Գրե՞լ, թե՞ չգրել
Ինչպե՞ս հրապարակել հանրորեն օգտակար այն տեղեկությունները, որոնց վերաբերյալ ապացույցների հավաքման դժվարություն կա եւ անմեղության կանխավարկածը խախտելու վտանգ։ Լրագրողները կվկայեն, թե ամեն օր նմանատիպ որքան ինֆորմացիա է մտնում խմբագրություններ, որոնք «իրացնել» չի ստացվում, եւ, ըստ այդմ, ձեռնպահ ենք մնում հրապարակելուց։
Ահա՝ տեղեկություն ենք ստացել այն մասին, թե ինչպես է բարձրաստիճան չինովնիկը կոռուպցիոն գործարքի մեջ ներքաշվել եւ որոշում կայացրել հօգուտ «կաշառատուի»։ Ամեն ինչ տրամաբանության մեջ է, համոզիչ եւ մի քանի աղբյուրից ճշտված, բայց վկայողներն անանուն են, գրավոր ապացույցները բացակայում են, ուստի չենք հրապարակում։ Երկրորդ տեղեկությունը՝ բարձրաստիճան հանդիպումից մանրամասներ են պատմում, պատմողն ականատես է, բայց չկան լուսանկարներ, չկա ձայնագրություն՝ վստահե՞լ հանդիպման անմիջական մասնակցին, որը, անշուշտ, իր շահն ունի հրապարակելու հարցում։
Որոշում ենք չվստահել եւ նրա «ջրաղացին ջուր չլցնել», սակայն մի քանի օր անց լրատվամիջոցներից մեկը հրապարակում է եւ դառնում այդ օրվա նյուզմեյքերն ու մեր «նախանձի» սուբյեկտը։ Մարզից ժամանած նախկին պաշտոնյան պատմում է, թե իրենց մարզպետարանում ինչ է կատարվում՝ պատմում է պատկերավոր, հյութալի մանրամասներով, որոնք հորինելը գրեթե անհնարին է։ Խայտառակ տեսարան է բացվում աչքիդ առաջ, որը խոսում է այս մարզում տիրող անհանդուրժելի իրավիճակի եւ կադրային սխալ քաղաքականության մասին՝ գրե՞լ, թե՞ չգրել այս մասին։ Ինչպե՞ս գրել, որ հաջորդ օրը հերքումների շարան չտարածեն, ու մամուլատյացները «լափառոշ» հայտարարություններ չանեն դեղին եւ բամբասկոտ մամուլի մասին։ Որոշում ենք չգրել, բայց նաեւ գիտակցում ենք, որ հանրային շահի տեսանկյունից սխալ որոշում է։
Կարծիքներ