Ամեն ինչ տեսանք

Ամեն ինչ տեսանք

Այս 30 տարիներին շատ շրջադարձերի ու պատմական իրադարձությունների ենք ականատես եղել։ Մեր աչքի առաջ կոմունիստական գաղափարներ կրողները մի գիշերում դարձան երդվյալ ազգայնականներ, իսկ 1998-ի փետրվարի 3-ին ՀՀՇ-ականները մի գիշերում «Երկրապահ» գրվեցին՝ դավաճանելով Տեր-Պետրոսյանին։

Տեսել ենք, թե ինչպես են միավորվում անհամատեղելի մարդիկ, օրինակ՝ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, եւ ինչպես 2018-ին մի քանի օրում հզոր ՀՀԿ-ն մնաց մենակ ու անպաշտպան։ Ճամբարափոխության եւ դիմափոխության եզակի գործընթացների ենք ականատես եղել։

Տեսել ենք, թե ինչպես են 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին հայտնվածները արագությամբ սնանկանում եւ բերդերում հայտնվում։ Եվ ինչպես են Մանվել Գրիգորյանին քարկոծում իր իսկ թիմակիցներն ու ընկերները, գեներալից հրաժարվում նրանք, որոնք իր շնորհիվ մարդ էին դառել ու հարստացել։ Մարդկային ամենաանհնարին փոխակերպումներին ենք ականատես եղել այս տարիներին։

Տեսել ենք, թե ինչպես է մարդու իրավունքների պաշտպանը սկսում բռնություն քարոզել, եւ ինչպես է իշխանության ամեն քայլն արդարացնողը դառնում կատաղի ընդդիմադիր։ Տեսել ենք սկզբունքներից հրաժարվելու եւ դավանած արժեքներին դավաճանելու եզակի դրսեւորումներ։

Այնպես որ՝ կարող եմ Նիկոլ Փաշինյանի հանգով ասել․ «Ես ամեն, ամեն, ամեն ինչ գիտեմ»։

Մենք ամեն, ամեն, ամեն ինչ տեսել ենք։ Բայց նաեւ հասկացել ենք, որ մարդն անուղղելի է եւ շատ կարճ հիշողություն ունի։ Այսօրվա ընդդիմադիրն իշխանության գալով՝ հաշված ժամերի ընթացքում մոռանալու է պայքարի իր անցյալը, կառչելու է աթոռից եւ հայհոյելու է իր «հացին վայիս լինող» ընդդիմադիրներին։ Իսկ իշխանավորն արագ մոռանալու է այն բոլոր չարիքներն ու անհանդուրժողականությունը, որն ինքը ներմուծել էր մեր կյանք։