Արցախը պետք է դարձնել արդյունաբերական երկիր և փորձել Արցախի տնտեսությունը զարգացնել սեփական հումքի հիման վրա. Վազգեն Սաֆարյան

Արցախը պետք է դարձնել արդյունաբերական երկիր և փորձել Արցախի տնտեսությունը զարգացնել սեփական հումքի հիման վրա. Վազգեն Սաֆարյան

Թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու և տնտեսական այլ թեմաներով «Հրապարակը» զրուցել է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի հետ։

-Պարո՛ն Սաֆարյան, կրկին հանրության շրջանում քննարկվում է թուրքական ապրանքների ներմուծման արգելքի թեման, ի՞նչ դիտարկումներ ունեք այս մասով։

-Անհրաժեշտ է, որ մենք մեր շուկան հնարավորինս պաշտպանենք թուրքական ապրանքներից։ Անցած տարի Հայաստան է ներմուծվել 268 միլիոն դոլարի թուրքական ապրանք, իսկ արտահանվել է ընդամենը 2.2 մլն դոլարին համարժեք ապրանք: Դրանով իսկ մենք նպաստում ենք Թուրքիայի տնտեսության զարգացմանը։ Ինչպես տեսնում ենք, Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը հավասարարժեք չէ: Նորմալ են համարվում առևտրա-տնտեսական հարաբերություններն այն պարագայում, երբ արտահանումն ու ներմուծումը տվյալ երկրի հետ գրեթե համարժեք են։ Բայց մեզ մոտ այս անհամաչափությունը հօգուտ Թուրքիայի է առնվազն 122 անգամ: Տրիկոտաժը կամ այն ապրանքները, որոնք բերվում են Թուրքիայից, մենք կարող ենք տեղում արտադրել։ Դրա համար պետությունը պետք է խրախուսի տեղական արտադրողներին, որպեսզի տեղական շուկան զերծ մնա թուրքական ապրանք իրացնելուց։ Բայց այստեղ ավելի շուտ պետք է ժողովրդի ինքնագիտակցությունը բարձրանա, այն իմաստով, որ ժողովուրդն ինքը չգնի այդ ապրանքները, չգնա Թուրքիայի ծովափներում հանգստանալու, չհարստացնի Թուրքիային։ Ժամանակին Թուրքիա Հայաստանից գունավոր մետաղներ էին արտահանում, և այդ մետաղները հետո դառնում էին զինամթերք։ Կամ քննարկենք կաշվի շուկան: Տարեկան Հայաստանում առաջանում է 3500-4000 տոննա կաշի, որի մեծ մասն արտահանվում է Թուրքիա, որն էլ այնտեղ օգտագործվում է և՛ ռազմական արդյունաբերության, և՛ կաշվե իրերի արտադրության մեջ։ Ոչ հեռու անցյալում (1988թ.) Հայաստանն ունեցել է զարգացած թեթև արդյունաբերություն, որը 14 մլրդ ռուբլի ՀՆԱ-ի մեջ կազմել է 23.5 % կամ 3.2 մլրդ ռուբլու արտադրանք, այդ թվում՝ 80.7 մլն զույգ գուլպեղեն, 20.2 մլն հատ տրիկոտաժից վերնազգեստ, 15.3 մլն զույգ կաշվե կոշիկ, 63 մլն հատ կաշվե ապրանք, 61 մլն հատ սպիտակեղեն և այլն: Համեմատության համար նշենք, որ 2019 թ. Հայաստանում արտադրվել են մանածագործական արտադրատեսակների ապրանքներ 1.367 մլրդ դրամի, 27.713 մլրդ դրամի հագուստի արտադրություն է եղել, երկուսը միասին կազմել են 60 մլն դոլարի արտադրանք: 2019 թվականին Հայաստանից արտահանվել է 8.7 մլն դոլարի կաշվի հումք, իսկ ներմուծվել են 24. 2 մլն դոլարի այդօրինակ ապրանքներ: Արտահանվել են 2.5 մլն դոլարի կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ, իսկ ներմուծվել՝ 59 մլն դոլարի այդօրինակ ապրանքներ: 

