Մեր հայտարարությունը վարչապետի կողմից չի կարող անպատասխան մնալ

Մեր հայտարարությունը վարչապետի կողմից չի կարող անպատասխան մնալ

Մոտ մեկ տասնյակ ՀԿ-ներ եւ անհատներ երեկ դիմել են կառավարությանը՝ հորդորելով անսալ միջազգային հանրության կոչին եւ սատարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նիստ հրավիրելու եւ Բելառուսում ստեղծված իրավիճակը քննության առնելու վերաբերյալ պահանջը: Մատնացույց է արվում նաեւ ընթացակարգը՝ 2019-ի հոկտեմբերից մինչեւ 2022 թվականը Հայաստանն ընտրված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Մարդու իրավունքների խորհրդի անդամ, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, ժամանակին արձագանքելով այս կարեւոր իրադարձությանը, հայտարարել էր. «Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահության վկայություն է՝ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Շնորհավորում եմ բոլորիս»: Իրավապաշտպաններն ու ՀԿ-ները նաեւ հիշեցնում են, որ Բելառուսի քաղաքացիների ընդվզումը նման է Հայաստանում 2018թ․ ապրիլ-մայիսյան իրադարձություններին, երբ ժողովուրդը, երկու տասնամյակից ավելի առերեսվելով ահագնացող ու անպատիժ ընտրակեղծարարությանն ու մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներին, ունենալով բազմաթիվ զոհեր, քաղաքական բանտարկյալներ, խոշտանգվածներ եւ բռնադատվածներ, դուրս եկավ փողոց՝ մերժելու բռնատիրական ռեժիմը:   

«Համարում ենք, որ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության միջոցով իշխանության եկած կառավարությունը չի կարող անհաղորդ մնալ Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին: Հայաստանի դերը ստեղծված իրավիճակում վճռորոշ է: Հորդորում ենք Հայաստանի կառավարությանը՝ անսալ միջազգային հանրության կոչին եւ սատարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նիստ հրավիրելու եւ Բելառուսում ստեղծված իրավիճակը քննության առնելու վերաբերյալ պահանջին»,- ասված է հայտարարության տեքստում, որին միացել են Հայաստանում իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող մեծ թվով կազմակերպություններ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Բաց հասարակության հիմնադրամներ, Հայաստան թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամ, «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն, «Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ», Իրավունքի եւ ազատության կենտրոն եւ այլն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանին հարցրինք՝ Հայաստանը ՄԱԿ-ում այս հարցը կբարձրացնի՞, թե՞ ոչ։ Մանե Գեւորգյանն ի պատասխան ասաց, որ հայտարարության տեքստ չի ստացել, ծանոթ չէ։ Նկատեցինք, որ կոչը համացանցում է, հրապարակվել է մեծ թվով լրատվամիջոցներում, ի վերջո, փորձեցինք վերաշարադրել կոչի բովանդակությունը։ Մանե Գեւորգյանը պնդեց, որ չի կարող պատասխանել, գնում է հանդիպման։ Որեւէ այլ մեկնաբանություն վարչապետի խոսնակից ստանալ չհաջողվեց։ 

Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն էլ այդ պահի դրությամբ որեւէ մեկնաբանություն չուներ այն կապակցությամբ, որ վարչապետի աշխատակազմը մինչ այս պահը որեւէ կերպ չի արձագանքել։ Պարոն Սաքունցն ինքն էլ ինչ-որ քննարկումների մեջ էր եւ զերծ մնաց կարծիք հայտնելուց։ Փոխարենը նրա գործընկեր՝ Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Նինա Կարապետյանցն ասում է, որ իրենց առաջարկը չի կարող անպատասխան մնալ՝ պայմանավորված թե՛ ստորագրողների կազմով, թե՛ հայտարարության բովանդակությամբ, թե՛ հրատապությամբ, թե՛ Հայաստանի կարգավիճակով։ Այն է՝ «որպես ժողովրդավարական, հեղափոխությունում հաղթած ու լեգիտիմ իշխանություն ունեցող պետություն»։ 
Կարապետյանցը ցավում է, որ նման վերաբերմունք ունեն։ Եթե արձագանք չլինի, սա, ըստ տիկնոջ, կնշանակի ուղիղ իրենց հստակ վերաբերմունքը որոշակի երկրների նկատմամբ, այդ թվում նաեւ՝ գործընկեր պետություններում ընթացող գործընթացների։

Նինա Կարապետյանցին հարցրինք, թե ինչու են կարծում, որ Լուկաշենկոյին շնորհավորած Նիկոլ Փաշինյանը կարող է Բելառուսի հարցը ՄԱԿ-ում քննարկելու որոշում կայացնել։ 
Ի պատասխան՝ նա ասաց․ «Անկեղծ ասած՝ ինձ համար բացարձակապես հասկանալի չէր եւ ընդունելի չէր շնորհավորանքը։ Իսկ թե ինչու պետք է բարձրացվի էդ խնդիրը, ապա կարծում եմ՝ նրա համար, որ կա հանրային պահանջ։ Վստահաբար՝ Փաշինյանը, իր աշխատակազմը եւ իշխանության մնացած բոլոր թեւերը տեսան, թե ինչ արձագանք ունեցավ այդ շնորհավորանքը։ Բացի իր կուսակիցներից ու թիմակիցներից, որեւէ մեկը, անգամ իրար մեջ տարաձայնություն ունենալով, այդ հարցում միատեսակ դիրքորոշում ուներ։ Բացառել էր պետք շնորհավորանքը։ Այն էլ՝ ժամանակից շուտ, երբ դեռ վերջնական արդյունքներն էլ չէին ամփոփվել։ Կար տարբերակ՝ մի փոքր այն երկարաձգելու եւ չդասվելու «դիկտատոր» կատեգորիայի մեջ»։ 
Կարապետյանցն ամփոփեց․  ցանկի հրապարակումից հետո առավել ակնհայտ դարձավ, որ դիկտատորների հետ մի նշաձողի վրա ենք հայտնվել։

Առավել եւս, ուրեմն, էլ ի՞նչ սպասելիքներ։ Իրավապաշտպանը պատասխանում է՝ ինչո՞ւ պիտի արձագանքեն, որովհետեւ սա հանրային պահանջ է։ Նա նաեւ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն իր շնորհավորանքի հետ կապված՝ նման արձագանք չէր սպասում։ Ավելին՝ վստահ է, որ այն Փաշինյանի վարկանիշի տեսանկյունից խնդիր առաջացրեց շատ-շատերի, այդ թվում՝ համախոհների ու իրեն նվիրված մարդկանց մոտ։ Հետեւաբար, մեր զրուցակիցը կարծում է, որ վարչապետ Փաշինյանը ներքին ռեյտինգը կարգավորելու համար գուցեեւ անհրաժեշտ համարի արձագանքել։