Զոհված Հարությունի մայրը սպասում է որդուն, կարոտն էլ արդեն խեղդում է 

Զոհված Հարությունի մայրը սպասում է որդուն, կարոտն էլ արդեն խեղդում է 

22-ամյա Հարություն Հարությունյանը զոհվել է հոկտեմբերի 8-ին՝ մարտի դաշտում։ Նա կամավոր էր մեկնել պատերազմ։ Ապրում էր Երեւանում, սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում, երգում էր՝ հիմնականում հայրենասիրական երգեր։

Մայրը՝ տիկին Աննան պատմում է տղայի չիրականացված նպատակների մասին․ «Պետք է Կոնսերվատորիա ընդունվեր, չստացվեց եւ զորակոչվեց բանակ։ Ծառայել է Արցախում՝ Մարտունիում։ Նա հենց այդպես էլ որոշել էր՝ պիտի Արցախում ծառայի, ասում էր՝ իսկական տղան Արցախում պիտի ծառայի։ Սիրում էր իր զենքը՝ պեկաիստ էր, այդ զենքի վրա էր ինքը։ Երբ զորացրվեց, ասում էր՝ իմ մոտ դատարկություն է, նորից ուզում եմ Արցախում լինել եւ շատ էր կարոտում այն։ Զորացրվելուց հետո այցելում է Ջիվանու անվան աշուղական դպրոց, որպեսզի տեսնի իր ընկերներին, ուսուցիչներին, այնտեղ մի դուդուկահարուհի աղջիկ է տեսնում, սիրահարվում։ Իրենց հարաբերությունները շատ լուրջ էին, շատ դժվարությամբ գրավեց այդ աղջկա սիրտը, բայց պատրաստվում էին նշանվել, բայց այնպես եղավ, որ պատերազմը ․․․․»։

Հարությունը պատերազմից մեկ օր առաջ ընկերուհուն՝ Արփինեին տարել է իրենց տուն, խոսել են նաեւ Արցախից․ «Այդ օրը շատ ուրախ էր, կատակներ էր անում ընկերուհու հետ, եւ միշտ հայրենասիրական երգերն էր միացնում։ Միշտ ասում էր՝ մամ, Արցախը ահավոր կարոտել եմ, պետք է գնամ։ Ընկերուհուն ասաց՝ 2 տարուց լավ լացելու ես, նա էլ ասեց՝ ինչի՞, ասեց, որ ախպերդ բանակ գնա, դու էլ ես լացելու։ Հետո նորից կատակում էր․․․ Արդեն առավոտյան լուրը լսեցինք, որ պատերազմ է, տեղից վեր կացավ, ասեց՝ ես գնալու եմ Արցախ, մենք մտածեցինք, որ երեւի ապրիլյանի նման է, կավարտվի, չպատկերացրինք։ Ինքը բանակից եկել էր, այդ ժամանակ որոշեց, որ վարսավիրություն անի, առավոյան գնաց աշխատանքի, զանգեց՝ 12-ի կողմերն, ասաց՝ մամ, բիլետս պատրաստի, որ գամ, վերցնեմ։ Էլի չհավատացի, ասի՝ հեսա կվերջանա, ասեց՝ չէ, մամ, պետք է գնամ։ Արագ եկավ, վերցրեց բիլետը, գրանցվեց եւ վերադարձավ։ Հետո եկավ, ասեց՝ քեզ պաչեմ, հաջող անեմ ու գնամ, էլի չէի պատկերացնում։ Ինձ չէր ասել՝ Արցախ են գնում, ասել էր՝ Հոկտեմբերյան, բայց ընկերները գիտեին, եկան մեր տուն, ասին՝ ձեզ պինդ պահեք, Հարութին ճանապարհեցինք։ Գնացել էին Ասկերան, արդեն ուրիշ զենք էին տվել իրեն՝ թնդանոթ»։

Մարտի դաշտում Հարությունը հանդիպել է իրենց բակի տղաներից մեկին, վերջինս մորն ասել է, որ ուրախ է Հարությունի գալու առթիվ, իրեն թեւ ու թիկունք է․ «Ինքն էնտեղ երգում էր, էլի երգում էր։ Իրենց հետ այնտեղ ընդամենն երկուսն են փրկվել։ Ամեն օր զանգում էր, բայց այդ օրն իր զանգը ուշացավ, բայց ես արդեն թուլացել էի։ Մեր բակի տղայի ձեռքերի մեջ է նա մահացել»։

Մահվան լուրը ընկերոջը հասցրել է դատաբժիշկը, սկզբում մայրը չի հավատացել․ «Զանգ է գալիս իր հեռախոսահամարից՝ իր հետ աշխատող վարսավիրին, ասում են՝ Սիսիանի դատաբժիշկն է, դեպք է պատահել, այդ տղան տալիս է մոտ ընկերոջ համարը՝ Արմանին։ Զանգում են Արմանին, նա էլ մտածում է, որ գերի է ընկել կամ հեռախոսն են գտել, նույնիսկ գոռգռում է բժշկի վրա, որ սուտ ես ասում, նա էլ ասում է ՝ բա չէ, ուղարկում ենք արդեն Երեւան։ Տղաները գնում են շրջանայինի հիվանդանոց, հորաքրոջ տղաները գնում են, ճանաչում։ Եկան մեր տուն, ներս մտան, ես միանգամից հարցրի՝ ինչ ա եղել, ձեռքը խփեց դաշնամուրին, ասաց՝ լավ բան չի եղել, ես էդտեղ հասկացա։ Ու աղերսական հայացքով բոլորին նայում եմ, որ ասեն՝ սխալ ես հասկացել, սուտ ա, բայց ոչ ոք չասաց»։

3 ամիս է անցել որդու զոհվելուց, մոր կարոտն արդեն խեղդում է․ «Ամուսինս ամբողջությամբ տեսել է, ճանաչել է, բայց ես չեմ տեսել։ Ես ամբողջությամբ հասկանում եմ, գիտակցում եմ, բայց սպասում եմ իրեն։ Ինձ թվում է՝ գալու է, այդ ցավն ու կարոտն ավելի շատ է խեղդում։ Երեկ առաջին անգամ դուրս եմ եկել աշխատանքի, մինչեւ այդ չէի կարողանում։ Մանկապարտեզում որպես դաստիարակ եմ աշխատում, ինձ ասացին՝ փոքրիկները քեզ են սպասում, պետք չէ իրենց կոտրել»։

Բացի Հարությունից տիկին Աննան եւս մեկ որդի ունի։