Մի աղմկոտ քրեական գործ էլ կարճվեց

Մի աղմկոտ քրեական գործ էլ կարճվեց

2020 թվականի նոյեմբերի 11-ի հանրահավաքից հետո, որը ընդդիմությունը հրավիրել էր պատերազմում պարտություն կրած իշխանությունների հրաժարականի պահանջով, մի խումբ քաղաքական գործիչներ ձերբակալվեցին եւ քրեական գործ հարուցվեց։ Ճիշտ է՝ այն ժամանակ դատարանները դեռ որոշակի ինքնուրույնություն ունեին եւ այդ ձերբակալման որոշումները ոչ իրավաչափ ճանաչվեցին եւ նրանց ազատ արձակեցին, սակայն քրեական գործի քննությունը շարունակվում էր մինչ օրս։ Քրեական գործը հարուցվել էր «օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ` ՀՀ Քր. օր. 225.1 հոդվածի 1-ին մասով և 307.1 հոդվածի 1-ին մասով», ձերբակալվել էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ 

Մենք տեղեկացանք, որ այս անձանց այսօր հրավիրել են Քննչական կոմիտեի Երեւանի վարչություն եւ տեղեկացրել, որ այս գործը կարճվել է։ Նրանց են վերադարձրել հեռախոսները, փաստաթղթերը, որոնք մեկ տարուց ավելի պահվում էին քննիչների մոտ։