Ի՞նչ կարիք կա նոր նախագիծ անել, եթե կա անձամբ հեղինակների կողմից արված նախագիծը

Ի՞նչ կարիք կա նոր նախագիծ անել, եթե կա անձամբ հեղինակների կողմից արված նախագիծը

Երեւանի քաղաքապետարանը ներկայացրել է Կասկադ համալիրի արդիականացման 2 նախագծային փաթեթ, որոնք հանրային քվեարկության են դրվել «Ակտիվ քաղաքացի» հարթակում։ «Կասկադ այգիներ» նախագծի գաղափարի հիմքում, համաձայն նկարագրի, ընկած է քարի, ջրի եւ կանաչի համադրումը․ «Թանգարանի բացօթյա հարթակները հնարավորություն են ստեղծելու՝ ունենալ դիտակետեր, որտեղից բացվելու են տեսարաններ դեպի Երեւան քաղաքը, Արարատ լեռը, Մայր Հայաստանի արձանը եւ Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձանը»։ «Նոր Կասկադ» նախագիծը, ըստ հաղորդագրության, հորիզոնական դիրքով կառուցված տեռասների շարք է․ «Կարծես թե, Կասկադի վերեւում հորիզոնական գծերի թեթեւ խաղ լինի՝ ընդգրկելով հարակից թաղամասերը եւ նոր ծավալներ ավելացնելով քաղաքային բնապատկերին: Նախագծով նախատեսվում է համալիրի անմիջական շրջապատի անտառների լայնածավալ վերականգնում, որը կանաչ տարածքների ընդլայնման միջոցով կնպաստի էկոլոգիական կայունությանը»: Երկու նախագծի մեջ էլ ներառված են սրճարաններ, ռեստորաններ, արվեստի, երաժշտության եւ կինոյի նոր մշակութային վայրեր, բացօթյա դահլիճներ եւ շատ այլ հանրային տարածքներ։

Ճարտարապետության պրոֆեսոր Կարեն Բալյանի գնահատմամբ, նախ՝ ներկայացված նախագծերը լավը չեն, հետո՝ սկզբունքային մոտեցում ունի այս հարցում․ ի՞նչ կարիք կա նոր նախագիծ անել, եթե կա անձամբ հեղինակների, մեծագույն վարպետների կողմից արված նախագիծ․ «Գոյություն ունի հեղինակային նախագծի 2 տարբերակ, եւ ես ուզում եմ, որ մենք մնանք հեղինակների (Ջիմ Թորոսյան, Սարգիս Գուրզադյան եւ Ասլան Մխիթարյան) օրոք արված 2 սկզբունքային տարբերակների վրա։ 1-ին տարբերակում 3 բաց ամֆիթատրոններ էին, որոնք գերադասելի են կոմպոզիցիոն առումով, որի բեմը քաղաքն ու Մասիսն էին։ Մյուս տարբերակում՝ կենտրոնում սյուներ կային, որոնք դառնում են եղած հորինվածքի շարունակող։ Երկու տարբերակն էլ կապ էին հաստատում Կասկադի եւ Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձանի հետ, որը հիմա կարծես կոչվում է Վերածնված Հայաստան եւ դառնում միասնական մի անսամբլ։ Այս բոլորն ինձ համար աքսիոմաներ են, մենք մեծագույն վարպետներին հեշտությամբ դուրս ենք թողնում, մի կողմ հրում, այն դեպքում, որ 3-րդ հեղինակը՝ Ասլան Մխիթարյանը, այսօր էլ գործունյա նախագծող ճարտարապետ է։ Սա ինձ համար սկզբունքորեն անընդունելի է։ Այսպես ոտնահարել մեծագույն վարպետների թողած ժառանգությունը՝ ասելով, որ մենք գիտենք, թե ինչ ենք անում, ճիշտ չէ»։             

Կասկադն ի սկզբանե ամբողջական էր նախագծվել, ուղղակի չեն հասցրել ավարտել։ Ըստ Կ․ Բալյանի՝ առաջարկված նախագծերը խեղաթյուրում ու նախեւառաջ ոչնչացնում են կապը Կասկադի ու 50-ամյակի հուշարձանի միջեւ։ «Ավելին՝ 50-ամյակի հուշարձանը փաստացիորեն վերանում է, հաջորդ քայլը կլինի դրա դեմոնտաժը, որովհետեւ այդ նախագծերի, այդպիսի ժամանակակից ծավալների դեպքում այսպիսի ցցված մի ուղղահայց՝ անիմաստ է դառնում։ Ես չգիտեմ՝ ովքեր են այդ 2 նախագծի հեղինակները, բայց իրենց ներկայացրած նախագծերից ակնհայտ է, որ իրենք կա՛մ չեն տեսել կոնտեքստը, կա՛մ էլ ուղղակի հրաժարվում են դրան ուշադրություն դարձնել՝ համարելով ավելորդ։ Ներկայացված նախագծերը բացարձակ ոչ մի կապ չունեն Կասկադի հետ, ընդամենը տարածքների ծավալներ են, որ ընդհատում են համալիրի ամբողջականությունը, 50-ամյակի հուշարձանի վերտիկալը, որը կարեւոր է մեր քաղաքի համար»,- ասում է Կ․ Բալյանն ու ընդգծում, որ մեր քաղաքն ունի 3 ուղղահայաց շեշտ, մեկը 50-ամյակի հուշարձանն է, մյուսը՝ Մայր Հայաստանի արձանը, եւ 3-րդը՝ Ցեղասպանության հուշահամալիրի ուղղահայացը։ Դրանցից որեւէ մեկի խաթարումը ողջ քաղաքի պատկերն է խաթարելու։

