Աննախադեպ իրավիճակ է ԱՄՆ պատմության մեջ` ընտրությունների ելքը կանխատեսելի չէ
Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեմոկրատներն ու հանրապետականները շարունակում են նախընտրական մրցավազքը։ Ի վերջո, ո՞վ կհաղթի ԱՄՆ նախագահի ընտրություններում, ինչո՞վ են առաջնորդվելու Միացյալ Նահանգների քաղաքացիները։ Այս եւ այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանի հետ։
- Ո՞վ է ամերիկացիների ֆավորիտ թեկնածուն։
- Եթե մինչ այս պահը կարեւորագույն նահանգներում կարծես Թրամփի վարկանիշը բարձր էր, եւ հաղթանակի հավանականությունը նրանն էր, ապա այս պահին պետք է ասել, որ Քամալա Հարիսը հետ չի մնում։ Միացյալ Նահանգներում ընտրությունների ամբողջ պատմության մեջ եզակի դեպք է արձանագրվում` իրավիճակը դարձել է այն աստիճան անկանխատեսելի, որ տարբեր հարցումներ տարբեր թվեր են ցույց տալիս` 1-2 տոկոսի տարբերություն։ Նման դեպք դեռեւս տեղի չի ունեցել, սա նորություն է, ի դեպ։ Մի պահ, երբ թվաց, թե Թրամփի վարկանիշը կորուստ է արձանագրում, կրկին հաջողվեց բարելավել դիրքերը, մասնավորապես, դրան նպաստեց Իլոն Մասկի աջակցությունը։ Եվ այն դրվագը` կապված իր մահափորձի հետ… ցույց տվեց, որ մի շարք մարդիկ հակված են ձայն տալ Թրամփին։ Այս րոպեին փաստացի առկա է մի իրավիճակ, որ մինչեւ ընտրություններն անհնար է լինելու կանխատեսել հաղթողին։ Հավանականությունն էլի գնում է Թրամփի կողմը, բայց քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում։ Օրինակ, Քամալա Հարիսի քաղաքականությունն էլ գնում է ավելի շատ սեւամորթ հասարակության ձայները կորզել փորձելուն, ինչպես հայ համայնքինը։ Հիշում եք` հայերի հասցեին հաճոյախոսությունները, Արցախի հետ կապված տպավորություններով` հայամետ հայտարարություններով հանդես եկավ, եւ այս համատեքստում հիմնական նահանգներում՝ Կալիֆորնիայում լինի, Վաշինգտոնում, թե Արիզոնայում, Հարիսի թեկնածությանն են առավելություն տալիս։
- Նախագահի թեկնածուների հաջորդ բանավեճը ե՞րբ է լինելու:
- Կարծես Դոնալդ Թրամփն ասել է, որ հաջորդիվ չի մասնակցելու բանավեճերին։ Չգիտեմ՝ դա որքանով նրա վարկանիշը կիջեցնի, որովհետեւ առաջին տպավորությամբ` դա ինչ-որ մտահոգության կամ վախի արդյունք է, բայց ես կարծում եմ, որ նա ավելի շատ գտնում է, որ ձեռնտու չէ այս պահին բանավիճելը։ Նա նախընտրում է նահանգներով գնալ՝ շատ հայտնի դեմքերով՝ դերասանների, հաջողությունների հասած գործարարների հետ եւ ի ցույց դնել, որ նման անձինք իր թիկունքին կանգնած են։
- Իսկ թեկնածուներից ո՞վ է ամենահնարամիտը։
- Երեւի թե Թրամփը, որովհետեւ ունի տարիների փորձ, վերջիվերջո, նախագահ է եղել, ծանոթության շրջանակը, ընդհանուր ճանաչելիությունն օգնում են իրեն։
- Ո՞ր թեկնածուի ընտրվելն է մեզ ավելի շահեկան։
- Մեր լսարաններին բազմիցս մատուցվում է թեզը, թե որ թեկնածուի պարագայում Հայաստանի համար լավ կլինի: Ես միշտ ասել եմ, հիշեք` Միացյալ Նահանգների պես խորքային պետության համար կան ոչ թե անձնական, առանձնահատուկ ինչ-որ քմահաճույքներ կամ դիրքորոշումներ, այլ՝ ազգային, պետական շահ, ազգային դոկտրին։ Ու թող տպավորություն չլինի, թե ինչ-որ մեկի գալով մեզ համար հստակ լավ կլինի կամ հստակ վատ։ Ամեն դեպքում, որ վարչակազմն էլ գա, նրանց հետ պետք է աշխատենք: Պետք չէ նաեւ ակնածանքով վերաբերվել այն թեկնածուներին, որոնք հայամետ դիրքորոշումով են ինչ-որ տեղ հանդես գալիս։ Հիշում եք, բոլոր նախագահներն էլ խոստանում էին ցեղասպանության ճանաչում, Արցախի ոչ հայաթափում, Հայաստանի միլիտարիզացում, դաշնակցային հարաբերություններ, բայց մենք գիտենք, որ որեւիցե մեկը հողի վրա այդ ամենը չի արել, հետեւաբար, պետք է հասկանանք, որ դրանք ընդամենը քարոզչության բաղադրիչներ են, ամերիկահայ ընտրազանգվածին հաճոյանալու նպատակ ունեն։ Պետք է հասկանանք, որ այս պարագայում, ընտրողների ձայներին արժանանալու համար, թեկնածուներին անհրաժեշտ է հանդես գալ հայտարարություններով ու հատկապես այնպիսի նահանգներում, ինչպիսին Կալիֆորնիան է։ Եվ այս կատաղի մրցապայքարում, նման առանցքային նահանգներում, որտեղ չկողմնորոշվածների քանակը մեծ է, ամեն մի ձայն ունի նշանակություն: Հատկապես հայ համայնքի ձայների վրա շեշտադրում նրանք շատ են տալիս, որովհետեւ գիտակցում են, որ հայկական լոբբին շատ ուժեղ է, եւ նրանց աջակցությունը խիստ կարեւոր է։
