ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով ահաբեկչական նպատակով վարակելու մասին լուրը մեր երկրին չի վերաբերում

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով ահաբեկչական նպատակով վարակելու մասին լուրը մեր երկրին չի վերաբերում

Արմեն Քոչար անուն-ազգանունով օգտատերը քիչ առաջ կիսվել էր մի նյութով, որում ասվում է, որ բանկոմատներում և հանրային տրանսպորտում հայտնվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված ասեղներ՝ ահաբեկչական նկատառումներով։ Գտնվել էին օգտատերեր, որոնք հորդորել էին, որ վարորդներն անպայման մինչև վերջ փակեն մեքենաների ապակիները, որպեսզի նման ասեղները չհայտնվեն իրենց մեքենաներում։
 

Առավել անհանգստացնողն այն էր, որ հայկական լրատվամիջոցներում տպագրված նյութում նշվում է՝ «Հիվանդությունների վերահսկման կենտրոնը հաղորդում է. «Բանկոմատներում սկսել են ասեղներ հայտնվել: Խնդրում ենք, եղեք չափազանց ուշադիր, զգույշ: Հասարակական տրանսպորտի բոլոր նստարաններն ուշադիր զննեք, նոր նստեք, որ հանկարծ ասեղի վրա չնստեք, քանի որ դրանք իրենցից վտանգ կարող են ներկայացնել:
Սա ահաբեկչության նոր տեսակ է, վարակված ասեղի միջոցով տարածել ՄԻԱՎ հիվանդությունը: Մահացու հիվանդությամբ վարակվածները կորցնելու բան չունեն՝ վրեժ են լուծում»»։ Եվ հավելվում է, որ կենտրոնը խնդրում է՝ այս հաղորդագրությունը մարդիկ տարածեն որքան հնարավոր է շատ, որ բոլորը տեղեկացված լինեն, քանի որ պոտենցիալ վտանգն առկա է։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից Hraparak.am-ին հայտնեցին, որ նման դեպք երբևէ Հայաստանում չի արձանագրվել, և տարածված նյութում խոսքն այլ երկրի մասին է։ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի «Թեժ գծից» էլ նույնը հայտնեցին ու նաև մեկնաբանեցին, որ նման եղանակով մարդուն վարակելը կասկածահարույց է, քանի որ ՄԻԱՎ-ի վարակման համար պետք է արյան տեսանելի թարմ քանակ։ Այսինքն՝ հիվանդություն կրողը պետք է այդ պահին իր արյունը քաշի և ուրիշին ներարկի, վիրուսն էլ շատ արագ քայքայվում է։