Անավարտ զրույցներ-2

Անավարտ զրույցներ-2

Նվիրվում է Վազգեն Սարգսյանի մահվան 20-րդ տարելիցին

Իսկ ի՞նչ կարող է թաքնված լինել մյուս գերտերության՝ ԱՄՆ-ի «միջազգային» ժպիտի ներքո: Ի՜նչ ասես: Մարդը կարծում է, որ ինքը շահեր ունի աշխարհի այսինչ կամ այնինչ հատվածում: Եվ դա ասում է բարձրաձայն ու այնքան բնական, որ կարծես դրանից ծնվում է իր իրավունքը՝ խառնվելու այլ պետության գործերին: Բա՛, ասում է՝ ես ատոմային զենք ունեմ, բայց դու ստեղծելու իրավունք չունես: Ի դեպ, սա մե՛ր օգտին է: Բայց սկզբունքն է անհասկանալի. բացահայտ ցույց է տալիս, որ այն, ինչ իրեն կարելի է, ուրիշներին՝ ոչ: Ըմբոստացողներին վախեցնում է ռմբահարումով կամ այլոց հետ առեւտրի սահմանափակումներով: Ասում է՝ ես եմ ամենաառաջադեմ երկիրը, եւ դուք եւս պիտի որդեգրեք նույն արժեքային համակարգը: Սկզբում դա անում է խաղաղ, մարդասիրական լոզունգներով, հետո, երբ սպառվում է համբերությունը, դաժանությունը դառնում է նրա բնական վարքագիծը: Ասում է` Իրաքի Սադամը բռնակալ է, պետք է վերացվի:

Լիբիայի Քադաֆին բռնակալ է, պիտի վերացվի: Սա այն Քադաֆին է, որի ժողովրդի նորածինն արդեն հարուստ է ու սոցիալապես պաշտպանված: Խնդիրը միայն այդ երկրների բնական հարստություններին տիրանալը չէ: Որ ստեղծվի քաոս, սրանք խառնվեն իրար ու իրենց ռեսուրսները չկարողանան ռացիոնալ օգտագործել՝ դա է՛լ է հերիք: Բայց պակաս կարեւոր չէ, որ այդ ինքնաբավ երկրներում վերանան կենտրոնացած իշխանություն ունեցող առաջնորդները: Գործում է հեռահար ծրագիր: «Արդուկվում» են ինքնուրույնության ձգտող պետությունները: Գնում է համաշխարհային տիրապետության համար հեռահար ու դաժան պայքար:

Ի դեպ, դու եւ Դեմիրճյանը՝ համակիր խորհրդարանով համատեղ, որպես կենտրոնաձիգ, ուժեղ իշխանության կրողներ՝ պակաս վտանգ չէիք ներկայացնում նրանց համար, ովքեր հույս ունեն, ֆինանսական կախման մեջ գցելով երկիրը, տանել քաղաքական ենթակայության: Դուք երկուսով հաստատ ընդդիմանալու ցանկություն, վճռականություն ու բավարար ուժ ունեիք:

Դրանով էլ հենց արդեն անցանկալի էիք նրանց համար: Որ կենտրոնացված, կուռ ու հեղինակավոր իշխանություններ ունեցող երկրներից նրանք «մրսում» են՝ վկայում է նաեւ հասարակությունները ներսից թուլացնող ու պառակտող օրենքների ընդունման խրախուսումը նրանց կողմից: Դրանք վերաբերում են սեռական փոքրամասնություններին, կրոնական հոսանքներին, ընտանեկան ավանդույթներին եւ այլն: Ներսից բզկտված, ծվեն-ծվեն եղած, հակասություններից խոցոտված ու սեփական դիմագիծը կորցրած հասարակությունն այլեւս չի կարողանում ինքնակազմակերպվել եւ հակահարված տալ երկրի տնտեսությունն ու բնական պաշարները հոշոտող միջազգային կառույցներին ու նրանց սպասարկու իշխանություններին: Այդպիսի քայլերը խորապես հաշվարկված ու նպատակաուղղված են համաշխարհային համահարթեցմանը: Մենք միանգամից դա չենք զգում, չենք հասկանում ու չենք ընդդիմանում, ինչպես մարդ արարածն էլ չի զգում իր աննկատ ծերանալն ու ալեհեր դառնալը:

