Ադրբեջանում սկսել են խոստովանել

Ադրբեջանում սկսել են խոստովանել

«Թուրան» գործակալությունը վերլուծական է հրապարակել՝ նվիրված Թիֆլիսում Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության առաջին վարչապետ Խոյսկու սպանության տարեդարձին: 

Այնտեղ կարդում ենք. «Իր կարճատեւ գոյության ողջ շրջանում ԱԴՀ-ն ձգտում էր իրեն ենթարկեցնել Ղարաբաղը: Սկզբում՝ թուրքական զորքերի օգնությամբ, այնուհետեւ՝ հենվելով Փարիզի խաղաղության խորհրդաժողովի որոշման(՞՝ Վ. Ա.) վրա: Ադրբեջանական կառավարության համառությունը, որտեղ մեծ էր մուսավաթականների դերը, սրեց ազգամիջյան հակամարտությունը եւ հանգեցրեց 1920թ. մարտի 23-26-ի ողբերգությանը, որ հայտնի է որպես Շուշիի հայ բնակչության կոտորած»:

Ադրբեջանական մամուլում, կարծես, առաջին անգամ է խոստովանություն արվում, որ ԱԴՀ-ն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրավազորություն չի ունեցել, փորձել է դրան հասնել թուրքական զորքերի օգնությամբ եւ հաջողության չի հասել, իսկ ամենավերջում դիմել է հայ բնակչության ֆիզիկական ոչնչացման եւ տարածքը բռնակցելու քայլին: Սա շատ էական արձանագրում է:

Ըստ երեւույթին, նման արդարացի տեսակետ հրապարակայնացնելիս «Թուրանը» հիմք է ընդունել Ադրբեջանի նախագահի կողմից վերջերս Թարթառ քաղաքում հնչեցրած այն տեսակետը, որ ԱԴՀ-ն իր հռչակած տարածքի մի զգալի մասն այդպես էլ չի վերահսկել: Կզարգանա՞ այս դիսկուրսն Ադրբեջանում: