Փլատակներում մնալու ենք անխտիր բոլորս

Փլատակներում մնալու ենք անխտիր բոլորս

Կրկին համոզվեցի,  որ տեղեկատվական դաշտը ոչ միայն տոտալ կառավարվում է  իշխանության կողմից, այլ նաև ուղղակի ոչնչացնում է բանականության «կարմիր գծերը» մարդկանց մոտ։
Այս «թավշյա» ոչ բարով իշխանությանը 5 տարվա ընթացքում փայլուն հաջողվել է  միայն մի բան` ստեղծել հասարակությունը  հիմարացնելու, մարդկանց շեղելու, ընդիմախոսներին լկտիաբար վարկաբեկելու (այլ կերպ ասած «փչացնելու») արդյունավետ գործող համակարգ։ 

Իրավիճակն այնքան սարսափելի է, որ համացանցում «նստած» մարդիկ նմանվում են յուրահատուկ «թմրամոլների», որոնց ամեն օր դոզավորված նետում են կեղտոտ, հակահայկական,  հակապետական, ակնհայտ դավաճանական թեզեր, որոնք փաթեթավորում են տարատեսակ «հիմնավորումներով» և ...ահա մարդիկ համոզված են, որ, օրինակ, թուրք֊ադրբեջանական մարդասպաններն ավելի քիչ վտանգ են ներկայացնում, քան այս իշխանության քաղաքական ընդիմախոսները կամ «այս խեղճերն ինչ անեն, кругом թշնամիներ են, իսկ մենք ռեսուրս չունենք»:

Կամ մեկ այլ տարածված թեզ` Հայաստանի տարածքները հետևողականորեն օկուպացվում են, բայց մարդկանց արդեն համոզել են, որ «մեղավորը» շուրջ բոլորն են (նախկիններ, սևեր, ռուսներ, ընդդիմություն և այլն) բացի իշխանություններից։

Թուրք֊ադրբեջանական ոհմակը խեղդամահ է անում Արցախը, ներխուժում է ՀՀ տարածք, Երևանից ընդամենը 50 կիլոմետր հեռավորության վրա տեղակայված են թշնամու հարվածային ստորաբաժանումները, իսկ մարդկանց  երեկվանից հրճվանքով «մատուցում» են ակնհայտ ֆեյք և ապուշ  տեսանյութեր` ԱԺ ից և վերջ...էլ ինչ Արցախ, ինչ օկուպացված տարածքներ, համտեսի «հպարտ քաղաքացի» հերթական տեղեկատվական «կտերը» ու մոռացիր իրական վտանգների մասին, որոնք կախված են քո երեխաների գլխի վերևում։

Բայց տեղեկատվական «թմրամոլությունը» ունի նաև շատ կարևոր հատկություն, նա չի կարող անվերջ շարունակվել և հասարակության մեջ գեներացվող աննորմալ, բարոյազուրկ իրավիճակը անխուսափելի պայթելու է և, վախենամ, բայց փլատակներում մնալու ենք անխտիր բոլորս։

Արման Աբովյան