 2004 թ. կազմված համասեռամոլ պաշտոնյաների ցուցակը, ցուցակի հեղինակի ձերբակալությունը (այլ պատրվակով) ու նրա հանդեպ հետապնդումները:

Նախկինների օրոք, Կոմայգու այլասեռ մարմնավաճառների արտակարգ անվտանգությունն ապահովվում էր ՀՀ Ոստիկանության հսկողությամբ: Եվ, ահա, երևի՝ սրան «ի երախտագիտություն»՝ վերջերս ՀՀ ոստիկանական բաժանմունքում այլասեռ համայնքի ներկայացուցիչները ծեծի ենթարկեցին ոստիկանների: Ինչպես ասվում է հայտնի ֆիլմում՝ «համայնքը զորավոր է»: Ինչևէ, այդ ծեծն օրինաչափ էր… «Օվերտոնի պատուհանն» այստեղ նույնպես փայլուն է աշխատել:

Վեպի «Հայիր զքեզ» գլխում Նիկոլն անդրադառնում է հայերիս՝ օտարներին ներկայանալիս չարդարացված մեծամտության չափաբաժնին: Խոսվում է, թե 

ինչպես ենք, որոշ դեպքերում, ուսուցիչներին ընտելացնում կաշառքի, այնուհետև՝ մեր կաշառքով ավարտած տգետ երեխան ավարտում է որևէ համալսարան, դառնում քննիչ, դատախազ, հարկային տեսուչ, պետական պաշտոնյա, ով հետագայում «հերթական արտերկրյա պատվիրակին կտանի կկանգնեցնի Սիսիանի դիք-դիք քարերի գլխին ու կասի` սա 8 չէ, 10 հազար տարվա հնության աստղադիտարան է»: Կրկին արդարության համար նշենք, որ վեպի հրատարակումից առաջ, հեղինակը, խմբագրելիս, էական փոփոխություններ չի արել։ Պարզապես այս նույն հատվածը «Հայկական ժամանակ» պարբերականի 2008 թ. հունիսի 3-ի համարում այսպիսին է․ «հերթական արտերկրյա պատվիրակին կտանի կկանգնեցնի Սիսիանի դիք-դիք քարերի գլխին, ֆրեզերնի ստանոկով ծակած քարերը ցույց կտա ու կասի` սա 8 չէ, 10 հազար տարվա հնության աստղադիտարան է»։ Անշուշտ, ճշմարիտ է Նիկոլը: Այդկերպ մենք մեր երեխաներին «փչացնում» ենք, բայց հարցն այստեղ այլ է:

12. Քարահուջի «ֆրեզերնի ստանոկով ծակած քարեր» որակումը մեր դեմ իրականացվող պատմակեղծարարության արշավի մի մաս չէ՞ արդյոք:

Չծավալվենք… վեպը պրպտումների, քննախույզ մտքերի, կատարվածի ու կատարվելիքի շղթա է: Կատարվելիքը դեռ կտեսնենք, իսկ 2018 թ. ապրիլ-նոյեմբեր ամիսների մասին կան բազում վերլուծություններ, գնահատականներ, կարծիքներ ու պնդումներ: Սրանց համատեսարանը կատարելապես ամբողջացնում է Թումանյանի գլուխգործոցը: Իսկ մեզ մնում է իմանալ, թե Ուստիանն այդ ի՞նչ հանդիպումներ է ունենում, այդ ի՞նչ բանակցություններ է վարում…

«Կոխեմ ձեր Ամերիկան, կոխեմ ձեր Եվրոպան, ընդհանուր առմամբ և ըստ երկրների, կոխեմ ձեր Ռուսաստանը, կոխեմ ձեր ջհուդա-մասոնականությունն էլ, Սորոսն էլ վրեն. ո՞վ է այն երջանիկը, որ մեզ կարող է ուղղորդել…»։ Սա Նիկոլ Փաշինյանի վեպի այն նախադասությունն է, որի տակ պատրաստ եմ ստորագրել որպես ՀՀ ներքին և արտաքին քաղաքական հաստատուն կողմնորոշիչ, բայց…

Ինչ էլ լինի հետագայում, 2018 թ. ապրիլ-մայիսյան համաժողովրդական զարթոնքն ու նախկիններից ազատվելու կամքը ողջունելի է:

Հայկ Շիրակյան

26.11.2018