Մեկը՝ բաց դաշտում, մյուսները՝ խրամատում

Մեկը՝ բաց դաշտում, մյուսները՝ խրամատում
Արցախի Ազգային ժողով

Արցախում սեպտեմբերին ավարտվում է ՏԻՄ քառամյա լիազորությունների ժամկետը: Դրան ընդառաջ դեռեւս անցյալ տարի քաղաքական շրջանակներից արտահոսք եղավ, որ տարբերակ է քննարկվում, ըստ որի վարչական շրջանները կվերակազմավորվեն որպես համայնքներ, ղեկավարը կընտրվի համամասնական ընտրակարգով, իսկ գյուղերում կնշանակվեն լիազոր ներկայացուցիչներ:

Ըստ լուրերի, Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունը նույնպես կանցկացվի համամասնական ընտրակարգով: Այսինքն, առավել ձայներ ստացած կուսակցության թեկնածուն ավագանու կողմից կընտրվի քաղաքապետ: ՏԻՄ հերթական ընտրություններին մնացել է վեց ամսից մի փոքր ավելի ժամանակ, բայց հայտնի չէ՝ օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացվե՞լ է Ազգային ժողովին, ընտրական նոր օրենսգիրքը մշակվու՞մ է, թե ամեն ինչ խոսակցությունների մակարդակում էլ մնու՞մ է: Արցախի քաղաքական կյանքում անդորր է: Միակ կուսակցությունը, որ պաշտոնապես հայտարարել է առաջիկա գործընթացներին մասնակցության մասին, Ազատ հայրենիքն է: Մյուսները պահպանում են զարմանալի լռություն: Փոխարենը սոցիալական ցանցերում եւ հանրային շրջանակներում քննարկվում է եկող տարվա նախագահական ընտրությունների թեման:

Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանն ասել է, թե իրեն հայտնի է նախագահի մոտ մեկ տասնյակ թեկնածու, հավանաբար կհնչեն նաեւ նոր անուններ: Դատելով ֆեյսբուքյան քննարկումներից, Խանումյանի տպավորությունն այնքան էլ մոտ չէ իրականությանը: Արցախցի օգտատերերը խոսում են նախագահի չորս հավանական թեկնածուների մասին՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյան, արտգործնախարար Մասիս Մայիլյան եւ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայան կամ նրա շրջապատից մեկը: Արայիկ Հարությունյանի գլխավորած Ազատ հայրենիք կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը պաշտոնապես հայտարարել է, որ իրենք նախագահի թեկնածու առաջադրելու են:

Վերջերս իր քաղաքական ապագայի մասին ակնարկել է նաեւ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ ասելով, թե ինքը կլինի ժողովրդի թեկնածուն: Սահմանադրությամբ, մինչդեռ, նախագահի թեկնածու կարող են առաջադրել միայն կուսակցությունները: Խորհրդարանում ներկայացված կամ արտախորհրդարանական ո՞ր կուսակցությունն է ԱԽ քարտուղարին առաջադրելու նախագահի թեկնածու՝ ենթադրությունների ոլորտի հարց է: Նույնը՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանի պարագայում, քանի որ նա երբեք կուսակցական գործիչ չի եղել: Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին կամ նրա շրջապատից որեւէ մեկին, ապա նախկինում նման գաղափար շրջանառել էր Հայկ Խանումյանի Ազգային վերածնունդ կուսակցությունը, բայց վերջին շրջանում, երեւում է, նրանց հարաբերություններում ինչ-որ բան այն չէ:

Հնարավո՞ր է, որ նախագահի սեփական թեկնածու առաջադրեն եւ մրցապայքարի մեջ մտնեն վերջերս Արցախի քաղաքական դաշտում հայտնված կուսակցությունները, թե նրանք կպաշտպանեն ավելի փորձառու գործիչներին՝ նույնպես պարզ չէ: Առայժմ սոցիալական ցանցերում թիրախավորվում է նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, բայց դա ավելի շատ կենցաղային մակարդակի բամբասանք է: Բացառված չէ, իհարկե, որ մի քանի ստատուսագիրների թիկունքում որեւէ քաղաքական ուժ է կանգնած, որը հրապարակային մրցակցությունը տանուլ է տվել նախագահական ընտրապայքարի պաշտոնական մեկնարկից մեկ տարի առաջ եւ պարզապես մանր վրեժխնդրությամբ է զբաղվում: Արտառոց է հատկապես ՀՅԴ տեղական կառույցի պահվածքը:

Տպավորություն կար, որ Ընդհանուր ժողովից հետո Դաշնակցության արցախյան կառույցը քաղաքական ակտիվության մեկնարկ կտա, բայց այդ թեւում էլ առայժմ «արշալույսները խաղաղ են»: Ըստ երեւույթին, որոշում կընդունվի այս տարի սպասվող Շրջանային ժողովի մակարդակում: Արցախում, այսպիսով, քաղաքական կյանքը, կարծես, խրամատավորված է: Բաց դաշտում միայն Ազատ հայրենիքն է: Ինչպիսի՞ն կլինի խրամատների վերաբերմունքը՝ հավանաբար կուրվագծվի ԱԺ գարնանային նստաշրջանի ընթացքից: