Ինչ հարցեր փորձեց լուծել Փաշինյանը վաշինգտոնյան այցով

Ինչ հարցեր փորձեց լուծել Փաշինյանը վաշինգտոնյան այցով

Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի «արեւմտականացումը» շարունակում է մնալ հարավկովկասյան իրադրության քննարկումների համատեքստում, ամենից ակտուալ թեմաներից մեկը, եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վաշինգտոն կատարած այցը հարմար առիթ է՝ եւս մեկ անգամ անդրադառնալու այդ հարցին, հասկանալու դեպի Արեւմուտք Երեւանի շրջադարձի ծավալները եւ պատասխանելու այն հարցին, թե արդյոք այդ փոփոխությունները հատե՞լ են անդառնալիության գիծը։ Այս մասին գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ունի շատ լուրջ պատճառներ՝ Վաշինգտոն այցելելու։ Մարկեդոնովը հատկապես ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ ԱՄՆ-ում է գործում Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը՝ USCIRF-ը, որը, Պետդեպարտամենտից անկախ, երկկուսակցական համաձայնության հիման վրա գործող կառույց է։

Թեեւ նկատում է, որ Հայաստանը, ըստ էության, միակրոն երկիր է, եւ կրոնական թեմատիկան Միացյալ Նահանգներ այցելելու պաշտոնական առիթն է միայն։ Իրականում Փաշինյանը մի քանի խնդիր է փորձել լուծել․

1․ Նախ, Հայաստանի վարչապետը փորձել է Դոնալդ Թրամփի թիմին ցույց տալ, որ նախկին նախագահ Ջո Բայդենի հետ ակտիվ գործակցությունը ոչ թե անձնական հետաքրքրության հարց է, այլ ԱՄՆ-ի հետ՝ համակարգային հիմքի վրա գործակցություն ծավալելու անհրաժեշտություն։ Փորձագետը պատահական չի համարում Փաշինյանի կողմից Թրամփի թիմին ուղղված՝ Հարավային Կովկասին ավելի շատ ուշադրություն դարձնելու զգացմունքային կոչը։
2․ Հայաստանի ղեկավարությունը Վաշինգտոնի ներկա վարչակազմի բարեհաճությունը շահելու համար փորձում է հետ չմնալ Բաքվից։
3․ Անկախ այն հանգամանքից, թե ՀՀ վարչապետի սկսած դիվերսիֆիկացիայի հանդեպ ով ինչ վերաբերմունք ունի, հատկապես ռուսական կողմը պետք է ուշադրություն դարձնի, որ Փաշինյանը վճռական է տրամադրված՝ Հայաստանի անվտանգային աղբյուրները գտնել թե՛ Վաշինգտոնում, թե՛ Դելիում, թե՛ Թեհրանում եւ՛ ինչու չէ` նաեւ Մոսկվայում։ Իհարկե այդ ամենը լավագույն ձեւով չի կարողանում անել։ Բայց բավական է նույնիսկ իշխանամետ ռեսուրսները կարդալ, որպեսզի հասկանալի լինի, թե այդ տեքստերի հեղինակներն ինչպիսի գոհունակությամբ են արձանագրել Հարավային Կովկասում սահմանների վերատեսության անթույլատրելիության մասին Թեհրանից Բաքվին ուղղված վերջին ազդակները։
4․ Ի վերջո, Փաշինյանը փորձեց ամերիկյան հարթակն օգտագործել՝ այլ ուժերին ազդակներ հղելու համար։ Մոսկվային` որ «ամեն մեկն ըստ արժանվույն կստանա», Բաքվին եւ Անկարային` որ հետաքրքրված չէ ռեւանշով եւ հավատարիմ է աշխարհաքաղաքական մինիմալիզմին։