- Թե՛ Հարիսը, թե՛ Թրամփն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Իսրայելին։ Այստեղ որոշիչը չափազանց ազդեցիկ հրեական լոբբի՞ն է, թե՞ այլ նյուանս կա։
- Յուրահատուկ դաշնակցային հարաբերությունների մասին է խոսքը։ Ամերիկացիները բազմիցս ցույց են տվել, թե ինչ է նշանակում դաշնակցային հարաբերություններ` որպես այդպիսին, որովհետեւ իրոք բազմակողմանի աջակցություն է տրամադրվում Իսրայելին։ Անգամ ասում էին, որ Իսրայելին հանկարծ ինչ-որ մեկը չփորձի հակադարձել, խանգարել, որովհետեւ կանաչ լույսը տալիս է Վաշինգտոնը։ Հենց հիմա մտահոգիչ հայտարարություններ են գալիս` Իսրայելը հայտարարել է, որ օդանավակայանները փակելու է մինչեւ հոկտեմբերի 13-ը, ու դա նշանակում է, որ ինչ-որ գործողությունների են պատրաստվում։ Ավելին ասեմ․ մի քանի րոպե առաջ պարզ դարձավ, որ Բայդենը վերջին 50 օրվա ընթացքում առաջին անգամ զրուցել է Նեթանյահուի հետ, թե այս պարագայում ինչ կոնկրետ անելիքներ կան Իրանի հետ կապված, այսինքն՝ ինչ պիտի անեն որպես հակադարձում, պատժիչ գործողություն… ինչ անուն ուզում եք, տվեք։ Ու հասկանալի է, որ Իսրայելը հենց հիմա սպասում է Վաշինգտոնի կանաչ լույսին, որպեսզի հարվածի Իրանին։
- Իսկ Իսրայելին անվերապահ աջակցելը կարո՞ղ է ազդեցություն ունենալ ընտրությունների վրա, թե՞ ամերիկացիները համակարծիք են իրենց կառավարության հետ։
- Ես չէի ասի, որ դա ողջ հասարակության դիրքորոշումն է՝ բնավ, այդպես չէ։ Ամերիկացիներից շատերը հասկանում են, որ սա միջպետական հարաբերություններում զուտ դաշնակցային պարտավորություն էր, եւ ես Ձեզ վստահեցնում եմ, որ շատ-շատերը կողմնակից չեն պատերազմին։ Կողմնակից չեն հատկապես այն պատճառով, որ Իրանին հարվածեն, որովհետեւ հասկանում են, որ սա լուրջ, լայնամասշտաբ, ընդհուպ մինչեւ երրորդ համաշխարհային պատերազմի կարող է վերածվել, առավել եւս՝ որ Իրանն արդեն միջուկային երկիր է, որքան էլ դա փորձեն թաքցնել, այդ մասին չխոսել, որքան էլ ԱՄՆ հետախուզական ծառայություններն ասեն, որ եթե նման բան լիներ, իրենք կիմանային: Վստահեցնում եմ` նրանք գիտակցում են, որ Իրանը տիրապետում է այդ զինատեսակին։ Նույնիսկ խոսք կար, որ Իսրայելը գուցե թիրախավորելու է Իրանի միջուկային զենքի օբյեկտները։ Իրանից էլ արդեն ակնարկում են, որ այդ զենքը կա։ Բացի դրանից, Իսրայելի պաշտպանության նախարարի արտահայտությունը, որ իրենք կհարվածեն մահացու եւ անսպասելի, եւ այդ հարվածն այնքան ուժգին կլինի ու այնքան հստակ կետերով, որ հետո նոր կտեսնեն արդյունքները… Հիմա, այս պահին գնդակը Վաշինգտոնի դաշտում է, եթե տա կանաչ լույս, ապա Իսրայելը կհարվածի։ Կարծում եմ, որ մինչեւ հոկտեմբերի 13-ն ինչ-որ բան նախանշվում է։
- Կարծիք կա, որ մինչեւ ընտրությունները ԱՄՆ-ն խուսափելու է որեւէ պատերազմի մեջ ներքաշվելուց։
- Ես հակված չեմ, որ դա դոգմատիկ իրականություն է։ Ըստ տրամաբանության, այդպես պետք է լինի` կրիզիսային-ճգնաժամային իրավիճակներ չստեղծել ընտրություններին ընդառաջ, բայց երբեք մի ասա «երբեք», որովհետեւ չի բացառվում։ Գուցեեւ հակառակը՝ սա օգտագործվի, եւ այս ընտրապայքարում տեսնեն, թե որ թեկնածուն ինչ դիրքորոշմամբ է հանդես գալիս, իրեն ինչպես է դրսեւորում պատերազմական իրավիճակում, ինչ խորհուրդներ է տալիս, հասարակությանն ինչ բառամթերքով է ներկայանում, եթե հատկապես Մերձավոր Արեւելքը հանկարծ լայնամասշտաբ պատերազմի թատերաբեմ դառնա։ Նաեւ՝ ամերիկյան հասարակությունը կտեսնի, թե նման իրավիճակներում իրենց երկրի ապագա ղեկավարն ինչպես է իրեն դրսեւորում, ինչ ելքեր է առաջարկում։ Սա, իհարկե, այն դեպքում, եթե լինեն պատերազմական գործողություններ։
Կարծիքներ