Եթե չի հեռանում պաշտոնից, այդ պաշտոնը կհեռացնենք իրենից

Եթե չի հեռանում պաշտոնից, այդ պաշտոնը կհեռացնենք իրենից

Զրուցել ենք ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի հետ։

- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ հայտարարելու մասին։ Մենք գիտենք, որ ընդդիմությունը շաբաթ օրը՝ դեկտեմբերի 19-ին, պատրաստվում է մեծ հանրահավաք իրականացնել։ Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում եռօրյա սգի, դեկտեմբերի 19-ին դեպի Եռաբլուր երթ կազմակերպելու մասին Փաշինյանի հայտարարությունը եւ հնարավո՞ր է փոփոխություններ մտցնեք ձեր օրակարգում՝ հնարավոր բախումներից խուսափելու համար։

- Մենք ունենք մեկ շաբաթվա անելիքների գործունեության ծրագիր: Այժմ քննարկումների մեջ ենք, այս պահին դեռ որեւէ փոփոխություն չի եղել մեր օրակարգում, եթե ինչ-որ բան փոխվի, տեղյակ կպահենք։ Բայց ակնհայտ է Նիկոլ Փաշինյանի պահվածքը, նման որոշման պատճառը, փորձում է այդ ճանապարհով՝ երեք օր սուգ հայտարարելու ճանապարհով, եւս մի քանի օր երկարաձգել իր իշխանությունը։

- Այսինքն՝ հնարավոր է որեւէ փոփոխություն տեղի չունենա՞:

- Հնարավոր է, որովհետեւ, կրկնում եմ՝ մեզ համար ակնհայտ է երեք օր սգո օր հայտարարելու Նիկոլ Փաշինյանի միակ նպատակը՝ երկարացնել իր իշխանությունը:

- Մտածում եք, թե այդ ե՞րթն էլ քաղաքական նպատակով է հայտարարվել, եւ փորձելու է ցույց տալ իր աջակիցների թիվը։ Հնարավո՞ր է երթը խափանեք։

- Մենք երթը խափանելու հարցը չենք քննարկում, նման մտադրություն չունենք, իսկ ընդհանրապես՝ Նիկոլ Փաշինյանի ցանկացած որոշում բխում է՝ ելնելով իր պաշտոնավարումը երկարաձգելու նպատակից։ Այսինքն, ինքն իր ցանկացած որոշումն ընդունելիս ոչ թե մտածում է պետության եւ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները, մարտահրավերները լուծելու  մասին, այլ ինչ անի, որ իշխանությունը երկարացնի․ սա էլ հերթական քայլերից մեկն է։

- Բայց Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հեռանալ, իր վերջին «լայվում» ասաց, որ միայն ժողովրդի հստակ կամարտահայտման ժամանակ հրաժարական կտա, այսինքն՝ միայն ընտրություններից հետո, եթե ժողովուրդը չընտրի իրեն։

- Երբ ինքը եւ իր թիմի որոշ անմեղսունակներ հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանն ունի ժողովրդական աջակցություն, վիրավորում են մեր ժողովրդին, նրա ինքնասիրությունն ու արժանապատվությունը։ Չի կարող Արցախի մեծ մասը թուրքին տված, մեր երկրին այսքան դժբախտություններ բերած մարդուն ժողովուրդը լինել աջակից, ինքն իրականում չունի աջակիցներ, իր աջակիցներն իր ֆեյքերն են, Շիշ բռնողն ու այսպես մի քանի հոգի։ Հետեւաբար, ինքը քանի օր ավել մնա իշխանության, մենք հավելյալ կորուստներ ենք ունենալու։

- Բայց մյուս կողմից տեսնում ենք, որ ընդդիմության՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերն էլ այնքան բազմամարդ չեն, որքան 2018 թվականի հեղափոխության օրերին։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հենց այս պատկերը հիմք ընդունելով են նման հայտարարություններ անում։ Գուցե մարտավարություն փոխելու անհրաժեշտությո՞ւն կա։

- Ընդհանրապես, իրենց ասածներին բանի տեղ դնել պետք չէ, իրենց բոլոր ասածները սուտ ու մանիպուլյացիա են, բացարձակ կեղծիք։ Եթե Նիկոլ Փաշինյանը չի հեռանում վարչապետի պաշտոնից, մենք այդ պաշտո՛նը կհեռացնենք իրենից։

- Ինչպե՞ս։

- Ինքը՝ իբրեւ ֆեյքերի պարագլուխ, կմնա միայնակ, ոնց որ հիմա է, դա ավելի ակնհայտ կդրսեւորվի։ Առայժմ՝ այսքանը։

- Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ապատեղեկատվական հոսքեր են կառավարվում հայտնի կենտրոններից․․․

- Ես չեմ ուզում ամեն խելագարի ամեն ասած մեկնաբանել։