Նախագծերից մեկով նախատեսվում է Կասկադի շուրջը անտառի լայնածավալ վերականգնում, ինչը Բալյանի համար տարօրինակ է, քանի որ․ «Ո՞վ պետք է քանդի այդ թանկարժեք շենքերը։ Հետո՝ չափից դուրս լայն է նախագծված, մինչդեռ Կասկադը, ըստ նախագծի, աջից ու ձախից ուներ ընդամենը 50 մետրանոց կանաչ գոտիներ։ Ամեն ինչ պետք է մասշտաբի մեջ դիտել, Կասկադը չպետք է կորեր ու անտառի մեջ հայտնվեր, Կասկադը պետք է լիներ քաղաքի հետ կապված։ Այդպիսի անտառներ մենք ո՞նց ենք տնկելու այդ թեք հարթությունների վրա։ Հետո՝ ո՞ւմ ենք մենք դա պատմում, որ այդ թանկարժեք շենքերը պետք է քանդվեն։ Մենք այնքան քանդելու շենքեր ունենք քաղաքի կենտրոնում, որ եթե կարողանայինք գոնե դրանցից մեկը, որը մեր ազգային քաղաքաշինության խեղաթյուրումն է, վերացնեինք․․․ ինչը, իհարկե, չի լինի։ Պետք էր ռեալիստական նախագիծ անել, որովհետեւ այդ շենքերի առաջն էլ չես կարող փակել, որ ո՛չ լույս ունենան, ո՛չ տեսարան։ Սրանք գործնական խնդիրներ են, քաղաքը միայն նկար նկարելով չէ, այդ նախագծերը խեղաթյուրում են մեր քաղաքի գլխավոր առանցքներից մեկը, սա արդեն ձեւավորված առանցք է Երեւանի համար, եւ քաղաքաշինական առումով միայն նա ունի այդ հստակ կապը դեպի բացվող քաղաք, դեպի հրապարակ, դեպի Մասիս։ Նախագծերից մեկով՝ աջ կողմից մի ծավալ կա, որը գնում-դուրս է գալիս Ազատության պողոտա, բայց, նախ՝ այնտեղ տեղ չկա շարունակելու, 2-րդ՝ ստացվում է, որ 50-ամյակի հուշարձանը՝ այդ քաղաքաշինական շեշտը՝ դեպի Մասիս բացվող քաղաքի առանցքը, վերանում է, որը թամանյանական գլխավոր թեզն է։ Սրանք գլխավոր թեզերն էին՝ թե՛ Թամանյանի առաջ քաշած եւ թե՛ տասնամյակներ քաղաքը կառուցող մարդկանց»։

Հատկանշական է, որ Կասկադի արդիականացման համար մրցույթ չի հայտարարվել։ Կ․ Բալյանը կարծում է, որ ոչ միայն մրցույթ, այլեւ՝ ընդհանրապես այդ թեման չպետք է բարձրացվեր, քանի որ «այսօր մենք ունենք միայն մի հասցե՝ դա Ասլան Մխիթարյանի արվեստանոցն է, նրա հեղինակային իրավունքը, միայն այդ կետում կարելի է խոսակցություն վարել, ուղղակի, ցավոք, մենք այսօր չունենք ոչ մի ինստիտուցիա, որ մասնագիտական առումով կարող է քննարկել այդ հարցը, Ճարտարապետների միությունը վերացնելուց հետո մենք, փաստորեն, չունենք մի հարթակ, որտեղ կարող ենք ունենալ մի հստակ ձեւավորված պրոֆեսիոնալ, մասնագիտական կարծիք։ Եվ նույն կառավարությունը կամ քաղաքապետարանը գուցե չի տեսնում այդ հարթակը, ում հետ կարող է այդ հարցը քննարկել»։  

Կ․ Բալյանը եւս մեկ անգամ ընդգծում է, որ նոր նախագիծ անելու կարիք չկար, քանի որ կա անձամբ հեղինակների՝ մեծագույն վարպետների կողմից արված նախագիծ․ «Նրանք թողել են այդ ժառանգությունը, մի 15 տարի առաջ, երբ նորից այս թեման բացվեց, շինարարություն սկսվեց Կասկադում, Ջիմ Թորոսյանը դառնացած ինձ ասաց՝ չի լինի․․․, երեւի ներքուստ զգում էր, որ չի լինելու, որովհետեւ ի սկզբանե սխալ բան էր։ Այսինքն՝ այն, ինչ հիմա փորձում են անել, մեկ անգամ արդեն փորձել են անել, ու չի ստացվել։ Ի դեպ, սա էլ չստացվող բան է, որովհետեւ սխալ է»։