Ժամանակին Հայաստանում գործում էին կոշիկի «Մասիս», «Նաիրի», «Լյուքս» և այլ մեծ ճանաչում ունեցող ֆիրմաներ: Պետք է վերականգնել հատկապես կոշկագործության ավանդույթները: Հայաստանում առկա է մոտ 4000 տոննա չմշակված բուրդ, և դրան տարեկան ավելանում է ևս 1000 տոննա: Այս հումքը փչանում է գյուղացիների տներում, քանի որ լիարժեք չեն գործում դրանց վերամշակմամբ զբաղվող ձեռնարկությունները: Անհրաժեշտ է գորգագործության և կարպետագործության ոլորտը խրախուսել հարկային արտոնություններով, պետական աջակցություն ցուցաբերել, պետական պատվերներ տալ և այլն:

-Հիմնականում ի՞նչ ապրանքներ են մտնում այդ 268 միլիոն դոլարի մեջ։

- Դրանք են՝ տրիկոտաժ, հագուստ , կոշիկ, կաշվե ապրանքներ, գրենական, տպագրական պիտույքներ, անկողնային պարագաներ և այլն։

-Այսինքն՝ այդ ամեն ինչը, որ բերվում է Թուրքիայից, հնարավո՞ր է հենց Հայաստանում արտադրել։

-Այո՛։ Հայաստանում, օրինակ, այսօր լավ համարում ունի «Ալեքս Տեքստիլ»-ը, որը կարող է փոխարինել ներմուծվող տրիկոտաժի շատ ապրանքատեսակների։ Դրանք իրենց որակով կարող են մրցակցել աշխարհում ճանաչված շատ ֆիրմաների թողարկած արտադրանքի հետ։

-Բացի Հայաստանում արտադրելուց, այլ ո՞ր պետություններից հնարավոր կլինի ապրանքներ բերել Թուրքիայից ներմուծվողների փոխարեն։ 

-Բայց ինչո՞ւ այլ երկրներից ներմուծենք, եթե կարող ենք տեղում արտադրել։ Իհարկե, կան որոշակի ապրանքատեսակներ՝ գրենական, տպագրական պարագաներ, թուղթ և այլն, որոնք ավելի էժան կարելի է ձեռք բերել Չինաստանից և այլ երկրներից։ Ի դեպ, Չինաստանից անցած տարի Հայաստան է ներմուծվել 751 մլն դոլարի ապրանք, իսկ այդ երկիր արտահանվել՝ 193.7 մլն դոլարի ապրանք, որը 180%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:

-Բայց պահեստամասեր էլ, չէ՞, կան, որ Թուրքիայից են բերվում, գազի համակարգի, մեքենաների հետ կապված պահեստամասեր։

-Մենք Երևանում, Արմավիրում ունեցել ենք գազի համակարգը սպասարկող սարքերի արտադրություն: Մենք կարող ենք դրանք վերականգնել պետության աջակցությամբ, «պետություն-մասնավոր» գործառույթի կիրառմամբ։ Այնպես որ, մենք կարող ենք տեղում արտադրել շատ ներմուծվող ապրանքներ։ 

-Ի՞նչ աստիճանակարգով հրաժարվել թուրքական ապրանքներից, միանգամից հնարավո՞ր է հրաժարվել։

-Գիտե՞ք ինչ, մեր սպառողները պետք է գան այն գիտակցությանը, որ չգնեն թուրքական ապրանքներ։ Եթե չիրացվեցին թուրքական ապրանքները, բնականաբար, ներմուծողները չեն կարող դրանք բերել և իրացնել։ Եվ այստեղ անհրաժեշտ է, որ այդ ոլորտում նեգրավված մարդկանց համար ստեղծվեն աշխատատեղեր, պետական աջակցություն ցուցաբերեն նրանց, որպեսզի նրանք համախմբվեն և կարողանան կազմակերպել իրենց կողմից ներմուծվող ապրանքների արտադրությունը Հայաստանում:

-Իսկ ինչպե՞ս անել, որ ներմուծողը ֆինանսական լուրջ խնդիրների առջև չկանգնի և այլընտրանք ունենա, Հայաստանի արտադրանքից օգտվի կամ այլ պետություններից բերի։

-Պետությունը նախ պետք է զարգացնի իր տնտեսությունը, իր արդյունաբերությունը։ Դա կլինի թեթև արդյունաբերությունը, ծանր արդյունաբերությունը, մեքենաշինությունը, սարքաշինությունը, քիմարտադրությունը և այլն, որտեղ կարող են աշխատանք գտնել այդ մարդիկ: Դրա համար մենք պետք է անցած տարիների ընթացքում մեր տեղական արտադրությունը զարգացնեինք, որպեսզի նման իրավիճակում չհայտնվեինք, չունենայինք կախվածություն այն երկրներից, որոնք մեր նկատմամբ թշնամաբար են տրամադրված:

-Որքա՞ն ժամանակում Ձեր ասածը հնարավոր կլինի իրագործել։

-Պետությունը կորոնավիրուսի հետ կապված մի քանի տասնյակ միջոցառումների ծրագրեր է մշակել: Անհրաժեշտ կլինի մի քանի միջոցառում մշակել թուրքական ապրանքները տեղականով փոխարինելու համար: Ես մի առիթով ասել եմ, որ հիմա մեզ մոտ 3-4 ցորեն ներմուծող ընկերություններ կան, որոնք տարեկան բավականին մեծ քանակությամբ ցորեն են բերում՝ 250-300 հազար տոննա։ Պետությունն այդ ցորեն ներմուծողներին պետք է հորդորի, որ իրենք Հայաստանում զբաղվեն ցորենի արտադրությամբ, քանի որ խնդիր կարող է առաջանալ պարենային անվտանգության ապահովման հարցում: Մեր մշակովի հողային ֆոնդի գրեթե 30%-ը չի մշակվում: Դրանք պետք է օգտագործել հատկապես ցորեն մշակելու համար, քանի որ մեր երկրում արտադրվող ցորենն  ապահովում է բնակչության պահանջարկի մոտ 40%-ը: 

-Իսկ պատերազմի ավարտից հետո Արցախի տնտեսության վնասները վերականգնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր պետք է արվեն։

-Առաջին հերթին դրամահավաքը պետք է շարունակվի, և այդ գումարները գնան Արցախի տնտեսության զարգացմանը։ Արցախում էլ մենք կարող ենք գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրությունը մեծացնել։ Դա կլինի ցորեն, դա կլինի գարի և այլն։ Զարգացնել թեթև արդյունաբերությունը, հանքային արդյունաբերությունը, սննդի արդյունաբերությունը, գինիների, կոնյակների, պահածոների արտադրությունը և այլն։ Այնպես որ, Արցախը պետք է դարձնել արդյունաբերական երկիր և փորձել Արցախի տնտեսությունը զարգացնել սեփական հումքի հիման վրա՝ զարգացնելով ներքին կոոպերացիան։ Հայաստանում խոշոր ձեռնարկություններ կան, որոնց պետք է խրախուսել` իրենց մասնաճյուղերն Արցախում հիմնելու համար։ Վերցնենք ծխախոտի արտադրությունը, եթե Արցախում մշակում են ծխախոտ, ուրեմն  անհրաժեշտ է ծխախոտի վերջնական արդյունքն էլ այնտեղ ստանան, որը լրացուցիչ մի քանի հարյուր աշխատատեղ կբացի և այսպես շարունակ։