Օրերս լսեցի քո մի հարցազրույցը 1999-ի մարտին, երբ խոսում էիր «կատաղի» լիբերալիզմի դեմն առնելու անհրաժեշտության մասին: Այդպիսի մոտեցումն ու ընտրություններից հետո ձեռնարկված քայլերը չէին կարող չվախեցնել կապիտալիզմի ջատագովներին: Չէ՛, Հայաստանը սոսկ «ինչ-որ» կետ չէ աշխարհի քարտեզի վրա: Թե չէ, հո հիմա՛ր չեն, որ տարածաշրջանի ամենամեծ դեսպանատունը մեզ մոտ կառուցեն: 1999 թվին, երբ Հայաստանում առկա էր լեգիտիմ իշխանություն, նրանք մտածում էին, որ եկել է քաղաքական շահաբաժիններ ստանալու ժամանակը: Դու հո լավ գիտես, թե ԱՄՆ այցելության ժամանակ ինչպիսի բաց տեքստով էին քեզ առաջարկում գնալ գործարքի:

Թաքցնելու բան էլ չէ, որ դու վերադարձար ահավոր անտրամադիր: Դու հասկացել էիր, որ անշահախնդիր ոչինչ չկա, որ դեմոկրատիաների ու մարդասիրական խրոխտ լոզունգների տակ թաքնված են խայտառակ շահամոլություն ու անամոթության հասնող առեւտուր: Իսկ, ինչ է, կարծում ես նրանց գոհացրե՞ց քո զգուշավոր ու կոնկրետ պատասխան չարտահայտող կեցվածքը: Հետո՞ ինչ, որ ժպտում են: Ու եթե պատմությունը մի օր պարզի, որ հենց նորօրյա Հռոմի մատն է խառը դավադրության մեջ, դարձյալ զարմանալի չի լինի: Բայց վերադառնանք իրականություն: Մինչ Ամերիկա գնալդ քեզ հայտնել էին հանդիպումների ժամանակացույցը: Բայց ամենագլխավոր խնդրի մասին խոսելիս նրանք ակնկալում էին ոչ թե հանկարծակի, պահի ազդեցությամբ տրված պատասխան, այլ տանը նախապես քննարկված ու կշռադատված, միանգամայն հիմնավոր ու հաստատակամ քո «խոստումը»:

Այդ մասին դիվանագիտական խողովակով քեզ հարցնել չէին կարող: Հարցը շատ առանցքային էր ու պահանջում էր նրբանկատ մոտեցում եւ գաղտնիություն: Ուստի «ժողովրդական դիվանագիտության» խողովակով քեզ փոխանցեցին հարցի էությունը:

Մարզիկը, ով ԱՄՆ քաղաքացի էր եւ այդ օրերին Հայաստանում էր գտնվում, պարզվեց՝ որոշակի լիազորություններով եկել է քեզ հանդիպելու եւ ապագա զրույցին նախապատրաստելու համար: Սակայն դա նրան չէր հաջողվել: Ձեռնարկած բոլոր քայլերը ցանկալի արդյունք չէին տվել: Ուստի նրան մնում էր արդեն ոչ թե անձամբ, այլ ինչ-որ մեկի միջոցով ուղղակի քեզ փոխանցել ասելիքը, այլապես իր առաքելությունը համարվելու էր ձախողված:

Մեր մի ընկերոջ միջոցով նա հանդիպեց ինձ ու բացատրեց խնդիրը: Հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ իմ պարտքը համարեցի նրա խնդրանքն անխաթար փոխանցել քեզ: Ցերեկները բազմազբաղ վարչապետիդ մոտ ընկնելն իսկապես շատ դժվար էր, ուստի գիշերվա 11։30-ին խնդրեցի իմ նախարարին՝ ներքին հեռախոսով քեզ տեղեկացնել, որ կարեւոր բան կա հաղորդելու: Ես շտապ իջա քեզ մոտ: Ինչ որ ասացի, դու քահ-քահ ծիծաղեցիր՝ ընդգծելով ասածիս զավեշտականությունը: Բայց երիտասարդը դա հաշվի էր առել, ուստի ավելացրի խոսակցության նման զարգացման դեպքում նախատեսված հաջորդ նախադասությունը, որից հետո դու լրջացար: Դրանից հետո քեզ հաղորդեցի նրա ասածը, թե ինչ պայմանների դեպքում «Զվարթնոց» օդանավակայանում ամերիկյան կողմի նախաձեռնությամբ որեւէ գործարար կկատարի շուրջ 1 միլիարդ դոլարի ներդրում:

Անցել են տարիներ: Հայաստանի ռազմավարական գրեթե բոլոր օղակները գտնվում են Ռուսաստանի ազդեցության տակ: Ինձ համար հանելուկ է մնում, թե ինչպես այդ շարքից դուրս մնաց օդանավակայանը: Արդյո՞ք դա քո ամերիկյան պայմանավորվածությունների արդյունքում ունեցավ այլ ճակատագիր, եւ արդյո՞ք դա խանդի տեղիք չտվեց ու կարեւոր գործոններից մեկը չհանդիսացավ, որ Ռուսաստանն էլ հետագայում Հայաստանի մնացած ռազմավարական օբյեկտներն իրենով անի:

 Շարունակելի

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