Անցյալի արատները հաղթահարելու և ռևանշը կանխելու հարցերում աջակցելու ենք գործող կառավարությանը
Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
- Առաջիկայում քաղաքական ի՞նչ ծրագրեր ունի «Սասնա ծռեր» կուսակցությունը, ո՞րն է լինելու նրա առաքելությունը, գործելո՞ւ է ընդդիմադիր դաշտում, թե՞ իշխանական։
-Մեր առաքելությունը ինքնիշխան ազգային պետության և իրավատեր քաղաքացու կայացումն է:
Մեր առաջիկա հիմնական ծրագիրը Արցախի աբխազացման կանխումն է:
Դրան հասնելու ենք Արցախի կեղծ սուբյեկտացման գործընթացը Արցախը ՀՀ կազմում մարզի կարգավիճակով դե յուրե ներառելու գործընթացի վերածելու միջոցով:
Դա դարձնելով ազգային օրակարգի գլխավոր հարց՝ հնարավոր կդառնա հարուցելու նաև ՀՀ արտաքին հարաբերությունները, տնտեսությունը և պետական կառավարման համակարգը Ռուսաստանի նորգաղութային կախյալությունից ազատելու առողջացնող գործընթաց:
Դա հնարավորություն կտա Ռուսաստանի և մյուս ուժային կենտրոնների հետ հաստատելու հավասարակշիռ և արժանապատիվ հարաբերություններ, վերացնել մենաշնորհները և վերափոխել տնտեսության կառուցվածքը, արմատախիլ անել կոռուպցիան, ձերբազատվել Կրեմլին ծառայող խորքային պետությունից, որի միջուկն ու առանցքը ԱԱԾ-ն է, և ձևավորել ազգային նպատակներ իրագործելու ունակ պետական կառավարման համակարգ, ապահովել ազգային անվտանգությունը և այդ ամենի շնորհիվ ստեղծել արժանապատիվ կյանքի պայմաններ:
Պատճառն այն է, որ առանց Արցախի ՀՀ-ն ընդամենը ինքնուրույնության և զարգացման հեռանկար չունեցող գաճաճ պետություն է, իսկ Արցախը ներառող ՀՀ-ն՝ արդեն ինքնուրույն գործոն դառնալու ունակ փոքր տերություն:
Քանի որ մենք դեռևս խորհրդարանում չենք, իսկ ժամանակներն էլ անցումային են, ապա անցյալի արատները հաղթահարելու և ռևանշը կանխելու հարցերում աջակցելու ենք գործող կառավարությանը, իսկ մնացյալ հարցերում հետապնդելու ենք մեր օրակարգային նպատակները:
-Ի՞նչ սխալներ եւ բացթողումներ է թույլ տվել գործող իշխանությունը, ըստ Ձեզ, մեկ տարվա ընթացքում։
-Գործող իշխանությունը, լինելով հեղափոխության ծնունդ, հեղափոխական տրամաբանության փոխարեն որդեգրեց նախորդ ռեժիմի իրավահաջորդության տրամաբանություն, նույնիսկ իրավաքաղաքական գնահատական չտվեց նախորդ ռեժիմի ազգադավ ու հանցավոր գործունեությանը, չարձանագրեց դրանց ծանր հետևանքները:
Մնացյալը հետևանք է:
Կարող ենք ասել, որ առայժմ ընդամենը տեղի է ունեցել կառավարման մեղմացում՝ այլևս չկան նախկին բռնությունն ու հալածանքը, կոռուպցիան հատկապես վերին օղակում էապես նահանջել է, սակայն մյուս բոլոր պրոբլեմներն առկա են, և որոշները նույնիսկ խորանում են: Առաջիկա օրերին գործող իշխանության մեկ տարվա կատարած աշխատանքների վերաբերյալ հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ, :
-«Սասնա ծռերը» հանդես են եկել հակառուսական հստակ դիրքորոշմամբ։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն են այսօր հայ-ռուսական հարաբերությունները, ինչպե՞ս կարելի է հարթել կնճռոտ խնդիրները, որոնք ծագել են հայ-ռուսական հարաբերություններում։
-Մենք Ռուսաստանի դեմ ոչինչ չունենք: Պարզապես պայքարում ենք Ռուսաստան պետության նորգաղութային կախյալությունից ձերբազատվելու և նրա հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու համար:
-Մայիսը համարվում է հաղթանակների ամիս։ Ըստ Ձեզ՝ Շուշիի ազատագրումը, հրադադարի կնքումը տարիների հեռավորությունից ի՞նչ խորհուրդ են կրում, եթե նկատի ունենանք, որ ներկա սերունդը խեղաթյուրված դասագրքերի պատճառով սխալ պատկերացումներ ունի նրանց մասին։
-Շուշիի ազատագրումը ինքնիշխան ազգային պետություն ստեղծելու և մեր մեր Հայրենիքին վերատիրանալու գործընթացի մեկնարկն էր:
Մնացածը, այդ թվում՝ ի վնաս մեզ կնքված հրադադարը, Արցախի կեղծ անկախությունը, դասագրքերի պղծումը, մեզ այս գործընթացից հանելու նպատակին է ծառայում:
-Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Արցախին բանակցային կողմ դարձնելու մասին, նաեւ այն մասին, որ բանակցությունները սկսելու է զրոյից։ Ո՞րն է Ձեր դիրքորոշումը Արցախի հակամարտության լուծման հարցում։
-Դա փակուղային և խիստ վտանգավոր ճանապարհ է:
Հարկավոր է շուռ տալ Արցախի կեղծ անկախության էջը և ձեռնամուխ լինել Արցախը մարզի կարգավիճակով դե յուրե ՀՀ կազմում ներառելը արձանագրելուն:
-Համագործակցո՞ւմ եք Սամվել Բաբայանի հետ, թե՞ ոչ։
-Ոչ, մենք տրամագծորեն տարբեր տեսակետներ ունենք Արցախի և, առհասարակ՝ Հայաստանի ապագայի վերաբերյալ:
-Եվ ընդհանրապես, ինչպե՞ս էք գնահատում և տեսնում Արցախի հարցի լուծման ընթացքն ու հեռանկարը։
-Արցախի հարցի լուծման մեր տեսակետն արդեն ներկայացրեցի: Ներկայիս ընթացքը գնահատում եմ վտանգավոր, բայց, միևնույն ժամանակ՝ նաև զարգացման մեծ ռուսուրս պարունակող, քանի որ ակտիվացրել է դաշտը, հնարավորություն է տալիս տեսնելու արտաքին և ներքին մարտահրավերները և ուժերը մոբիլիզացնելով՝ հաղթահարելու դրանք:
Ուրիշ ճանապարհ չկա՝ Արցախը ՀՀ մաս է, և դա պետք է դե յուրե վերջնականորեն արձանագրվի ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում:
Կարծիքներ