Կիրակի օրը հոկտեմբերի 27-ի 25-րդ տարելիցն էր: 2019 թվականին` իշխանափոխությունից մեկ տարի անց, այդ գործը` զոհվածների հարազատների պահանջով, վերաբացվեց: Վերսկսման հիմքը տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի եւ նրա ներկայացուցչի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված բողոքն էր: Անջատված մասով գործի վարույթը կարճելու մասին 2004 թվականի նոյեմբերի 11-ին որոշումը չեղարկվեց: Բայց վերաբացումից ուղիղ 5 տարի անց «սայլը տեղից չի շարժվում»՝ ասում է Անահիտ Բախշյանը` 2019-ից ի վեր, ամեն անգամ, երբ հետաքրքրվում ենք վերաբացված գործից: «Հրապարակը» զրուցել է հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւանքով զոհված Լեոնարդ Պետրոսյանի որդու` Էմիլ Պետրոսյանի հետ:
- Անահիտ Բախշյանը խիստ դժգոհ է, որ վերաբացված գործով ոչ մի առաջընթաց չկա` պատվիրատուները, եթե կան այդպիսիք, բացահայտված չեն, իսկ Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել, որ հարցաքննություններ են տեղի ունեցել, առերեսումներ եւ այլն: Իշխանությունները հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մատի փաթաթան են դարձրել, ամեն տարի այդ օրը բոցաշունչ ու պաթետիկ գրառումներ են անում, սակայն փաստն այն է, որ ոչինչ չի բացահայտվում:
- Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականացնողներն են պատասխան տվել, բայց պատվիրատուները մինչ օրս պատասխան չեն տվել: Չգիտեմ ինչի հետ կապեմ այդ ամենը: Ես էլ շատ դժգոհ եմ գործի ընթացքից, տեմպերից, ոչ մի տեղեկություն չկա ընթացքի մասին, չենք հասկանում` ինչ է կատարվում կամ, առհասարակ, ինչ-որ բան կատարվո՞ւմ է, թե՞ ոչ: Գործն ԱԱԾ-ից Հակակոռուպցիոն ուղարկվեց, հետո` Քննչական կոմիտե․ սա է ողջ ընթացքը: Բազմահատոր քրեական գործ է այն, եթե նոր քննչական խումբ է, ապա ահռելի ժամկետ է հարկավոր՝ նյութերը մարսելու համար: 25 տարի անց Հոկտեմբերի 27 բացահայտելը քրեադատավարության իմաստով անիրատեսական է, ես չեմ համարում ռեալ, որ այդ գործը կբացահայտվի: Անցել է ուղիղ 25 տարի, վկաները մահացել են, ոճրագործություն իրականացնողների մեծ մասն էլ մահացել է, որոշ կարեւոր վկաներ Հայաստանից հեռացել են, այնպես որ, եթե անկեղծ լինեմ, ապա կասեմ, որ հույս չունեմ, թե երբեւիցե քրեաիրավական իմաստով բացահայտվելու է այս գործը, եւ մենք կունենանք մի դատավճիռ, որը ճշմարտության մասին կլինի: Ի սկզբանե ես համարել եմ, որ այս գործն այն գործը չէ, որ կարող է լուծվել զուտ քրեական իրավունքի եւ դատավարության շրջանակներում, սա ավելի մեծ խնդիրներ շոշափող գործ է, եւ դրա պատճառներն ու աղբյուրները, կազմակերպիչները գտնվում են այլ հարթության մեջ: Անմեղության կանխավարկածի շրջանակներում մենք չենք կարող պնդել, թե ով է պատվիրատուն, կամ, առհասարակ` եղե՞լ է պատվիրատու, բայց այն, որ մենք՝ բոլորս գիտենք, որ եղել է նման բան, անկախ այն բանից, թե ինչ դատավճիռ հրապարակվի, փաստ է:
- Սպարապետի եղբայրը` Արամ Սարգսյանն ասում է, որ իր համար այս գործը բացահայտված է: Ի՞նչ է ակնարկում նա, Ձեզ համար է՞լ է այս գործը բացահայտված:
- Բացահայտում ասվածը նայած ով ինչպես է ընկալում, եթե քրեական դատավարության իմաստով ենք հասկանում` չէ, բացահայտված չէ: Չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որի հիման վրա մենք կարող ենք ասել՝ ով է այդ ամենի հեղինակը, բայց եթե գլոբալ առումով ենք նայում, թե ինչ է տեղի ունեցել աշխարհաքաղաքական ուժերի եւ ներսի որ ուժերի շահերից է բխել այն... թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո, կարող ենք եզրակացնել, թե ում էր այս ամենը ձեռնտու, ինչ եղավ դեպքից հետո.... Հոկտեմբերի 27-ը բացահայտված է պատմական իմաստով, քրեական իմաստով բացահայտված չէ: Ռուսական կայսր Պավելին սպանեցին` դատ չի եղել, դատաստան չի եղել, իրավական ուժի մեջ մտած ոչ մի դատավճիռ չկա, բայց մենք գիտենք, չէ՞, թե ինչ է տեղի ունեցել, ով է սպանել նրան: Եթե չկա դատավճիռ, դեռ չի նշանակում, որ Պավելին չեն սպանել....
