Գալոյանի կենսագրությունն են փորփրում

Գալոյանի կենսագրությունն են փորփրում

Դիանա Գալոյանի նշանակվելը Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ԺՊ, միանշանակ չի ընկալվել բուհում։ Դասախոսները հիշել են, որ նա, լինելով ՀՏՊՀ դասախոս, դոցենտի ու պրոֆեսորի իր վկայականները ստացել է «Հայբուսակ» համալսարանի միջոցով։ Մեր ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ նրա կենսագրությունից թաքցված են իր գիտական հրապարակումները, գուցե Հայրապետյանի սկանդալից հետո զգուշացել է պլագիատի մեջ մեղադրվելուց։

Նաեւ հայտնեցին, որ Գալոյանի մայրը՝ Զոյա Թադեւոսյանը, մասնակցել է  դստեր դոկտորականի քվեարկությանը, ինչն օրենքի խախտում է։ «Հայբուսակի» նախկին ռեկտոր Անահիտ Հարությունյանն այս առնչությամբ հայտնեց․ «Դիանան, որքան հիշում եմ, իրենց՝ ՀՏՊՀ խորհրդում պաշտպանել է թեկնածուական եւ դոկտորական, իսկ աստիճանները ստացել է աստիճանական խորհուրդներում եւ դոցենտի կամ պրոֆեսորի կոչումները պիտի ստանար ողջ մանկավարժական աշխատանքների հիման վրա։ Հնարավոր է՝ մեր մոտի ժամերն էլ են ներկայացվել, այդպես չեմ հիշում։ Առհասարակ, կարգն էսպես է․ եթե ստանում են գիտական՝ դոցենտի կամ պրոֆեսորի կոչում, ապա դա արվում է ողջ մանկավարժական գործունեության հանրագումարով։ Մեզ մոտ դասավանդել է վաղուց, բայց միայն մեզ մոտով բավարար չէր լինի կոչում ստանալու համար։ Ուրեմն որտեղ աշխատել է, դա էլ ներկայացրել է»։