Եթե հայ ես, պիտի խոսես, ոչ թե «Նախագահ եմ, իրավունք չունեմ»․ Գևորգ Հովսեփյան

Եթե հայ ես, պիտի խոսես, ոչ թե «Նախագահ եմ, իրավունք չունեմ»․ Գևորգ Հովսեփյան

«Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանը թեև չի հավատում, որ հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց ինտենսիվորեն համագործակցում են «Հայք» (Հայկազուններ) և «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունների հետ։

«Անձամբ այդքան չեմ հավատում, որ կլինեն ընտրություններ, որովհետև դա կախված է տարբեր հանգամանքներից, արտաքին գործոններից նաև։ Անկախ նրանից կլինեն, թե չէ, մենք մեր գործն անում ենք։ Մեր խնդիրն ազգային ուժերի համախմբումն է «Համահայկական ազգային համաձայնություն» շարժման ներքո։ Բոլոր երեքս էլ՝ և՛ «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցությունը, և՛ «Հայք» (Հայկազուններ) և «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություններն այս շարժմանը միացած կառույցներն են, այդ թվում՝ տասնյակից ավելի ՀԿ-ներ, նախաձեռնություններ, մտավորականներ և նաև ռազմական գոծիչներ», - ասաց Հովսեփյանը «Հրապարակի» հետ զրույցում։

Քաղաքական գործիչը չցանկացավ դեռևս շատ մանրամասներ հայտնել, թե կոնկրետ ովքեր են միացել այս շարժմանը։

Նրա խոսքերով՝ այլ կուսակցությունների հետ դեռևս շփումների, բանակցությունների մեջ չեն, չեն համագործակցում, քանի որ հաշվի են առնում գաղափարախոսությունը։ «Մենք համախմբվում ենք գաղափարի շուրջ։ Իրար կողքի նստելով, ասել-խոսելով չէ համախմբումը։ Համախմբվում են նպատակների, գաղափարների շուրջ։ Իսկ եթե տարբեր կառույցներ են, տարբեր գաղափարախոսությունների կրողներ են, մենք համագործացկություն չենք տեսնում։ Իսկ մենք ասում ենք, որ մեր նպատակն ազգային պետություն ունենալն է՝ ազգային գաղափարաբանությամբ, որի հիմքը հայ մարդն է։ Իսկ հայ մարդու կերտման հիմքը Նժդեհյան ցեղակրոն ուսմունքն է», - ընդգծեց «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության նախագահը։  

Արցախյան շարժման ակտիվ մասնակից, հասարակական գործիչ Շանթ Հարությունյանը, ով ղեկավարում էր 2004 թվականին դատարանի որոշմամբ կասեցված «Ցեղակրոն» կուսակցությունը, մարտի 18-ին հայտարարել էր «Ազգային Միացյալ Նախաձեռնություն» կուսակցությունը ձևավորելու մասին։

Գևորգ Հովսեփյանն անձնական հարաբերություններ ունի Հարությունյանի հետ։ «Շանթ Հարությունյանի հետ անձնապես շփվում ենք։ 1988 թվականից Շանթի հետ ընդհանուր ընկերություն, շփումներ ունենք։ Գաղափարական առումով ինքն էլ է ցեղակրոն համարում իրեն։ Ցեղակրոն լինելը մարդու որակ է, այսինքն՝ ցեղի արժեքները կրող։ Ես ոչ մի անգամ չեմ կասկածել Շանթի ազնվության վրա, իր կողմից էլ նույնը», - ասաց նա։

Իմքայլականների կապիտուլյացիայից 3 օր անց՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ին, նախագահ Արմեն Սարգսյանը «Բաղրամյան 26»-ում ընդունել էր Արցախի հերոս, գեներալ-մայոր, երջանկահիշատակ Արկադի Տեր-Թադևոսյանին ու քաղաքացիական խորհրդի նախաձեռնող խմբի հիմնադիրներին, որոնց թվում էին նաև Գևորգ Հովսեփյանը և «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

«Հանդիպմանը մասնավորապես մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ», - նշված էր նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Մեր հարցադրումները դրեցինք, այն պատասխանները, որ ինձ հուզում էին, ստացա։ Փաստորեն, նախագահի ինստիտուտը, որպես էդպիսին, մենք կարծում ենք, որ չի գործում», - ասաց «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության նախագահ։

Հարցին «նկատի՞ ունեք նախագահը չի գործում ըստ անհրաժեշտության, թե՞ լիազորություններն են սահմանափակ», պատասխանեց․ «Ե՛վ նա, և՛ նա։ Այդ ժամանակ ես հարց բարձրացրեցի, ասեցի․ «Պետք է լինի կամքի կենտրոն»։ Այո՛, գիտենք, Սահմանադրությամբ սահմանափակված է, բայց Սահմանադրությամբ շատ բաներ չի կարելի Հայաստանում, բայց ովքեր որ ձգտում են, կամքի կենտրոն իրենք են դառնում։ Շատ հաճախ հակադրվում են այս անպետք Սահմանադրությանը, այս խնդիրներին»։

«Նախագահը՝ որպես հայ մարդ, ինքը պետք է արձանագրեր․․․ Էդ ինչի՞ մենք պետք է արձանագրենք կապիտուլյացիան, մեղադրանքներ հնչեցնենք։ Մենք 100 անգամ հայտարարություն ենք արել։ Մենք ինչի՞ պետք է բարձրաձայնենք դրա մասին, բայց ինքն այդ ամեն ինչը կարող էր բարձրաձայնել որպես հայ մարդ, հլը չեմ ասում որպես նախագահ։ Եթե հայ ես, պիտի խոսես, ոչ թե «Նախագահ եմ, իրավունք չունեմ»։ Ո՞նց թե չունես։ Հասկանում ենք, որ Սահմանադրությամբ սահմանափակված են իրավունքները, բայց որպես հայ մարդու՝ Սահմանադրությունը չի կարող սահմանափակել իմ իրավունքները և նաև պարտավորությունները», - ընդգծեց նա։

Գևորգ Հովսեփանը դեռևս չցանկացավ շատ փակագծեր բացել իրենց հնարավոր նախընտրական ծրագրից․ «Հիմնական շեշտադրումն ազգային պետություն՝ ազգային գաղափարաբանությամբ, և [ՀՀ Անկախության] հռչակագրի 7-րդ կետը [Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը ...] ձևափոխմամբ՝ որպես տնտեսական ֆորմացիա, այդ ուղղությամբ ենք տանելու։ Եվ նաև ունենք լոզունգներ, որոնց մասին այս պահին չենք ուզում բարձրաձայնել»։

«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, Արցախյան շարժման ակտիվ մասնակից, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության համահիմնադիր ու նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը, հետախույզ Վովա Վարդանովը, «Արմաթ» ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, «Շիրակացի» ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը և այլ գործիչներ հիմնադրել են «Համակարգ» ակումբը, որի նպատակն է  ազդել հասարակական-քաղաքական գործընթացների վրա։
«Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության նախագահն ասաց, որ ընկերներ են Գագիկ Գինոսյանի հետ, սակայն դեռևս իր գլխավորած ուժը չի համագործակցում «Համակարգի» հետ։ «Այս պահին չէ, բայց շփումները չէին խանգարի», - ասաց նա։