- Այս իշխանությունները ոճրագործության սլաքներն ուղղում են դեպի նախկինները, հատկապես` Ռոբերտ Քոչարյանի կողմը: Նիկոլ Փաշինյանն էլ իր թերթի էջերում բազմիցս գրել է այդ մասին: Եթե ամեն ինչ այդքան պարզ է, եթե իսկապես մեղավորները նրանք են, ինչո՞ւ չեն կարողանում որեւէ ապացույց գտնել:
- Բայց արդյո՞ք իրենք համոզված են, որ Քոչարյանն է դրա հետեւում: Ես կդժվարանամ այս հարցին պատասխանել, քանի որ ինքս չեմ համարում, որ այս իշխանությունները նման համոզմունք ունեն, եթե անգամ Քոչարյանն էլ կա այդ գործում, ապա նա վերջը չէ եւ ամենագլխավորը չէ: 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը Հոկտեմբերի 27-ին նվիրված մի ելույթ ունի, որտեղ նա հայտարարում է, որ եթե անգամ Քոչարյանին ու Սարգսյանին չեն կարող մեղադրել «հոկտեմբերի 27» կազմակերպելու մեջ, ապա հոկտեմբերի 27-ի գործը պարտակելու մեջ կարող ենք 100 տոկոսով մեղադրել: Ես լիարժեք համաձայն եմ այս մտքի հետ, ողջ պետական ապարատը` իր բոլոր կառույցներով, ամեն ինչ այնպես արեց, որ հոկտեմբերի 27-ի գործն այդպես էլ երբեք չբացահայտվի: Խեղաթյուրել են ամեն ինչ, արել են ամեն հնարավոր բան, որ ոչինչ չբացահայտվի: Նոր իշխանությունները, նոր քննիչները, որ անգամ ծնված էլ չեն եղել 1999-ի հոկտեմբերի 27-ին, չեն կարող այդ գործը խորությամբ ընկալել ու բացահայտել: Ես չեմ հավատում դրան:
- Քննչականն իմիտացիա է ստեղծում, թե մեծ աշխատանք են կատարել, հարցաքննություններ, առերեսումներ: Ինչի՞ մասին է խոսքը:
- Ես մամուլից եմ այդ մասին տեղեկացել: Սերժ Սարգսյանի, Շիրխանյանի եւ այլոց մասին: Ես՝ ինքս, դատախազ եմ եղել, քննիչ ու կասեմ, որ այն, ինչ տարածվել է մամուլում, այդ ամենից ոչինչ կախված չէ: Այնպես չէ, որ նույն Սերժ Սարգսյանի վրա մի մեծ ապացույց են գտել, չէ.... օրինակ, ԱԱԾ աշխատակիցներից մեկի մոտ Նաիրի Հունանյանն ասել է իր պլանների մասին, կա՞ տեղեկություն, այդ աշխատակիցը զեկուցե՞լ է, որ Նաիրին նման պլաններ է կազմել: ԱԱԾ-ն այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր ղեկավարում: Պատժվե՞լ է այն ԱԱԾ աշխատակիցը, որը, իմանալով, թե ինչ է լինելու, չի զեկուցել: Ես գիտեմ, որ այդ մարդը ոչ միայն չի պատժվել, այլեւ պաշտոն է ստացել: Այնպես որ, ոչ մի հարցի պատասխան չկա, կան բազմաթիվ թելեր, որոնք գնում, գնում, գնում են ու վերջում կտրվում են: Ոչ մի հետեւություն, ոչ մի եզրահանգում: Այնպես որ, ես չեմ հավատում, որ այս գործը բացահայտվելու է, պատմական իմաստով այն բացահայտված գործ է: Ո՞ւմ համար է գաղտնիք, ո՞ւմ համար են մութ հարցեր մնացել: 1999-ից հետո Հայաստանը, որպես պետություն, վաճառվել է, ոչ թե Ղարաբաղը, այլ` Հայաստանը: Պայմանագրեր կան, ամիս-ամսաթվերով, կնիքներով, ստորագրություններ. «Գույք՝ պարտքի դիմաց», Իրանի գազի խողովակ, «ՀայՌուսգազարդ» եւ այլն: Մենք տեսնում ենք, որ հոկտեմբերի 27-ից հետո ՀՀ-ի ողջ կապիտալը դուրս է բերվել երկրից, եւ այստեղ մնացել է միայն ռուսական կապիտալը: Թե հիմա կոնկրետ ով է տվել պատվերը` Պուտինը, թե այլ մեկը, երեւի այնքան էլ էական չէ: