Զինված անձը փնտրել է Քոչարյանի գրասենյակը, ապա կրակոցներ արձակել

Զինված անձը փնտրել է Քոչարյանի գրասենյակը, ապա կրակոցներ արձակել

Հետհեղափոխական Հայաստանում գրեթե ամեն օր մի «պայթյուն» է տեղի ունենում։ Օր չկա՝ մի փորձանքի ականատես չլինենք։ Ընդ որում՝ պայթյուն լինում է բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստով։ Գեորգի Կուտոյանի ողբերգական մահը դեռ «չմարսած»՝ երեկ էլ կեսօրին տեղեկություն ստացանք, որ զինված տղամարդը մտել է Երեւանի կենտրոնում գտնվող «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենք եւ անկանոն կրակոցներ արձակել։ Բարեբախտաբար՝ զոհեր եւ վիրավորներ չկան։ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն համատեղ կարողացան վնասազերծել զինված տղամարդուն եւ բառի բուն իմաստով «պատվով» ուղեկցել նրան ոստիկանական բաժանմունք։ Ինչո՞ւ այդպես, քանզի դեպքից հետո տեսանյութ տարածվեց, թե ինչպես է ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանն անձամբ նրան, առանց ձեռնաշղթաների ուղեկցում իր ծառայողական ավտոմեքենան, նստեցնում մեքենայի հետեւի մասում, ինքն էլ նստում առջեւում ու հեռանում։

Իսկ ի՞նչ էր ուզում այդ քաղաքացին, ինչո՞ւ էր մտել «Էրեբունի պլազա» եւ սկսել կրակել՝ բարեբախտաբար ոչ մարդկանց ուղղությամբ։ Պարզվեց՝ երեկ ցերեկը, ժամը 14։40-ի սահմաններում մի քաղաքացի, որի անունը հետո պարզվեց՝ Արթուր Թորոսյան է, Արարատի մարզի Այնթապ գյուղից, մտել էր «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենք եւ, ըստ մեզ փոխանցած տեղեկության, աշխատակցուհուց ճշտել, թե որտեղ է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։ Հիշեցնենք, որ Քոչարյանի գրասենյակն այդ շենքում է գտնվում, վեցերորդ հարկում։ Աշխատակցուհին չի պատասխանել, որից հետո նա անկանոն օդ է կրակել, ապա մտել շենքի ներսում գտնվող սրճարան եւ այնտեղ եւս կրակոցներ արձակել։ Ականատեսների պատմելով՝ բոլորը պառկել էին գետնին։ Քաղաքացին տեւական ժամանակ պատանդ է պահել ներսում ներկա գտնվողներին, մինչեւ որ ժամանել է ոստիկանությունը՝ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ։ Հենց նա էլ վարել է բանակցությունները զինված տղամարդու հետ։

Ոստիկանությունից բացի, «Էրեբունի պլազա» էին ժամանել նաեւ մեծ թվով ԱԱԾ-ականներ՝ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ի դեպ, ԱԱԾ-ի մեքենաները շատ հախուռն կերպով մտան «Էրեբունի պլազայի» տարածք, այն աստիճան, որ քիչ էր մնում նաեւ տեղում աշխատող լրագրողներին ու ոստիկաններին վրաերթի ենթարկեին։ 
Մենք «Էրեբունի պլազա» հասանք այն պահին, երբ դեռ կրակոցները չէին դադարել, իսկ դրսում էլ վառոդի հոտ էր զգացվում։ Որոշ ժամանակ անց, երբ ժամանեցին նաեւ հատուկ նշանակության ջոկատի տղաները, այնտեղ հավաքված լրագրողներին եւ քաղաքացիներին խնդրեցին տարածքից դուրս գալ եւ դրսում սպասել։ Ավելի ուշ ոստիկանության լրատվական վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը դուրս եկավ եւ նախնական տեղեկություններ հայտնեց, որ զինված տղամարդու հետ անձամբ բանակցել է ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը, բանակցության արդյունքում տղամարդը զենքը վայր է դրել, իրավիճակը կայուն է, տուժածներ չկան։ Այդ ընթացքում լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ Քոչարյանի աջակիցներից Արմեն Մինասյանը՝ նշելով, որ, իր տեղեկությամբ, կրակոցներն ուղղված են եղել Քոչարյանի գրասենյակի տարածքում կամ գրասենյակի շուրջ, կամ ուղղակի իրենց դեմ է եղել այս ամենը։ Բայց կցկտուր բաներ ասաց՝ չցանկանալով ավելի հստակ տեղեկություններ փոխանցել․ սպասում էր, որ պաշտոնապես հաստատվի։ Իսկ պաշտոնապես երեկ մինչեւ օրվա վերջ այդպես էլ որեւէ բան չասացին։ Ահարոնյանը մեր հարցին, թե Քոչարյանի գրասենյակի հետ կապ ունե՞ն այդ կրակոցները, չհերքելով հանդերձ, խնդրեց սպասել, մինչեւ հաղորդագրություն կտարածվի։ 

Դեպքից հետո խոսեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, որը դեպքի պահին շենքում չէր եղել։ 

«Միջադեպի պահին մեր գրասենյակը փակ էր, որովհետեւ ճաշի ժամ էր, եւ աշխատակիցները դուրս էին եկել բոլորը, ես՝ ինքս էլ գրասենյակում չեմ եղել եւ իրադարձության մասին տեղեկացել եմ լրատվամիջոցներից եւ մարդկանցից, որոնք անհանգստացել ու զանգահարել էին։ Հետո պարզ էր, որ հնարավոր չէր ներս մտնել, որովհետեւ շրջապատված էր շենքը ոստիկանական մեքենաներով»,- մեզ հետ զրույցում ասաց Սողոմոնյանը։ Թե որքանով է միջադեպն իրենց հետ կապված՝ դժվարացավ ասել, որովհետեւ խառը տեղեկություններ կան այն մասին, թե ինչ է ուզել, ինչպես է ուզել, ինչ է ասել ահաբեկիչը։

Դիտարկմանը, թե տեղեկություն կա, որ Քոչարյանի գրասենյակն է փնտրել, որից հետո անկանոն կրակոցներ է արձակել, Սողոմոնյանն ասաց․  «Առայժմ այդ տեղեկությունն է, որի հաստատումը ես չեմ կարողանում դեռ ստանալ։ Եթե մեզ հետ ինչ-որ առնչություն ունենա, հասկանանք՝ ինչ նպատակ ու մոտիվացիա ուներ եւ իրենից ինչ էր ներկայացնում այս անձը, ըստ դրա կմեկնաբանեմ։ Հիմա ուղղակի այնքան քիչ է տեղեկատվությունը, որ չգիտեմ ինչ ասեմ»։ Հարցին, թե ինչ է կարծում, ինչի հետեւանք կամ արդյունք կարող էր լինել սա, Քոչարյանի գրասենյակի ղեկավարն ասաց՝ կարող է ո՛չ հետեւանք լինել, ո՛չ արդյունք, կարող է պատահականությունից մինչեւ ինչ-որ մտածված գործողություն լինել։

ՀԳ․ Ավելի ուշ, երբ տեղեկացանք, որ կրակոց արձակողն Արթուր Թորոսյանն է՝ Արարատի մարզի Այնթապ գյուղից, ուսումնասիրեցինք նրա ֆեյսբուքյան էջը, որտեղից հայտնի դարձավ, որ նա Ռոբերտ Քոչարյանի համակիրներից է։ Նա դեռ 2019-ի օգոստոսին գրառում է կատարել՝ հույս հայտնելով, որ Ռ․ Քոչարյանը կլինի ազատության մեջ։  Այս տեղեկությունը տարածվելուց հետո քոչարյանականներն ու ընդդիմադիրները հայտարարեցին, թե սա իշխանությունների բեմադրած հերթական շոուն է։ Եվ սկսեցին կատարվածը համեմատել «Դիանա Հարությունյան» անունով «ֆեյքին» բռնելու հետ։