2026-ից դասարաններում սովորողների առավելագույն թիվ կսահմանվի 20-25-ը 

2026-ից դասարաններում սովորողների առավելագույն թիվ կսահմանվի 20-25-ը 

ԿԳՄՍ նախարարությունը մի քանի օր է՝ հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական դպրոցների դասարանների կազմավորման կարգի նախագիծը։

Նախատեսվում է պարտադիր դարձնել տարրական եւ միջին մակարդակում առավելագույնը 25 եւ ավագում՝ առավելագույնը 20 սովորող ունենալը։ Նոր կարգավորումն իրականություն է դառնալու հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգընթաց եւ ուժի մեջ կմտնի 2026 թ. սեպտեմբերից: Մինչ այդ, առաջիկա մի քանի տարիները կօգտագործվեն դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքների, ուսուցիչների թվի հետ կապված հարցերը վերլուծելու եւ ըստ առանձին դպրոցների՝ իրավիճակային կարգավորումները պլանավորելու համար։

Գործող կարգով, ուսումնական հաստատություններում սովորողների առավելագույն քանակը սահմանված է 35։ Լինում են դեպքեր, երբ այդ նորմերը չեն պահպանվում, եւ աշակերտների թիվը դասարանում 35-ը գերազանցում է։ Շահառուները մինչեւ հուլիսի 2-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել e-draft.am-ում։

Ի դեպ, քաղաքացիներից մեկը, ի գիտություն նախագծի հեղինակների, շարադրել է մի քանի խնդիր․ «ՀՀ հանրակրթական դպրոցների մեծամասնությունում հնարավոր չէ կազմավորել դասարաններ՝ հիմք ընդունելով 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանը, քանի որ ՀՀ-ում հիմնականում բոլոր դպրոցները կառուցվել են Խորհրդային Միության տարիներին եւ չեն համապատասխանում այդ հրամանում նշված նորմերին։

2․ Համաձայն 3-րդ կետի՝ կարող են ձեւավորվել առավելագույնը 25 հոգանոց դասարաններ, եթե դպրոցն աշխատի երկհերթ, իսկ արդեն գործող երկհերթ դպրոցների դեպքում այն չի կարող իրականացվել։

3․ Առաջանալու են ուսուցիչների թափուր հաստիքներ, որը համալրելն անգամ հիմա հնարավոր չէ։

4․ Նախագիծը կգործի սակավաթիվ աշակերտ ունեցող դպրոցներում։ 5․ Առաջարկում եմ նախագիծ կազմելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ ՀՀ-ում կան նաեւ դպրոցներ, որոնք ունեն մոտ 2 հազար 300 աշակերտ, 72 դասարան եւ երկհերթ են, մշակելիս կազմակերպել քննարկումներ ՀՀ-ում ամենաշատ եւ ամենաքիչ թվով աշակերտ ունեցող դպրոցների ներկայացուցիչների հետ։ 6․ 20-25 հոգանոց դասարաններ ունենալը դրական փոփոխություն է, սակայն այն կարող է իրագործվել միայն շենքային պայմաններն ապահովելուց հետո»։